Խնդիրը մասամբ է լուծվել

Խնդիրը մասամբ է լուծվել
Մոտ մեկ ամիս առաջ մենք անդրադարձել էինք մի ընտանիքի, որին դատարանի որոշմամբ վտարել էին 17-րդ թաղամասի Նազարբեկյան 48 հասցեում գտնվող կիսակառույց շենքի թիվ 22 բնակարանից, որտեղ նա ժամանակավոր ապաստան էր գտել: Իրինա Իսպիրյանն իր երկու անչափահաս երեխաների եւ երկրորդ կարգի հաշմանդամ մոր հետ վտարումից հետո բառացիորեն հայտնվել էր փողոցում եւ, իր պնդմամբ, երեխաների հետ գիշերում էր նախագահականի դարպասների մոտ: Վտարումից հետո այդ կիսակառույց շենքի ճակատագիրը որոշելու համար, կառավարության որոշմամբ, միջգերատեսչական հանձնաժողով էր ձեւավորվել Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը կնոջը խոստացել էր, որ հենց այդ շենքում իրեն բնակարան կտան, սակայն ինչ-ինչ պատճառներով խոստումն իրականություն չէր դարձել: Խնդիրը լուսաբանելու ընթացքում Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը մեզ հետ զրույցում խոստացել էր, որ հարցին անպայման լուծում կտրվի, քանի որ իրենք անում են առավելագույնը:



Ըստ Սահակյանի՝ իրենց կողմնորոշումն այնպիսին է, որ այդ շենքում երկար տարիներ ապրած բնակիչների հարցն անպայման կփորձեն լուծել՝ բնակարան տրամադրելով հենց նույն շենքում: «Սա զուտ բարոյական հարց է»,-ասել էր Սահակյանը: Նյութի հրապարակումից մեկ ամիս անց փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ լուծում է ստացել հարցը: Պարզվեց, որ դրանից անմիջապես հետո Պետգույքի կառավարման վարչությունը թաղապետարանի հետ համատեղ ժամանակավոր լուծում է տվել հարցին: Իրինա Իսպիրյանին ամսական որոշակի գումար են հատկացնում, որպեսզի նա կարողանա բնակարան վարձել, մինչեւ կլուծվի մշտական բնակվելու հարցը:



Արման Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն հասել են նրան, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում կքննարկվի հարցը եւ կորոշվի շենքի ճակատագիրը, որից հետո արդեն խնդրին վերջնական լուծում կտրվի: Ենթադրվում է, որ դրանից հետո Իրինան եւ նրա կարգավիճակում հայտնվածները պետք է որ բնակարան ունենան: