Խորհրդարանական Հայաստան

Խորհրդարանական Հայաստան
2013-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում, ըստ ամենայնի, ձեռնամուխ կլինեն սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի անցկացման` նախագահական կառավարումը խորհրդարանականով փոխարինելու համար: Ընդ որում, սա եզակի դեպքերից է, որ երկրորդ եւ երրորդ նախագահների մոտեցումները համընկնում են: Մոտիվացիաներն են տարբեր: Երկրորդ նախագահը, ըստ իրեն մոտ կանգնած աղբյուրների, 13-ին չի առաջադրվելու, բայց անելու է ամեն ինչ, որպեսզի իր կողմից համակարգվող ուժերն այնքան ձայն բերեն, որ կարողանան լուծել վարչապետի հարցը, ինչը խորհրդարանական ընտրություններին չհաջողվեց: Սահմանադրական փոփոխությունները «նորընտիր» վարչապետին հնարավորություն կտան սահուն ձեւով, գրեթե մեխանիկորեն լուծել 2018-ին երկրի ղեկին լինելու, խորհրդարանական երկրում վարչապետ «նշանակվելու» հարցը:



Այս  է պատճառը, որ Քոչարյանը քաղաքական կենաց-մահու, սակայն խիստ քողարկված պայքարի մեջ է 13-ի համար, իսկ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է ոչ թե ԲՀԿ-ն, այլ` ՀՅԴ-ն: Ընդ որում, այս պրոյեկտում «փայ» ունի նաեւ Ռուսաստանը. վերջինս նույնպես ցանկանում է, որ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման, ինքը Հայաստանում վարչապետի հարցը լուծի առանց Արեւմուտքի հետ «խորհրդակցելու»: Սերժ Սարգսյանն էլ իր հաշվարկներն ունի: Նա խաղի բաղկացուցիչ է փորձում դարձնել ԲՀԿ-ին: Կոալիցիա մտնելու բանակցությունների օրերին նա Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել է սպասվելիք սահմանադրական փոփոխությունների մասին, ասել, որ Ծառուկյանը կարող է այդ ժամանակ դառնալ փոխվարչապետ: Ասում են, թե Ծառուկյանին ստիպել են մերժել այդ առաջարկը: Չնայած, ըստ լավատեղյակների, հարցը դեռ բաց է: