Ովքե՞ր են ստեղծել այս «գժանոցը»

Ովքե՞ր են ստեղծել այս «գժանոցը»
Կարդում եմ «Առավոտի» նախկին լրագրող, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջերից մեկը. «Ստրասբուրգը ծառերի, կանաչի եւ մաքրության մեջ» խեղդվում է», բայց սիրտս լցվեց, երբ տեսա, թե էս միակ «վիրավոր»  ծառի հանդեպ ինչ հոգատարության են դրսեւորում «սառը» եվրոպացիք, մեր հայրենի ծառերին խղճացի, մեր փոխարեն ամաչեցի եւ մտածեցի, որ ծառերը կանգնած են մեռնում (կամ մեռցնում են հանուն ինչ-որ գերակա շահի) միայն մեր երկրում, մեր մայրաքաղաքում, իսկ եվրոպաներում ծառերը կանգնած են ապրում եւ լավ էլ ապրում են` հոգատարությամբ շրջապատված, ոչ թե չորացած եւ հոգնած, փոշու ու կեղտի մեջ կամ մի կում ջրի կարոտ, ինչպես մեր` դեռ չկոտորված վերջին մոհիկանները»: Նման նուրբ զգացողություն ունեցող մարդը, չեմ հասկանում, թե ինչպես կարող է չմտահոգվել մարդու համար, այն էլ, երբ խոսքը վերաբերում է կյանքի շեմը նոր ոտք դրած երիտասարդներին: Խոսքս ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի եւ նրա ընկերների մասին է: Վերջերս Տիգրան Առաքելյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որին արձագանքել էր Մարգարիտ Եսայանը. «Համոզված եմ, որ այդ հայտարարության իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի։ Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ կհասկանաք, թե ովքեր են գրում, ովքեր են քաղաքականացնում եւ շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ քաղաքական հարթակում։



Ա՛յ, իրենց պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»: Այս հարցը աղմուկ բարձրացրեց «Ֆեյսբուքում»՝ ընդհուպ վիրավորանքներ: Տիգրան Թադեւոսյանը գրում է. «Մարգարիտ , դու ծառայիր քո Շաշիկ ու Միշիկ տերերին՝ Սեռժիկ գերագույն գլխավորի հրամանատարությամբ , ու քո խելքին չհասնող նյութերի մեկնաբանություններ մի արա»: Առաքել Սեմիրջյանը լրացնում է. «Ես համոզված եմ, որ Մարգարիտա Եսայանի հարցազրույցի հեղինակը Մարգարիտա Եսայանը չի....»: Սա այն դեպքն է, երբ ոչ Մարգարիտի, ոչ էլ տաքարյուն ու առանց այդ էլ հույսի նշույլ չտեսնող մարդկանց գրելուց մեռնելդ գալիս է… Ո՞ւր հասանք:



Հենց Եսայանի խոսքերով բնորոշենք իրավիճակը՝ որպես գժանոց. «Կարծես թե վերջակետ դրեցի, չգիտեմ ինչ ստացվեց, գուցե աշխարհի ամենաապուշ բանն է, որ երբեւէ գրվել է: Համենայնդեպս, անունն է` ԳԺԱՆՈՑ:



Մինչեւ սուրճի գալն եք առյուծ կտրում, հենց սուրճը գալիս է, հենց թափվում է ձեր աղմկոտ գլխին, միանգամից հանդարտվում եք:



Բա որ էդքան սկզբունքային եք եռում, բա որ էդքան սեփական դիրքորոշմամբ եք եռում, ինչո՞ւ եք այդքան արագ հանգստանում, ձուլվում, մերվում, կորցնում ձեր սեփական դիմագիծը, դիրքորոշումը, սկզբունքները: Դե պահեք, էլի, պահեք, դե էլի եռացեք, կռիվ տվեք, պահպանեք ձեր մաքրամաքուր զուլալությունը, թափանցիկությունը, սկզբունքային ազնվությունը»: Սա գրել է խորհող, փիլիսոփայող, ինքն իր հետ կռվող մարդը, ում անվանում են Մարգարիտ Եսայան:



Ա՜յ դրա հեղինակն է մերը, ժողովրդինը, ա՜յ այդ Մարգարիտն է մերը … Ես չեմ հասկանում այն Մարգարիտին, ով քաղաքական պայքարը իշխանությունից գնդակի պես առնում ու շպրտում է ընդդիմության դաշտը: Կընդունե՞ր արդյոք պատգամավորն այն կազմակերպությանը, ով իր ակտիվիստների, նախկինում հարյուրավոր քաղբանտարկյալների  համար չընդվզեր, չպատերազմեր ու ձեռքերը ծալած նստեր: Չերչիլն ասում էր՝ պատերազմը սարսափելի է, բայց ստրկությունն ավելի վատ է: Մի՞թե կամենում եք, որ մեր ապագան էլ՝ հանձինս այդ ըմբոստ տղաների, ստրկանար… Ձեր գրառումներն ինձ հուշում են, որ Դուք զգայուն, բանաստեղծական հոգի ունեք, եւ չեմ ուզում, որ այն կորցնեք քաղաքականության մեջ, չեմ ուզում նույնանաք համատարած գորշության մեջ, եւ հենց դա է պատճառը, որ արձագանքեցի…



Ֆեյսբուքյան էջում տեղադրված առակը հավանաբար մոտ է եղել Ձեր սրտին, ու ես ուզում եմ հավատալ, որ Դուք Ձեզ հավատացողների համար կլինեք առակի սքանչելի տիկինը. «Ծեր տիկնոջը հարցնում են, թե ինչ է գործածում իր դեմքն այդքան գեղեցիկ եւ կեցվածքն այդքան առողջ ու գրավիչ պահելու համար: Նա պատասխանում է. «Շրթունքներիս համար ճշմարտությունն եմ գործածում, ձայնիս համար՝ քաղցրությունը, աչքերիս համար՝ գութը, ձեռքերիս համար՝ ողորմությունը, կերպարանքիս համար՝ պարկեշտությունը, սրտիս համար՝ սերը: Եվ բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն սիրում՝ աղոթք»:



Մարգարիտ Եսայանի «ովքե՞ր են քաղաքականացնում եւ շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ քաղաքական հարթակում» հարցին կպատասխանեմ հարցով. ովքե՞ր են քաղաքականացնում հայի ստեղծագործ ուղեղը, մտավոր ներուժը՝ իշխանությունը պահելու համար: Ովքե՞ր են պատ դնում ազգի մտավորականության միջեւ, եւ վերջապես՝ ովքե՞ր են ստեղծել այս գժանոցը, որտեղ արյունով հարազատներն օտար են դարձել միմյանց…



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ