Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում երեք նախագահները կրկին նախագահ են ուզում դառնալ

Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում երեք նախագահները կրկին նախագահ են ուզում դառնալ
Սահմանադրությունը մեր սրբությունն է ու արդարադատության հարթությունում հավասարվում է Աստվածաշնչին:  Այդ առումով միշտ անսահման վախով ու զգուշությամբ եմ վերաբերվել, երբ խոսվում էր, որ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարել: Ինձ համար դա նույնն էր, ինչ եթե ասեին՝ Աստվածաշնչում պետք է փոփոխություններ կատարել: Հետո հասկացա, որ Հայաստանում Սահմանադրությունը բոլորովին այլ բան է նշանակում: Այն գործող իշխանության ձեռքին մի փաստաթուղթ է, որով կարգավորում է լինելիության իր ժամկետը եւ իր համար կարեւորություն ունեցող այլ խնդիրներ: Սահմանադրության  համաժողովրդական քվեարկության դնելն էլ  համաժողովրդական ընտրության պես մի բան է, ուր որոշողը իշխանությունն է, «քվեարկողը»՝  ժողովուրդը:



Ինչեւէ, վերջին քաղաքական իրադարձությունները ցույց տվին, որ ժողովրդի ձեռքին դրվել է մի ռուբիկ-կուբիկ, որ ինչպես շրջում՝ Սարգսյան, Քոչարյան, Տեր Պետրոսյան գույներն են երևում: Ներկապնակում ինչու՞ ուրիշ գույն չկա: Կամ ինչու՞ երեք նախագահներից բացի, մնացյալը ածանցյալ է նրանցից որեւէ մեկին:  ժողովուրդը Քոչարյանի թթուն խմել է, նրանից առաջ Տեր Պետրոսյանի թթուն էր խմել, հիմա էլ նույն թթուն խմում է Սերժ Սարգսյանի ձեռքից: Նրա քիմքը կարո՞տ պիտի մնա մի քաղցր բանի:



Կամ, լավ, ընդունենք, որ բոլորն էլ լավ ու ժողովրդի աչքի լույսն են եղել, ինչ որ ձեւով չպիտի՞ կարգավորվի նախագահական աթոռից նրանց հեռանալու գործընթացը: Առաջին նախագահը, փառք Աստծո, ոտքը աթոռից կապած չէր, ժամանակին կամովին հրաժարվեց նախագահի պաշտոնից ու հեռացավ: Երկրորդ եւ երրորդ նախագահների համար նախագահական աթոռը սիամական զույգի նման մի բան է, բարդ վիրահատություն է պետք, որ աթոռը անջատվի նրանցից:  Տպավորություն է ստեղծվում, թե Երկրորդ նախագահն երրորդին ասել է՝ «Մի սրոկ էլ դու նստիր, հետո, տեսնենք»: Երրորդը «մի սրոկ նստել է», հետո չի ուզում բան տեսնել: Ինքն էլ հո Մեդվեդևը չի՞, որ «մի սրոկով բավարարվի»: Երկրորդ նախագահը բարկանում է. «Աթոռը տակիցդ կքաշեմ: Չընկնես, երկուսով կնստենք»:



Մի արդար դատավոր չկա՞, որ կարգավորի աթոռից նախագահների պոկման կամ հեռացման գործընթացը:



Այդ արդար դատավորը Սահմանադրությունը պիտի լինի, որ անուղղակիորեն ասի՝ այրեր Ռոբերտ, Սերժ եւ Լևոն, նախագահական աթոռը ձեր համար Յալթայի հանգստավայրը չէ, որ կռվում եք, աշխատել եք ժողովրդի համար, բարի, հիմա էլ թող մեկ ուրիշն իր կարողությունները ներդնի: ԱՄՆ Սահմանադրությունը նշում է, որ անձը չի կարող ավելի քան երկու անգամ զբաղեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, ավելին՝ չի կարող զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնք` ասենք նախագահի մահվան դեպքում, կարող են փոխարինել վերջինիս: Նախագահակռիվը, աթոռակռիվը պրծավ: Լավ բանը, ընդունելին մեր իշխանությունը չի ընդունում: Սահմանադրությունում փոփոխություններ անելով, մտածում է իր դիրքային առավելությունների, հետոյի, 10 պորտ հաջորդի մասին...



Տեսնենք՝ դրա վերաբերյալ ՀՀ Սահմանադրությունն ի՞նչ է ասում. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»: Անընդմեջ չի կարող, բայց մեջ տալով՝ կարող է: Քնի, վեր կաց ու նորից նախագահ դարձիր: Եթե քեզնից հետո  քո դրածոն ես ունենում, գործը առավել քան հեշտանում  ու անտանելի ծանր է դառնում ժողովրդի համար:  Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում երեք նախագահները կրկին նախագահ են ուզում դառնալ. Սահմանադրությու՞նը…



Սահմանադրությունը գրվել է իշխանության ձեռքով՝ կրկին ու կրկին վերատադրվելու անհագուրդ տենչով: Նախագահների վերարտադրման այդ կետը փոխելով, կարելի է սահմանադրական խաղաղ ճանապարհով ազատվել հինն ու նորը կապող նախագահական սարդոստայնից… Իսկ դա ժողովուրդը միայն կարող է անել՝ սահմանադրական իր պահանջատիրությամբ: Թե չէ հին ու նոր նախագահները մեկը մեկին նախագահական գնդակը փոխանցելով /պաս տալով/ ոչ խաղն է ավարտվում, ոչ էլ գնդակն է ընկնում ժողովրդի ձեռքը:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ