Ներիր, Տեր

Ներիր, Տեր
Ասում են՝ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը, եւ վեճը սովորաբար առողջարար դեր է խաղում հասարակության մեջ: Բայց ի՞նչ ճշմարտություն կարող է ծնվել այն վեճից, որը վերջին շրջանում թեժացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի միջեւ, ով հանրությանը հայտնի է «Բուռնաշ» մականունով: Աղաբաբյանի հակակրանքի պատճառներն անշուշտ զուտ սուբյեկտիվ են, բայց որակումները, որ նա տալիս է իր կուսակցին, ուղղակի «հիացնում» են իրենց համարձակությամբ: Ասում է. «Ղուկասյանը սկի իրան պետք չի, ո՞նց կարա Հանրապետականին պետք լինի»:



Նրա՝ ՀՀԿ-ից դուրս գալը Աղաբաբյանը համարել է «օգուտ» եւ այլն: Եվ սա առաջին հարցազրույցը չէ. «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը կարծես տարիներով կուտակված մուռ ուներ Վարդանիկի հանդեպ եւ առիթը բաց չթողեց՝ տեսնելով, որ վերջինս այլեւս «ձիու» վրա չէ: Մի քանի հարցազրույց «կուլ տված» Վարդանիկն այս անգամ չդիմացավ եւ երեկ հրետակոծություն հիշեցնող մի պատասխան կրակահերթ արձակեց: Էլ «Վասակ», էլ «բուֆետչիկ», էլ «պատմություն ու ծագումնաբանություն չունեցող անձնավորություն», որը, «բացի աշխարհիկ  հաճույքներից, ոչ մի այլ  նորմալ  բանի հակում չունի, այդ  հաճույքների համար անգամ  հայրենիքը կարող է ծախել»:



«Քեզ նմաններն են, որ  խայտառակել ու  խայտառակում են  կուսակցությունը, Ազգային ժողովը  եւ  հայ  մարդու կերպարը»,- հայտարարել է Ղուկասյանը՝ Աստծուց ներում խնդրելով, որ «բուռնաշատիպ պատգամավոր է տվել, այլ ոչ թե մի կարգին մարդ»: Իրականում այդ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս պետք է ներում խնդրենք Աստծուց, որ սրանց նմաններին հանդուրժել ենք, դարձրել պատգամավոր ու քաղաքապետ: Թույլ ենք տվել, որ իշխանություն տնօրինեն, ժողովրդին հարստահարեն եւ այսպիսի ցինիզմ դրսեւորեն: