Մեր նախագահը Բրեժնեւին տվել-անցել ա

Մեր նախագահը Բրեժնեւին տվել-անցել ա
Բրեժնեւյան համբույրներ, մեդալներ... Ովքեր այդ շրջանում ապրել են՝ հիշում են, ովքեր էլ չեն ապրել՝ հարց են ուղղում. ինչո՞ւ է այդ շրջանը կոչվում լճացման: Հեքիաթի նման կբացատրեմ, որովհետեւ այդ շրջանում հեքիաթային իրավիճակ էր: Լյոնկա դյադյան ազգերի մերձեցման ու բարեկամության մոլագարություն ուներ: Այդ իսկ պատճառով ինչ մետաղ տեսնում, մեդալ էր սարքում, եւ ով մոտն էր մտնում, մի հատ չմփչմփոցով պաչում, հետո մեդալ էր նվիրում: Ով մեդալ չուներ, ուրեմն Սովետական Միության քաղաքացի չէր: Երբ մի տոն օր էր լինում, բոլորը՝ ծանրորդների նման մեդալների տակ կքած, հպարտությամբ գլուխներն իջեցնում էին: Բրեժնեւն ինքն իրեն էլ էր մեդալներով պարգեւատրում ու մի անգամ պարծեցել էր, թե Սովետում մեդալ չկա, որ ինքը չունենա: «Զանգեզուր» թերթում մի ազատամիտ լրագրող ունեինք՝ Էդուարդ Զոհրապյանը: Մի օր բաց նամակ գրեց Բրեժնեւին. «Հարգելի Լեոնիդ Իլյիչ, Դուք մոռացել եք, որ Մայրության առաջին աստիճանի մեդալ չունեք»: Գրեց-ուղարկեց, բայց դողն ընկել էր սիրտը, անընդհատ կրկնում էր. «Ես ջհանդամ, կգան-բոլորիդ կհավաքեն ու Մալայա զեմլյա կտանեն»: Ինչեւէ, մեդալներով լճացման էինք գնում՝ բարեկամությունն ու եղբայրությունը պահելով որպես առավելագույն կարեւոր արժեքներ...



Հայաստանն այսօր հայտնվել է նույն իրավիճակում: Մեր նախագահը մեդալ բաժանելով՝ Բրեժնեւին տվել-անցել է... Ի տարբերություն խորհրդային տարիների մեդալաբաժանության, այստեղ մեդալները բաժանվում են «ռազբիրյատով»՝ «նրան հասնում է, սրան չի հասնում» սկզբունքով: Եթե նախկին մեդալակիրները մեդալ ստանալով երդվում էին, որ կծառայեն հանուն ՍՍՀՄ-ի, հիմա երդումն ավելի նեղ բնույթ է կրում՝ կծառայեմ նախագահիս: Ստացվում է, որ երգի, երաժշտության, գրականության, մանկավարժության եւ մյուս բնագավառներում բոլոր մեդալ ստացողները Կոմունիստական, կներեք, Հանրապետական կուսակցության ջատագովներ են:



Կամաց-կամաց Հայաստանն էլ է սուզվում բրեժնեւյան լճացման շրջանը, մնում է մի լավ չմփչմփոցով համբուրվելը... Պակասում է Սովետմիության բարեկամության ու եղբայրության պրոպագանդումը կամ «էդ մեդալներից» դեմ տարրերին «էլ բաժին հանելը»: Բայց ցավն այն է, որ մեդալակիր աստղերը, փոխանակ ավելի մեծ պահանջարկ ունենան, ընդհակառակը, շատերը հարցնում են. հետաքրքիր է՝ մեր աստղերն ինչքա՞ն փող կուզեն, որ չերգեն...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ