Պտտվիր, պտտվիր, կարուսել...

Պտտվիր, պտտվիր,  կարուսել...
ՄԻՏՔ



ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի երկրորդ գալուստը քաղաքականություն մեծապես պայմանավորված է մեծ քաղաքականությունից Վարդան Ղուկասյանի հեռանալով: Ցենտրիստ Կարապետյանը հաջողությամբ կլցնի այն նիշան, որ ազատում է աստվածավախ Ղուկասյանը: «Մենք ոչ մեկից չենք նեղացել: Մենք բոլորին ներում ենք, մենք ներում ենք ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանավորին, որ չար է գործում, Աստված թող իրեն պատժի: Մենք ի՞նչ, մենք ներում ենք՝ ապավինելով Աստծուն: Թող Աստված պատժի չարագործներին»,- իր երկրորդ նորամուտը քաղաքականություն այս հայտարարությամբ է նշանավորել Կարապետիչը:



ՅԱՆԻ ՅՈ՞ ԵՐԹԱՍ



Ըստ Շարմազանովի՝ Հայաստանը ոչ արեւմտամետ եւ ոչ էլ ռուսամետ քաղաքականություն չի վարում: Մենք վարում ենք հայամետ քաղաքականություն, ասել է Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների մտավախությանը, որ Հայաստանին զոռով տանում են Եվրասիական միություն: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Հայաստանը նման է այն Մուհամեդին, ով համառորեն սարի մոտ չէր գնում: Իսկ ինչ եղավ վերջո՞ւմ:



ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ



ՀՀ ոստիկանությունում Վլադիմիր Գասպարյանի կազմակերպած խորհրդակցությունը հիմք է տալիս մտածելու, որ մենք պատրաստվում ենք ոչ թե ՏԻՄ ընտրությունների, այլ աշխարհի վերջին: Ինչ էլ լինի՝ առաջինը անվտանգ տեղ պետք է հասցվեն ընտրացուցակներն ու քվեատուփերը՝ ձայնին ողբերգական պոետիկայի նոտաներ հաղորդելով, իր ենթականերին հրահանգել է ոստիկանապետը:



02



Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման ժամանակ Հանրապետական մարզադաշտի այցելուների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն ուժեղացված հսկողություն էր սահմանել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի, ինչպես նաեւ մարզադաշտի շրջակայքում այցելուներին ջրեղեն, պաղպաղակ, արեւածաղիկ եւ պերաշկի մատուցող անձնակազմի նկատմամբ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ