Ապրել «Ոսկե ծիրանից» «Ոսկե ծիրան»

Ապրել «Ոսկե ծիրանից» «Ոսկե ծիրան»
Յոթ օր շարունակ հայ կինոսերները «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հնարավորություն ունեցան դիտելու մոտ 150 ֆիլմ՝ 44 երկրից: Փառատոնի 4 մրցութային ծրագրերում (խաղարկային, վավերագրական, «Կորիզ» եւ «Հայկական համայնապատկեր») ընդհանուր առմամբ ներկայացված էր 65 ֆիլմ: Կինոփառատոնի պատվավոր հյուրերի ցանկը նույնպես տպավորիչ էր՝ Վիկտոր Էրիսե, Ալեքսանդր Սոկուրով, Էլդար Շենգելայա, Ագնեշկա Հոլանդ, Վադիմ Աբդրաշիտով, ովքեր հանդես եկան նաեւ վարպետության դասերով: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի 7 օրով քաղաքի ռիթմն ու շնչառությունը փոխվեց, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքն ամբողջությամբ «կինոյական» էր ստացվել՝ կինոաֆիշներ, համաշխարհային մեծության դեմքեր, Աբովյան փողոցով անվերջ վերուվար անող զբոսաշրջիկներ, ջազային երեկոներ եւ այդ անցուդարձին կարոտ հայ հանդիսատես, որ փորձում էր առավելագույնս մասնակից դառնալ այդ կինոտոնին, ինչը մեր առօրյայի մասն է դառնում միայն տարին մեկ անգամ՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Այլ կերպ ասած, «Ոսկե ծիրանը» դարձել է մի տոն, որն արդեն 9 տարի մեզ հետ է:



Անորոշության եւ գեղեցիկ կադրերի արանքում



Եթե փորձենք ընդհանրացնել այս տարվա «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագիրը, ապա գոնե ֆիլմերից մի քանիսի դեպքում ընդհանուր առմամբ մի տենդենց էր նկատվում՝ անորոշություն, ավելին, ռեժիսորներից շատերը կարծես հենց անորոշությունն էլ դարձրել էին թեմա («Ամառ»՝ ժյուրիի հատուկ մրցանակ, «Հեռվից սիրուն է երեւում»՝ «Արծաթե ծիրան»), դրան գումարած նաեւ ձգձգված սյուժե, որն այդ անորոշության մեջ դժվարությամբ էր որսվում, երբեմն էլ թվում էր, թե ռեժիսորը տեսախցիկը միացրել ու մոռացել է անջատել: Իսկ այդ ողջ ընթացքում էկրանին տեսնում էիր ուղղակի բնության տեսարաններով հարուստ գեղեցիկ կադրեր, հերոսներ, որոնք հայտնվում եւ անհետանում էին ֆիլմի տարբեր դրվագներում, որոնց ներկայությունը ոչ մի ձեւով ռեժիսորի կողմից չէր կարեւորվում, կարծես բացակայում էր հենց ինքը՝ պատմությունը:



«Հրանտ Մաթեւոսյան» մրցանակի արժանացավ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է հենց ռեժիսորի հայրը՝ Սերժ Ավետիքյանը: Բայց երիտասարդ ռեժիսորին ֆիլմի ընթացքում այդպես էլ չի հաջողվում բացել թեման՝ «վատ հոր» գաղտնիքը, տալ հոր եւ որդու փոխհարաբերությունների բանալին: Թերեւս ֆիլմի գլխավոր արժանիքը հենց Սերժ Ավետիքյանի խաղն է, իսկ ավելի կոնկրետ՝ նրա գործոնը, ինչը երիտասարդ ռեժիսորը հասկացել է ու ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի՝ Երեւանում մշտապես բնակվելու հրավերին հումորով պատասխանել. «Ինձ թվում է՝ Դուք ավելի շատ իմ հայրիկին եք ուզում Ձեր տանը տեսնել»:



Ամոթի դաջվածքներ եւ հատուկ չվերթներ



«Հայկական համայնապատկերն» այս տարի ընդլայնել էր իր սահմանները եւ իր խաղարկային ու վավերագրական մրցութային ծրագրերում ներկայացրել 26 ֆիլմ, որոնցից մեկն էլ մեծ աղմուկ հանած շվեդաբնակ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները» ֆիլմն էր, որը ստացավ Հայաստանի կինոակադեմիայի հատուկ մրցանակը: Ֆիլմը նաեւ ցուցադրվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով, ռեժիսորն անգամ սպառնալից նամակներ է ստացել, որովհետեւ Խարտալյանը, ի դեմս իր Խանում տատի, պատմում է 1915-ի ցեղասպանության ժամանակ հազարավոր փրկված հայ կանանց ճակատագրերի մասին, որոնց բռնաբարել են եւ տեղացի կանանցից տարբերելու համար ձեռքներին ու դեմքերին դաջվածքներ արել:



Բայց այդ կանայք ունեն ոչ միայն դաջված ձեռքեր, այլեւ դաջված ճակատագրեր, նրանք ամբողջ կյանքում ստիպված են եղել այդ խարանն իրենց դեմքին կրել: Խանում տատն էլ այդ կանանցից մեկն է եղել եւ երբեք չի խոսել իր դաջվածքների մասին, որովհետեւ դրանք նաեւ ամոթի դաջվածքներ են եղել, ինչը նա թաքցրել է իր ընտանիքից՝ այդ ամոթի զգացումը նրանց չփոխանցելու համար: «Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում, խուսափում էր ֆիզիկական շփումից եւ ձեռնոց էր դնում՝ թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները, թաքցնելով իր գաղտնիքը»,- իր տատի մասին այսպես է հիշում Խարտալյանը, ով, բացահայտելով տատիկի դաջվածքների գաղտնիքը, լցվում է անդառնալիության կորստով, անհուն ցավով:



Սա այն ֆիլմերից է, որը բռնում է հանդիսատեսի կոկորդից ու ստիպում արտասվել ֆիլմի ողջ ընթացքում, բայց ոչ չոր վավերագրական փաստերից, այլ մարդկային կյանքի, հարազատիդ օգնել չկարողանալու անզորությունից, որով ստիպված ես ապրել ամբողջ կյանքում: Հետաքրքիր սյուժեով ու հանդիսատեսին մինչեւ վերջ «պահող» ռեժիսորական վարպետությամբ աչքի ընկավ նաեւ շվեյցարացի ռեժիսոր Ֆերնան Մելգարի «Հատուկ չվերթ» ֆիլմը, որն անդրադառնում է աշխարհում մեկ այլ կարեւոր խնդրի՝ ապօրինի ներգաղթյալների թեմային: Ֆիլմում ռեժիսորը ցույց է տալիս Ժնեւի մոտակայքում գտնող բանտերից մեկում 25 ապօրինի սեւամորթ ներգաղթյալների կյանքը, ովքեր սպասում են իրենց վտարման ժամին:



Նրանք, ովքեր մինչեւ վերջ հրաժարվում են սովորական չվերթով հայրենիք վերադառնալ, նրանց համար արագ եւ անսպասելի կազմակերպվում է հատուկ չվերթ: Ֆիլմն այնքան վարպետորեն է նկարված, այնքան կենդանի դիալոգներով ու անցումներով է կառուցված, որ մի պահ մոռանում ես, որ այն ոչ թե խաղարկային է, այլ՝ վավերագրական: Թերեւս ֆիլմի ստացված լինելու գաղտնիքներից մեկն էլ այն է, որ Մելգարի ծնողները նույնպես ներգաղթյալներ են եղել, եւ թեմային ու այդ կյանքին ռեժիսորն ավելի քան մոտիկից է ծանոթ: Ֆիլմն իր բարձրացրած թեմայով ինձ համար ավելի քան հայկական է, որովհետեւ այդ սեւամորթների մեջ դու տեսնում ես նաեւ քո հայրենակիցներին, նրանց չդասավորված ճակատագրերը՝ «շվեյցարանման» ճամբարներում, նրանց սպասումի չվերթները երկրից երկիր՝ լավ կյանքի հետքերով:



«Ոսկե ծիրանի» բացթողումները



Այս տարի կինոփառատոնն ունեցավ նաեւ մի քանի տեխնիկական խնդիրներ, որոնք ինչ-որ չափով խանգարեցին հանդիսատեսին: Դրանցից մեկը մի քանի ֆիլմերում հայերեն տիտրերի բացակայությունն է, երբեմն ոչ համահունչ, սխալ թարգմանությունները եւ, իհարկե, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» ֆիլմի ընդհատված ցուցադրությունը, երբ բացակայում էին ֆիլմի վերջին 15 րոպեները: Պարզվեց՝ Սոկուրովի ֆիլմի Սանկտ Պետերբուրգի դիստրիբյուտորներն ամբողջական տարբերակը չէին ուղարկել, իսկ փառատոնն էլ, սեղմ ժամկետների պատճառով, չէր հասցրել ստուգել բոլոր ֆիլմերի պատճենները: Ինչի համար կազմակերպիչները թե ցուցադրության ժամանակ եւ թե հետո ներողություն խնդրեցին հանդիսատեսից ու Սոկուրովից՝ խոստանալով մինչեւ կինոփառատոնի ավարտը հասցնել ֆիլմի ամբողջական տարբերակը:



Հանդիսատեսի հիասթափությունը կարելի էր հասկանալ, որովհետեւ Սոկուրովի այս ֆիլմը 2011-ի «Վենետիկի» ՄԿՓ-ի ժամանակ արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին, որը ստանալուց անմիջապես հետո Սոկուրովը զանգահարել էր դեռ այն ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչպես ինքն էր նշել՝ «որպեսզի հիշեցնեմ նրան, որ քաղաքականությունը, պետությունը պետք է աջակցեն կինոյին»: Բայց դա չէր խանգարել Ռուսաստանի վարչապետին, որպեսզի հովանավորեր ֆիլմը: Արդեն Երեւանում «Ոսկե ծիրան» օրաթերթին տված հարցազրույցում Սոկուրովը նշում է, որ պետք է պայքարել շատ իշխանավորների դեմ, որոնք դեռ չեն զբաղվում կինոյի զարգացման հարցով, ապա կարծիք հայտնել, որ, ըստ երեւույթին, նույն իրավիճակը նաեւ Հայաստանում է, եւ «հարկավոր է, որ կինեմատոգրաֆիստները միավորվեն մեկ գաղափարի շուրջ, որպեսզի կարողանան փոխել իրավիճակը»: Չգիտեմ Ռուսաստանում ինչպես, բայց գոնե Հայաստանում կինեմատոգրաֆիստները մեկ ընդհանուր գաղափարը կարեւորելուց առաջ պետք է նախեւառաջ դադարեն իրենց անձը կարեւորել, որից հետո գուցե նոր հորիզոններ կբացվեն հայկական կինոյի առաջ: