Նրանք երբեք անտարբեր չեն

Նրանք երբեք անտարբեր չեն
«Մայրս հողաթափերս անգամ թաքցնում էր, որ չկարողանամ գնալ Մաշտոցի այգի»,- պատմում էր Անուշը` մի երիտասարդ բնապահպան ակտիվիստ: Այս մի բուռ երիտասարդները, ովքեր իրենց ուսերին են վերցրել մեր երկրում ժողովրդավարությանը շունչ հաղորդելու բեռը, միայն բնության պահապաններ չեն. հիմա էլ «Արմավիայի» գրասենյակի դիմաց  են հայտնվել` պաշտպանելու սփյուռքահայերի իրավունքները:



Սիրիահայության խնդիրն ակտիվիստների պահանջած պետական մոտեցման կարիքն ունի մի քանի պատճառով: Նախ, տարիներ շարունակ մենք օգնության խնդրանքով ձեռք ենք պարզել Սփյուռքին` այս կամ այն կարիքի համար օգնություն ակնկալելով, եւ միշտ ստացել ենք այդ օգնությունը, մի բան, որ չէինք ստանա մեր կողքին բնակվող ազգակցից: Հավանաբար, սփյուռքահայերի մոտ դրական խաչասերում է ընթացել. պատվաստվել են քաղաքակիրթ ազգերի` օգնելու պատրաստակամությամբ: Հիմա մեր երկրում գործում են երիտասարդ սփյուռքահայ կամավորներ, որոնք «Birthright» կազմակերպության միջոցով եկել են Հայաստան ու օգնում են  ծերերին, գյուղացիներին՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մաքրում շրջակա միջավայրը թափոններից եւ այլն:



]Նրանք բոլորն էլ ապահովված մարդիկ են ու կարող էին անհոգ ապրել ԱՄՆ-ում կամ որեւէ այլ զարգացած երկրում: Մի սփյուռքահայ խոստումնալից երիտասարդ լրագրող թողել էր ամերիկյան հեռուստատեսությունում իր աշխատանքն ու կամավորություն էր անում Հայաստանում: «Այնքան հուզիչ է մասնակից լինել երկրի զարգացմանը»,-նշել էր երիտասարդը: Եվ հիմա, երբ մի եզակի հնարավորություն է ընձեռվում՝ ձեռք մեկնել նույն այն Սփյուռքին, որը մշտապես, տեւականորեն օգնել է մեզ` հայաստանցիներիս, մենք... թանկացնում ենք նրանց մուտքը հայրենիք:



Պետք է հեռատես լինել: Եթե սիրիահայերին Հայաստանն անօգնական թողեց, եթե չընդառաջեց նրանց կարիքներին, Սփյուռքը համապատասխան եզրակացություններ է անելու: Եվ պետք չէ զարմանալ, եթե հաջորդ գումարահավաքին մեր պարզած ձեռքը դատարկ ետ քաշենք: Ցանկացած սերմ ծիլեր է տալիս: Պետք է իրատես լինել: Զարգացման ճանապարհին առաջին մանր քայլերը կատարող երկրի գրավչությունը փոքր է Սիրիայի պես միջին եկամուտ ունեցող, զարգացող երկրի, առավել եւս` զարգացած երկրների բնակչի համար: Որքան էլ կարոտախտը սուր լինի, այն անցնում է երկրորդ-երրորդ սերնդի հետ: Ազգի մի մասին հայրենիք վերադարձնելու եզակի հնարավորություն է սա, որը կարող է չկրկնվել:



Եվ, ի վերջո` մարդասիրական գործոնը, որը պիտի ամենից առաջ գար, բայց մեր ժամանակներում չի գալիս ու, հավանաբար, չի էլ գա. լրատվական գործակալությունները մխիթարում են, թե սիրիահայ զոհ առայժմ չկա: Պետք է հոռետես լինել. առաջին զոհի արյունը մեր` հայաստանցիներիս շապիկին է դրոշմվելու:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ