Տիզբոնն ու Գյումրին՝ քույր քաղաքներ

Տիզբոնն ու Գյումրին՝ քույր քաղաքներ
Եթե մի գեղեցիկ օր Գյումրին հայտարարի Հայաստանից իր անկախացման մասին, կարելի է այլեւս չզարմանալ: Եղած-չեղածը մի քաղաքապետի ընտրություն է, բայց տեսնո՞ւմ եք, թե ինչ ցնցումների մեջ են Հայաստանի կենտրոնական իշխանությունները: Գյումրիի քաղաքապետին նույնիսկ Տիզբոն էին կանչել, որ հախից գան, բայց՝ ապարդյուն: Հարազատ քաղաքի հողի վրա ոտքը դնելուց հետո Ղուկասյանը հրաժարվեց ՀՀԿ-ից էլ, ՀՀԿ-ի սրբերից էլ:



Վարդան Ղուկասյանը հիմա հերոս է:



Կառաջադրվի՞ արդյոք Վարդան Ղուկասյանը: Հարցն այլ կերպ դնենք. երբ հարազատ քաղաքի հողի զգացողությունից առաջացած շոկն անցնի՝ նա կհիշի՞ արդյոք այն խոսակցությունը, որ իր հետ ունեցան Տիզբոնում: Չշտապենք գուշակություններ անել, մանավանդ, որ գործող քաղաքապետի ըմբոստության առաջին դրսեւորումը հանգեցրեց կենտրոնական իշխանությունների պատասխան քայլերի: Ղուկասյան կրտսերին իրավապահ մարմինները, իսկ ավելի ստույգ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, արգելեցին Գյումրիի օդակայանից Մոսկվա թռչել, մի բան, որին տնային կալանք չասելու համար կարելի է որակել որպես հայաստանյան կալանք:



Սա, իհարկե, Ղուկասյաններին ճնշելու զորեղ քայլ էր, բայց «պաշտոնական» Տիզբոնը նման քայլերի մի ամբողջ զինանոց ունի: Հարկային մարմիններն օրինակ, որոնք, ի՞նչ իմանաս, գուցեեւ Գյումրիում սպասվող հնարավոր զարգացումների պատճառով հանկարծակի դադարեցրին «Սիվիլիթասում» սկսած ստուգումները: Վարդան Ղուկասյանի իմպերիան իսկական գյուտ կարող է լինել նրանց համար, մանավանդ, որ այդ գյուտը հնարավոր է 2013-ին ծառայեցնել ՀՀԿ աստվածներին ավելի աստվածացնելու գործին:



Չլինենք դատավոր: Մանավանդ՝ գյումրեցիների դատավոր: Բայց Վարդան Ղուկասյանն իր իմպերիան կառուցել է գյումրեցիների հարազատ քաղաքում եւ ոչ մեկ այլ տեղ: Ո՞վ է թույլ տվել նրան կառուցել այդ իմպերիան, ո՞վ է գլխապատառ ընտրել Վարդան Ղուկասյանին: Ո՞վ է տարել, ներել ու սիրել Վարդան Ղուկասյանին ու նրա ընտանիքի երիտթեւին: Ո՞վ է, վերջապես, կենտրոնական իշխանությունների համար պարարտ հող նախապատրաստել, որ նրանք այսպես առոք-փառոք միջամտեն Գյումրիի ներքին գործերին ու մի բան էլ մտածեն՝ այս ամենը ծառայեցնել իրենց 2013-ի շահերին: Չէ, դուք տեսեք. Վարդան Ղուկասյանը դեռ այսօր էլ այն հաստատ համոզմանն է, որ եթե ինքն առաջադրվի՝ կհաղթի: Սամվել Բալասանյան չէ, ով ուզում է լինի դիմացը: Սա արդեն անեկդոտ ու սրամտություն չէ, սիրելի գյումրեցիներ: Դուք լուրջ ասելիք ու անելիք ունեք… Քաշելիք ունեք դուք:



Սրտաճմլիկ զեղում մի համարեք ասվածը: Ժամանակին էլ Վարդան Ղուկասյանն է եղել Երեւանի մարդը, ինչպես այսօր Սամվել Բալասանյանը կամ մեկ ուրիշը, որ կարող է առաջադրվել վերջինիս փոխարեն: Հետեւաբար, ձեր ընտրությունը կարող է եւ պետք է կանգ առնի բոլորովին այլ թեկնածուի վրա: Գյումրիում ուրիշ արժանավորներ չկա՞ն: Մինչ օրս տնակում ապրող մեկը չկա՞, որ վերցնեք ու քաղաքապետ դարձնեք: Առանց բիզնեսի ու իմպերիայի մեկը, որի համար Գյումրին «մերն» է եւ ոչ թե «իմը»:



Գյումրեցին այսօր պետք է ձեռքն առնի տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքն ու փորձի հասկանալ, թե ինչու է այդքան տգեղ, երբ Երեւանից են իրենց գլխին պահակ կանգնեցնում, թե ինչու է Երեւանը միայն ընտրությունից ընտրություն հայտնվում Գյումրիում ու մեծամեծ խոստումներ տալիս, ինչպես Օստապ Իբրահիմովիչ Բենդերը՝ թրիքի մեջ կորած վասյուկինցիներին: Գյումրեցիները պետք է, ի վերջո, սովորեն ինքնակառավարվել, որ հետո ամեն անգամ Բենդերի հետեւից չվազեն՝ բռնե՛ք գրոսմայստերին… Սովորելով ինքնակառավարվել՝ նրանք կհասնեն այն բանին, որ նաեւ պետության գործերը Գյումրիում լավանան, որ այդ նույն պետության մարդիկ իրենց հարազատ քաղաքում աշխատանք ունենան, լավ ապրեն, չոլերը չընկնեն, որ հուսալի տանիք ունենան իրենց գլխին:



Չգիտեմ ինչ ստացվեց ասվածից: Հավանաբար, ոմանք ծիծաղեցին, ոմանք էլ դառը ժպտացին, բայց ուրիշ ելք չկա: Վատագույնների մեջ վատին ընտրելով՝ տեղ չենք հասնի: Այս ֆրազը նաեւ «պաշտոնական» Երեւանին է վերաբերում: Այլապես այս տիզբոնական կեցվածքով կարող է մի օր ստիպել, որ Գյումրիից մինչեւ Քաջարան մարդիկ անկախություն հայտարարեն:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ