Ոչ թե օտարալեզու, այլ միջազգային դպրոց

Ոչ թե օտարալեզու, այլ  միջազգային դպրոց
Արդեն մեկ տարի է, ինչ Դիլիջանում մեկնարկել են ռուսաստանաբնակ գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները: Օտարալեզու դպրոցների քննարկումներին զուգահեռ, Դիլիջանում կառուցվող դպրոցի շուրջ կրքերն ինչքան շուտ բռնկվեցին, այնքան էլ շուտ մարեցին: Թե ինչ ընթացքի մեջ են դպրոցի շինաշխատանքները, եւ ինչ ժամկետներում է նախատեսված այն շահագործման հանձնել, զրուցեցինք RVVZ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Զարուհի Զեյթունցյանի հետ, ով նշեց, որ շինարարությունը դեռ նախնական փուլում է, իսկ դպրոցը կսկսի գործել 2014-ի սեպտեմբերից: Այդ ժամանակ էլ հենց նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքների առաջին փուլը, երբ արդեն կառուցված կլինեն գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:



Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016-ին, կկառուցվի եւս երկու համալիր` հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ: Այսպիսով, Դիլիջանում կառուցվող դպրոցը կդառնա ուսանողական փոքրիկ ավան՝ իր բնակիչներով հանդերձ, ովքեր ոչ միայն կսովորեն միասին, այլեւ կապրեն: Դպրոցին հատկացված ընդհանուր տարածքը կազմում է մոտավորապես 14 հեկտար, ըստ նախնական ծրագրերի` շինությունները 2-4 հարկանի են լինելու:



Կրթահամալիրը նախատեսված է լինելու 13-19 տարեկան 650 աշակերտի համար: Ինչ վերաբերում է ծրագրի ընդհանուր արժեքին, ապա այն գնահատվում է մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլար:



Մինչեւ հոկտեմբեր պարզ կդառնա նաեւ, թե ով կլինի դպրոցի տնօրենը, ով էլ հիմնական աշխատակազմի հետ կմշակի դպրոցի ամբողջական ծրագիրը. «Բոլորը ներգրավված են լինելու տնօրենի ընտրության պրոցեսի մեջ, մրցույթ է հայտարարվելու, ներգրավվելու են միջազգային բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղված են այդպիսի կադրեր փնտրելով, այնպես չէ, որ 2-3 հոգով են ընտրելու»: Հնարավո՞ր է, որ դպրոցի տնօրենը հայ չլինի: «Դեռ չեմ կարող ասել, կախված է որակավորումից եւ այն պահանջներից, որոնք ներկայացված են այս դպրոցը ղեկավարելու համար: Այնպիսի մեկը պետք է լինի, ով ունեցել է աշխատելու այդպիսի փորձ որեւէ այլ դպրոցում: Այստեղ ազգությունը կապ չունի»,-մեզ հետ զրույցում նշեց Զարուհի Զեյթունցյանը:



Ըստ այդմ, Հայաստանում դժվար թե գտնվի նման փորձառությամբ մեկը, այլ կերպ ասած` միջազգային դպրոցը նույնքան էլ «միջազգային» դեմք պիտի ունենա: Ինչ վերաբերում է այն հարցին, որ կառավարությունը դեռեւս չի ընդունել ՀՀ տարածքում օտարալեզու դպրոցներին արտոնագիր տրամադրելու կարգը, բայց արդեն դպրոց է կառուցվում, Զեյթունցյանը նշեց, որ դա օտարալեզու դպրոց չէ, այլ համարվում է միջազգային դպրոց եւ չի ներկայանում որպես ալտերնատիվ կրթություն Հայաստանի համար: