Էս մարդու ճակատի գիրն էդպես էլ հանելուկ մնաց

Էս մարդու ճակատի գիրն էդպես էլ հանելուկ մնաց
Մեր նախապաշարված նախնիները ժամանակին կարծում էին, թե մարդու ճակատագիրը Տիրոջ կողմից է գրված, իսկ բախտի անիվը պտտեցնողը քեզ չի էլ հարցնում, թե ուր եւ ինչու ես գնում: Որտեղի՞ց գիտենային մեր միամիտ պապերը, որ ճակատի գիրը փոխելը 21-րդ դարում մի գավաթ «Ալեքսանդրապոլ» խմելու պես բան է: Գիշերը քնում ես օրենքների երկրին փաթաթված, առավոտ արթնանում ես անկախ ու ազատ մեծամասնականի կարգավիճակով, ցերեկը խիստ ցանկություն է առաջանում բարգավաճվելու, իսկ գիշերը, ո՜հ, նախախնամություն, հայտնվում ես միակ նժդեհական (խեղճ Նժդհը գերեզմանում շուռ եկավ) Գալուստ Գրիգորիչի գրկում: Դե գնա՛, ֆալաք, Սամվելի ոտքերը պաչ արա, ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն, որ նրա ճակատին գիր գրես: Ինքը կուզի՝ Արթուր Վահանիչի անունը կգրի, կուզի՝ Գագիկ Նիկոլայիչի, էն մյուսների համար էլ արդեն տեղ է բացել ու ճակատը գրատախտակ դարձրել, ինքը հաշվապահ էղած վախտերիցը դեմոկրատ էր ու բիթի տղա էր:



Քամին փչեց օրենքներից` ինքը երկրի անկաշառ զինվոր է, քամին փչեց հարավից` բնական է, տաքուկ բարգավաճման հոտ է գալիս, չտա Աստված՝ քամին փչի նախագահականից` ինքը կթռնի սիրելի Ջավախք ու աշխատատեղեր կբացի հայության համար ու մի բան էլ կպատրաստվի խեղճ Գյումրիին տիրանալու: Մարդը Ջավախքումը «Թմկաբերդ» գարեջուր է արտադրելու, որով կարբեցնեն Սահակաշվիլու կողմնակիցներին, եւ Ջավախքն այլեւս մերն է. հերն էլ անիծած, որ հարկային մարմիններից մի լավ թաքցրած կապիտալը զարտուղի ճանապարհով երկրից դուրս է գալիս:



Սամվել Միսակիչի հաշիվները տուտուց վրացիների հետ հնուց են գալիս, էն վախտերիցը, է՛, որ դրանց TV-ներից մեկի անաբուռ թղթակցուհին համառորեն խնդրում էր իր հարցին պատասխանել ռուսերեն կամ անգլերեն (էս շան աղջիկը Սամվելին Միխեիլի տեղն էր դրել): Միսակիչն էլ սաստիկ զայրացավ ու ասաց. ծպՑ, էլի, վպՑ! Հիմի էլ էկել ա  մուռը հանելու վախտը. դե տեսեք, թե վունց եմ ձեր հախիցը գալի, տո տուտուց շուն-շանորդիներ: Հեսա գնամ պիվես բերեմ, ձեր քոքը կտրեմ մեր Ջավախքիցը: Էս Սամվել Միսակիչն ա, որ ասեց՝ կանի, հա՜: Ասեց օրինաց եմ` արեց, ասեց բարգավաճ եմ`  ընդունեցին, վաղը-մեկել օրն էլ կասի ՀԱԿ եմ, բա՜ս, հիմի էլ նժդեհական եմ, ու չնայեք, թե երիտնժդեհական վարչապետի ծրագրին դեմ եմ քվեարկել, կարեւորը ճակատիս գիրն ա, հա, էլի:



Սկզբունքը, որ նամուսի հետ բաժանում էին, Միսակիչը Գյումրու կարամելի գործարանումը դեբետն ու կրեդիտն էր հաշվում, ուշադիր չեղավ, ու իրեն բաժին չհասավ: Է՜, ավելի լավ, սկզբունք ունենաս, էս երկրում սոված կմնաս, գարեջրի գործարանի տեր չես դառնա, Ռոստովի Բենոյի ախպորը  չես քցի, բոշից փաշա չես դառնա ու էդպես շարունակ: Սկզբունք-մսկզբունք չեմ գիդում, տեղս տաք ա, ինչ ուզեմ եւ երբ ուզեմ՝ կառնեմ ու վերջ:



Ախր, էս աշխարհն էլ կլոր ա, չէ՜, մեկ էլ հանկարծ ոչ որդիանց որդի էլի չհայտնվի մի իրաքցի հայ տերտեր ու ինձ վատ վիճակի մեջ ձգի: Էս տերտերը, լավ է, արդեն հոգին Աստծուն է ավանդել, էկել էր ԱԺ ու խմբակցությունների ղեկավարներին խնդրում էր անիծյալ Իրաք կոչված երկիր զորք չուղարկեն կամ եթե նույնիսկ ուղարկում են, ապա գոնե անզեն զինվորներ ու տեխնիկական անձնակազմ ուղարկեն: Թե ձի՞ն ինչի քացով Միսակիչին խփեց, սա հարց տվեց. «Տեր հայր, իսկ Իրաքում հայկական եկեղեցիներ կա՞ն»: Մարդ էր, օրինաց խմբակցության ղեկավար էր, բա հարց-մարց չտա՞ր: Խեղճ տերհոր լեզուն պապանձվեց. «Բաբամ, աս ի՞նչ կըսե»։ «Հեչ, տեր հայր, կհարցնե՝ Իրաք քանի՞ հայկական եկեղեցի ու վանք կա»,- դրությունը փրկում է քահանային ուղեկցող անձնավորությունը: «Է՜, մանչս, հոն 2 տասնյակեն ավելի առաքելական ու հայ կաթողիկե եկեղեցիներ կան, թե չես գիտեր, թեմ էլ կա՝ յուր թեմական առաջնորդով»:Ի՜նչ իմանար տեր հայրը, որ Միսակիչը հայ եկեղեցու «մեծ բարերար» է ու բազում հայորդիների մկրտության կնքահայր է եղել` պղնձե խաչեր է բաժանել:



Չար լեզուներն ասում են, որ Միսակիչը խաչերի նոր խմբաքանակ է պատվիրել: Թե ինչու՝ պարզ դարձավ վերջերս, երբ նրա ալենդելոնյան լուսապատկերը հայտնվեց  հայրաքաղաք Գյումրու քաղաքապետացուի կարգավիճակում: Մարդն «անկախ» եղել է, խմբակցության ղեկավար եղել է, ԱԺ փոխնախագահ եղել է, նախագահ չի դառնա, վարչապետ չի ուզում, մնաց ի՞նչ, մի հատ քաղաքապետի պաշտոն, ի՞նչ է՝ վաստակաշատ մարդուն չե՞ք կամենում կամ չե՞ք ուզում հավերժ բարգավաճել: Նորից ճակատի գիրը բարեհաճ եղավ Միսակիչի հանդեպ, որովհետեւ ֆալաքը սիրում է հավատափոխներին: ՀՀՇ-ի հավատափոխ Գեւորիկի եւ ԲՀԿ-ի Սամվելի միջեւ բազում նմանություններից զատ մի կարեւոր տարբերություն կա: Գեւորիկն անբարոյական է դարձել եւ ուրացել ՀՀՇ-ին՝ քյասիբության պատճառով, իսկ Սամվելի ուրացությունը ձրի ձեռքբերված ճարպից հղփանալուց է: Իսկ Գյումրուն Սամվելի տեսքով Մկան դեղ տալով՝ դարդին դարման չի արվի: Թուրքն անիծված է, բայց խոսքը՝ օրհնված. «Յա Հասան քաչալ, յա քաչալ Հասան»:



Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ



պատմաբան-ազգագրագետ