Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել
Թեեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու այրերը դեռեւս հստակ պատասխան չեն տալիս, թե սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ը սկզբունքորեն բոլոր համայնքներում կառաջադրի թեկնածուներ, թե ոչ, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Կոնգրեսում, այնուամենայնիվ, բավականին թեժ քննարկում է ընթացել այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես, իրավիճակն առավել ռեալ գնահատողները եզրակացրել են, որ դրանք աննպատակ ինքնառաջադրումներ են լինելու, որոնց արդյունքները, այն է՝ ընտրություններին վաստակած ցածր ձայները, ավելի են հարվածելու ՀԱԿ վարքագծին: Այս խումբն իր մոտեցումը հիմնավորել է հետեւյալով, որ այժմ ՀԱԿ-ը թերեւս այլընտրանքային ուժ չի համարվում իշխանությանը, եւ վերջինս էլ հենց այնպես բարեհոգություն չի ցուցաբերի, որ որոշ համայնքներ զիջի ՀԱԿ-ին:



Թեպետ հակառակ թեւը սկզբունքի հարց է համարել գրեթե բոլոր համայնքներում աշնանը առաջադրել սեփական թեկնածուները, սակայն իրատեսները պնդել են, որ ռեալ չէ, որ ՀԱԿ-ը, բացառությամբ մի քանի գյուղերի, հաջողություն ունենա: Թե Կոնգրեսի վերջնական որոշումն ինչպիսին կլինի այս հարցի վերաբերյալ, պարզ կդառնա առաջիկա ամսվա ընթացքում: