Ոմանք հայրենիք են փնտրում՝ ավելի լավը, քան իրենցն է

Ոմանք հայրենիք են փնտրում՝ ավելի լավը,  քան իրենցն է
Երեւի թե մենք՝ հայերս, հոգով կոսմոպոլիտ ենք, տիեզերքի քաղաքացի: Սիրում ենք ազատությունը, ազատությունը՝ ոչ թե հարաբերական, այլ իր ուղիղ նշանակությամբ ու իմաստով: Դրա համար էլ մենք կարող ենք պարծենալ, որ չկա մի վայր, որտեղ հայը ոտք չի դրել: Պատկերացնո՞ւմ եք, եթե չլինեին արգելքներն ու սահմանափակումները, չլինեին սահմանները,  այդ ոտքը՝ «խերով» լիներ թե ոչ, ինչե՜ր կարող էր անել: Բայց ամեն բան ունի իր սահմանները, եւ դա օրինաչափություն է: Միայն մարդկային հոգին է, որ միշտ ազատ է եւ չի ճանաչում սահմաններ:



Երբ հայտնվում ես պետությունների սահմանային անցակետերում, հոգիդ նվաղում է՝ գիտակցում ես, որ դու պարզապես գերի ես, եւ քո ամեն քայլափոխը վերահսկվում է: Եվ ժամեր տեւող ստուգումներից ու նվաստացնող վերաբերմունքից, քեզ հառած կասկածանքով լի հայացքներից եւ անվերջանալի թվացող հերթերից հետո վերջապես հաղթահարում ես մի արգելքը՝ պատրաստվելով մյուսին: Մի պահ պարզապես մտքովս անցավ հետեւել սահմանային անցակետում խռնված մարդկանց, նայել նրանց դեմքերին, հետեւել շարժումներին: Զարմանալի է, թե ինչպես են մարդիկ իրենց պահում. հիմա չեմ ուզում հոգեբանական վերլուծություն կատարել, պարզապես տեսնել է պետք, թե ինչպես են անձնագրերը տալիս ստուգման, ու մինչ անձնագրային կետի սպան ստուգում է դրանք, մարդիկ, ում փաստաթղթերի հետ որեւէ խնդիր չկա, իրենց զգում են գողի նման, ինչպես մաքսանենգ, ում ուր որ է կբռնեն: Ո՞ւր է անհետանում այն ազատության զգացողությունը, որը չեն զգում, ապրում են, քանի որ այն վիճակ է եւ ոչ թե լոկ զգացողություն:



Յոթ սարերից այն կողմ, յոթ գետերից այն կողմ մի քշված-մոլորված երկիր կա: Չգիտեմ ինչու, շատերը կարծում են, որ դա Ավստրալիան է, երեւի թե հիմնվելով ինչ-որ մեկի դասական գրվածքի վրա: Բայց դե, մենք գիտենք, թե դա որ երկիրն է: Եվ այսպես, ամբողջ աշխարհում միայն այստեղ է, որ մարդիկ իրենց զգում են «ազատ»: Այս երկրի բնակիչներն «ազատատենչ» են, եւ նրանք անընդհատ խոսում են այդ ազատության մասին, հրճվում, օտարների մոտ պարծենում այդ ազատությամբ ու անկախությամբ: Հյուսելով լեգենդներ՝ պատմում են իրենց նախնիների մասին, ովքեր երազել են տեսնել իրենց սերունդներին այս վիճակում ու, երազախաբ լինելով, մահացել են կամ էլ նահատակվել: Այսօր էլ ոչինչ չի փոխվել, քանի որ նույն ախտանիշով դեռ շարունակում են մահանալ այս ազգի  զավակները:



Ոմանք հայրենիք են փնտրում, երեւի ավելի լավը, քան իրենցն է: Ասում են՝ հայրենիքի հարցում չի կարելի վիճել, որովհետեւ գոյություն ունի միայն մի պատասխան՝ հայրենիքը չեն ընտրում, այն միակն է, որի հետ դու կապված ես հոգով ու մարմնով:



Խորհրդարանական ընտրություններից մինչ այսօր մոտ հիսուն հազար մարդ է լքել Հայաստանը: Լքման փաստը ես անձամբ եմ հաստատում, թվերի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ես չեմ խոսում միայն աշխատանքային միգրացիայի մասին, այլեւ մշտական բնակության նպատակով արտագաղթի մասին:



Ինձ հանդիպած գաղթածներից ոչ մեկը կեղծ հայրենասիրություն չի դրսեւորել, բոլորն էլ ուրախ են եղել հայրենիքից հեռանալու համար, ոմանք նույնիսկ վիրավորված հայհոյել են, ոմանք էլ հետ դառնալու տեղ են պահել իրենց համար, որ վերադարձի բարոյական կամուրջներ ունենան: Զարմանալի է, թե ինչպիսի դժվարությունների միջով են մարդիկ գնում օտարություն, եղունգներով կառչում են իրենց ընձեռված յուրաքանչյուր հնարավորությունից՝ միայն թե նորից չվերադառնան հայրենիք: Վլադիկավկազում, մի խանութի տերը, որ հայ էր, երբ իմացավ, որ վերադառնում եմ հայրենիք, մի տեսակ քմծիծաղով նայեց վրաս, հարցրի՝ ի՞նչ, ցանկանո՞ւմ եք, որ մեր հողին ձեր բարեւը տանեմ, ծնկի գամ՝ հողը համբուրեմ ու հայկական սառնորակ ջրից մի կուշտ խմեմ ձեր փոխարեն: Ծիծաղեց՝ այ ախպեր, է՜դ էր պակաս: Մի՞թե հայրենիքը նրանց այդքան խորն է դառնացրել: Սրտի ցավով եմ տեսնում, թե ինչպես է նոր սերունդ մեծանում օտարության մեջ՝ առանց մայրենի լեզուն իմանալու, առանց հայկական արժեքները ճանաչելու ու սովորույթներն ուսումնասիրելու: Այս ամենը գուցե այդքան ցավալի չլիներ, եթե այսօրվա հայաստանյան անտաղանդ քաղաքականության, ավերված տնտեսության հետեւանքը չլիներ:



Սակայն շատերն էլ դրսում Հայաստանից ժամանողներին հանդիպելիս հարց են տալիս՝ ե՞րբ է վերջապես Հայաստանը ոտքի կանգնելու, ու նրանց հայացքում կարդում եմ ափսոսանք ու հանդիմանություն, որ մեր երկիրն ապրելու համար նպաստավոր երկիր չէ: Չեմ վիճում նրանց հետ, լռելն ավելի իմաստուն է, քան թե ազգասիրության սին գաղափարախոսությունը մեջտեղ բերելը:



Մի անգամ անսպասելի դիտարկում արեցի. Հայաստանում երեք տղամարդ, իրար գլուխ գալիս, խոսում են քաղաքականությունից ու գործազրկությունից, իսկ Ռուսաստանում՝ իրենց մեքենաներից:



Ճամփորդությունս հասավ իր վախճանին, եւ ես ուրախ եմ տուն վերադառնալուս համար, սակայն տխուր, որ ինձ դիմավորում են «աչքալուսանքով», թե մի ամսվա մեջ հիսուն հազար մարդ է լքել Հայաստանը: Թվում էր, թե եղեռնից գրեթե մեկ դար հետո մի արտառոց իրադարձություն էր տեղի ունենալու, ու մի տեսակ հավատով էի լցվել, թե Սփյուռքի մեր հայրենասերները կլսեին մեր նախարարի աղերսանքն ու տուն կվերադառնային, կվերադառնային նաեւ մեր վաղեմի գաղթականները: Մտովի հաշվարկում էի, թե դրանից հետո, մի տասը տարվա ընթացքում, որքան կփոխվեր եւ կզարգանար մեր ազգը, սակայն...



 Մամիկոն ՀԱՄԲԱՐՅԱՆ