ՀՀ քաղաքացուն եւ նրա կնոջը ծեծի ենթարկած ոստիկանները մնում են անպատիժ

ՀՀ քաղաքացուն եւ նրա կնոջը ծեծի ենթարկած ոստիկանները մնում են անպատիժ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր տարածած հայտարարությամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Դավթյանին եւ կնոջը ծեծի ենթարկած ոստիկանները մնում են անպատիժ: Ըստ հայտարարության.



«Արման Դավթյանին 2011թ. հունիսի 14-ին կնոջ հետ տնից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Գիշերը պահել են ոստիկանությունում, թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, մի քանի անձինք ռետինե մահակներով եւ մանրահատակով Արման Դավթյանին ենթարկել են ծեծի, հարվածից ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում մարմնի տարբեր մասերում սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով, բռնություններ են կիրառվել նաեւ կնոջ նկատմամբ: Այդ ամենը կատարվել է Ա.Դավթյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների տակ, ցանկալի ցուցմունքներ կորզելուց հետո, կնոջը ազատ են արձակել:



Անմարդկային վերաբերմունքը շարունակվել է նաեւ Ա.Դավթյանին ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելուց հետո: ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում Ա.Դավթյանը քննչական գործողությունների համար դուրս է բերվել 3 անգամ: Դուրս բերման ժամանակահատվածը առաջին անգամ տեւել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ 9 ժամ 45 րոպե: Ա.Դավթյանի նկատմամբ քննչական գործողությունները կրել են տեւական եւ իրար հաջորդող բնույթ, այդ գործողությունները կատարվել են նաեւ գիշերային ժամանակ, որի ժամանակ նույնիսկ չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը:



Ա.Դավթյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանելու համար ՁՊՎ-ից դուրս է բերվել հունիսի 18-ին, սակայն այնտեղ ընդունվել է միայն հունիսի 19-ին, իսկ թե այս ժամանակահատվածում որտեղ եւ ինչ պայմաններում է գտնվել Ա.Դավթյանը` անհայտ է: Ա.Դավթյանի մարմնական վնասվածքները արձանագրված են եւ ՁՊՎ-ի, եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրանցամատյաններում, որի համաձայն` մեջքին արձանագրվել են քերծվածքներ եւ կապտուկներ, ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով:



Երբ Արման Դավթյանը բողոք է ներկայացրել իր նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ, ոստիկանության նույն Մաշտոցի բաժնի աշխատակիցները կնոջը տնից բերման են ենթարկել եւ սպառնալիքների տակ ստիպել , որ ցուցմունք տա, թե իբր իրենց նկատմամբ ոստիկանությունում բռնություն չի կիրառվել:



Թեեւ Ա.Դավթյանը ձերբակալվել է 2011թ. հունիսի 14-ին, սակայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է միայն 2011թ. հունիսի 18-ին` 4 օր հետո: ՀՀ Սահմանադրության համաձայն` եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Սրանից հետեւում է նաեւ, որ անձը եղել է ապօրինի ազատազրկման մեջ:



Չնայած այս ակնհայտ ապացույցներին, հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ, իսկ առաջին ատյանի (դատավոր` Գ.Կարախանյան) եւ վերաքննիչ (դատավոր`Մ.Ռեհանյան ) դատարաններն էլ գտել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Ներկա դրությամբ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:



Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ սույն գործով պատշաճ քննություն չի կատարվել, պետական մարմինների կողմից անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել իրականությունը բացահայտելու համար, իսկ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները հիմնվել են շուտափույտ ենթադրությունների վրա` քննության դադարեցման համար:



Հայաստանի Հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, ազատությունից ապօրինի զրկման ցանկացած դրսեւորում, ինչպես նաեւ պետական մարմինների ու դատարանների կողմից ցուցաբերված անգործությունը և հույս է հայտնում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ կիրականացնի արդարադատություն»:



Հայաստանի Հելսինկյան կոմիտե