Գողականների երկիր

Գողականների երկիր
Գողական «սխոդկաներն» այնքան սովորական են դարձել, որ մենք հաճախ անգամ չենք նկատում դրանք: Ոչ միայն երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԺ պատգամավորն ու քաղաքապետը կարող են միմյանց հետ խոսել գողականով, այլեւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող երկու կառույց՝ ՀՀ դատախազությունն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: ՄԻՊ-ը զբաղված է «սոփեստությամբ ու էժանագին շահարկումներով»,- գրել է դատախազությունը: ՄԻՊ-ն էլ «տակ չի մնացել»՝ դատախազության պատասխանը որակելով «հոխորտանքներ, մանկական խայթոցներ եւ պարզամիտ հեգնանք»:



Բայց սա դեռ ի՞նչ է. գողական մեթոդներն են գործում ամենուր: 2 օր առաջ տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, թե գտել է Արթուր Հարությունյան (Պալաչ)-Ծառուկյան հիմնադրամ կոնֆլիկտի հանգուցալուծման ձեւը՝ այնպես, որ «բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»: Մենք տարակուսանք էինք հայտնել, քանի որ Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղով աշխատող վճարովի եւ անվճար տրանսպորտն իրար հետ հաշտեցնելու ձեւը չէր երեւում: Երեկ հասկացանք, թե ինչ նկատի ունեն. Հարությունյանը հայտարարություն է տարածել, որտեղ ներողություն է խնդրել Ծառուկյանից եւ գողական բոլոր կանոններով գրել. «Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության եւ մեր ժողովրդի համար: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված: Իմ բոլոր խնդիրները կներկայացնեմ անձամբ Ծառուկյանին եւ կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:



Եթե մտաբերենք, որ հարցը կարգավորողն էլ Գագիկ Բեգլարյանն է, ամեն ինչ տեղը կընկնի: