«Սարդարապատ» շարժում. միայն հանրային ճնշման շարունակական ազդեցության տակ կարելի է արդյունք ակնկալել

«Սարդարապատ» շարժում. միայն հանրային ճնշման շարունակական ազդեցության տակ կարելի է արդյունք ակնկալել
 «Սարդարապատ» շարժման հայտարարությունը սիրիական իրադարձությունների եւ հայության արձագանքի մասին. «Արաբական երկրների վերջին մեկ ու կես տարիների ընթացքը եւ հատկապես Սիրիայում ներկայումս  ծավալվող քաղաքական հեղաբեկումները ակնհայտ են դարձնում ՀՀ պաշտոնական մարմինների ու կազմակերպական կառույցների կրավորականությունը եւ անհամապատասխանությունը հայության առջև կանգնած արդի մարտահրավերների մասշտաբին։



«Հայկական աշխարհի» եւ «Արի տուն» այսպես կոչված ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարությունները պայթող փուչիկների նման առ ոչինչ են դառնում վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայության նկատմամբ  «ազգային ավիափոխադրիչ» «Արմավիա» ընկերության դրսեւորած վարքագծի եւ այդ երևույթի նկատմամբ պաշտոնական շրջանների պիղատոսյան անգործության ու լռության խորապատկերի վրա: Ուշագրավ է, որ միայն հանրային ճնշման ազդեցության տակ հնարավոր եղավ այս հարցում բեկում մտցնել:



Սա մեկ անգամ եւս բացահայտում է այն իրողությունը, որ ազգի ու պետության կառավարման պատասխանատուները նույնիսկ կարճաժամկետ հեռանկարի համար ծրագրեր չունեն, այլ, փորձելով իրավիճակային լուծումներ գտնել, շարժվում են  իրադարձությունների հետեւից: Նույն շարքից են Սիրայի հայությանը չվնասելու, նրանց հետագա կյանքը այսուհետ եւս միայն այդ երկրում կազմակերպելու մասին հայտարարությունները:



Բնական էր սպասել, որ սիրիահայությունը, լինելով  Սփյուռքի ամենահին եւ կազմակերպված գաղութներից մեկը եւ  դրական հարաբերություն ու գործակցություն ունենալով բոլոր մնացած սիրիական համայքների հետ, պետք է դեմ լիներ ստիպողական արտագաղթին: Երկրի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների առջև ծառացել են տարաբնույթ խնդիրներ: Նրանք կարող են կորցնել իրենց մասնավոր եւ համայնքային սեփականությունը կամ դրա մի մասը, թողնել իրենց սոցիալական եւ մշակութային օջախները` զրկվելով անձնական եւ ազգային կյանքի կազմակերպման տարրական պայմաններից: Սակայն Սիրիայի 60 000 հայերի վիճակը վստահաբար էլ ավելի է բարդանում եւ ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքների ազդեցությամբ հղի է աղետալի հետեւանքներով՝  ենթակա լինելով մասնակի եւ անգամ ամբողջական տարհանման:



Սիրիահությանը Սիրիայում պահելու վերաբերյալ տեսակետը ենթադրում է միջազգային լուրջ երաշխիքներ, որոնք, նկատի ունենալով սիրիական իրադարձությոններում ներգրավված կողմերի շահերի բախումը, ներկա պահին ստանալը բարդագույն միջազգային խնդիր է:  Այս խնդրի լուծումը ենթադրում էր Հայաստանի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի լուրջ գործունեություն, որը ակնհայտորեն բացակայում է:



Մերձավոր եւ Միջին Արևելքի բոլոր հայկական համայնքները վերջին տասնամյակների ընթացքում «Շագրենի կաշվի» պես անշեղորեն նվազում են` հետագա արագ ուծացման հեռանկարով արտահոսելով արևմտյան երկրներ: Այդ գործընթացի մասշտաբները զգալիորեն մեծանում  են հատկապես ներքաղաքական վայրիվերումների ժամանակ։ Բնական է, որ Սիրիայի հայության պարագայում  նույնպես առկա է այդ միտումը, ուր գաղութը վերջին 40 տարիների ընթացքում ավելի քան կրկնակի նվազել է եւ  առաջիկայում նույնպես՝ իրավիճակի ապակայունացմանը զուգընթաց, այս կամ այն չափով լինելու է հայության աճող արտահոսք:



Ուստի, ակնհայտ է, որ նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի  Հայաստան ուղղելու համար:



Շարունակական  «ցունամիի» ազդեցության տակ գտնվող հարևան տարածաշրջանի քաղաքական փոփոխությունների մասշտաբից, բազմազանությունից, ինչպես նաեւ սրընթացությունից պարզ է դառնում, որ շատ շուտով գործ ենք ունենալու մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների հետ, ինչը մեզանից պահանջելու է նախ եւ առաջ հավաքական քաղաքական կամքի դրսեւորում: Իրավիճակը թելադրում է, առանց խուճապի մեջ ընկնելու պատրաստ լինել զարգացման առավել հնարավոր նաեւ առավել վտանգավոր տարբերակներին եւ ըստ այդմ գործել համապատասխան սցենարներով, ինչը առանց հասարակական լուրջ ճնշման իրատեսական չէ ակնկալել շվայտության մեջ թաթախված,  հայության առջեւ կանգնած խնդիրներից միայն փախչել իմացող հայաստանյան ապազգային վարչախմբից։



Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական ճգնաժամային զարգացումների հետեւանքով, հատկապես՝  նոր աշխարհաքաղաքական իրականության ձեւավորմանը նախորդող ներկայիս անցումային փուլում, էապես աճում է Հայաստանի եւ հայության կարեւորության կտրուկ բարձրացման հնարավորությունը տարածաշրջանում։



Այդ պոտենցիալ կարեւորությունը կախված կլինի նախևառաջ նրանից, թե որքանով Հայաստանը եւ հայությունը պատրաստ կլինեն պլանավորված մասնակցելու գալիք զարգացումների մեջ:



Հայաստանը եւ հայութունը տարածաշրջանային գործոնի վերածելու եւ դրա շնորհիվ ոչ միայն Սիրայի հայ համայնքի, այլև համազգային հարցերը լուծելու այս նպատակի իրականացումը հնարավոր է միայն հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման  միջոցով,: Մինչ այդ, ցավոք սրտի, հարկ կլինի գործել ինքնակազմակերպվող քաղաքացիական  մարմինների միջոցով, որոնց հանրային ճնշման տակ միայն հնարավոր կլինի օգտագործել  ներկայիս վարչախմբի տրամադրության տակ գտնվող պետական լծակները։



Համազգային ինքնակազմակերպումը պետք է իրականացնել հաստատակամորեն, ապավինելով հայության ուժերին եւ գործելով  ազգային շահի գերակայության գիտակցմամբ։



«Սարդարապատ» շարժումը ողջունում է սիրահայությանը աջակցելու բոլոր հասարակական նախաձեռնությունները եւ կրկին անգամ արձանագրում, որ միայն հանրային ճնշման շարունակական ազդեցության տակ կարելի է ակնկալել Հայաստանի վարչախմբի` իր ձեռքի տակ ունեցած լծակների օգտագործումը սիրահայության խնդիրների լուծման համար:



Իր հերթին «Սարդարապատ»  շարժումը մոտակա ամսում հանդես է գալու հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման  եւ հարենադարձության կազմակերպման երկու  նոր զուգահեռ նախաձեռնություններով»: