«Բազեի» պայմաններն ուր, «Հասմիկինը» ուր

«Բազեի» պայմաններն ուր, «Հասմիկինը» ուր
Հանքավանի «Հասմիկ» պիոներական ճամբարում սովետական ժամանակ դպրոցականներ էին հանգստանում: Իսկ այս օրերին սփյուռքի նախարարությունն այստեղ մոտ 300 սիրիահայ երեխաների է տեղավորել՝ 14 օրով: Դեռ 150 երեխա էլ գալու են Հայաստան: Կգնան, թե ոչ, եւ թե էլ ինչ աջակցություն կցուցաբերի մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունը, կախված է սիրիական կոնֆլիկտի հետագա սցենարից:



ԴԵԺԱՎՅՈՒ  ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ



Թվում է, թե «Հասմիկ» ճամբարում ամենը նույնն է՝ շենքերը, կահույքը, երկուսն էլ մաշված, դպրոցականի բրոնզե արձանը, արեւկող հրապարակը, որտեղ առավոտյան պիոներներին տողանի էին շարում, Հրանուշ Հակոբյանը, որը երեկ եկել էր երեխաներին տեսնելու եւ նախկինում էլ էր ճամբարներում ստուգումներ անցկացնում: Նույնիսկ ճամբարի տնօրենն էր հին սովետական մարդ՝ 48 տարվա մանկավարժ Ժորա Մուրադյանը: Ի դեպ, նրան զարմացրել էր այն, որ սիրիահայ երեխաները չէին ընկալում, թե ինչու են վաղ առավոտյան ճամբարով մեկ ռազմահայրենասիրական երգեր հնչում: Սեւ բեղերով, բայց սպիտակ մազերով, նա դժվար դաստիարակվող անչափահասների դպրոցի տնօրենն է եղել եւ սիրում է կրկնել, որ իր աշակերտներն այնպիսի ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում, որը պատրաստի բանակային են: Եվ միայն սիրիահայ երեխաների աջ ու ձախ գնացող եւ բջջայիններով խոսացող գույնզգույն զանգվածն է վերադարձնում մեր օրեր:



«ԱՐԻ ՏՈՒՆ»՝ ՍՏԱՆԴԱՐՏ ՉԱՓԻ



Բջջային համարները երեխաներին տվել են դեռեւս օդանավակայանում, «Օրանժի» օպերատորները: «Վիվասելի» մեքենան էլ եկել-հասել էր Հանքավան, «Հասմիկ» ճամբար, որ քարտեր բաժանեին նրանց, ովքեր դեռ չունեն: 10-16 տարեկան երեխաները, որոնց մեծ մասը Հալեպից են, մի մասն էլ՝ Դամասկոսից, ամբողջությամբ չէին գիտակցում, թե ով է եկել իրենց հետ հանդիպման: Բայց նրանց ասել էին, որ «մայկաներ» պիտի բաժանեն, դոշին գրված՝ «Արի տուն», եւ զգուշացրել էին, որ հենց Հրանուշ Հակոբյանը գա, իրենք այդ «մայկաներն» արագ հագնեն: Սփյուռքի նախարարի հետ հանդիպման էր եկել նաեւ բարեգործ Հրայր Հովնանյանը՝ կնոջ եւ դստեր հետ, նաեւ Նունե Եսայանը, որի համար, ինչպես Հրանուշ Հակոբյանն ասաց՝ «մեկ զանգն անգամ բավարար էր, որպեսզի նա թողնի իր գործերը եւ գա երեխաների համար երգելու»: Ճիշտ է, երեխաներն այդ երգը լսեցին արեւի տակ՝ հին, խռխռացող «դինամիկով»:



Սկզբում, երբ պատվավոր հյուրերը հասան ճամբար, ձմերուկով եւ մրգերով սուրճ ըմպեցին, ապա իջան տողանների հրապարակ, երեխաները չէին հասցրել հագնել «Արի տուն» «մայկաները»: Նրանք չգիտեին, որ դրանք ստանդարտ չափերի են, եւ ամեն մեկն իր չափն էր փնտրում: Պատվիրակությանն ուղեկցող անձնակազմը, պրոցեսն արագացնելու համար, օգնում էր երեխաներին շապիկները հագնել: Լրագրողներից մեկն էլ մեկի փոխարեն երկու «Արի տուն» էր հագցրել մի փոքրիկ տղայի, եւ միայն նրա աղիողորմ ճիչերը լսելով՝ սթափվեց եւ շապիկներից մեկը հանեց: Ի վերջո, երեխաները «մայկաները» շորերի վրայից քաշեցին գլուխները, կուտակվեցին հրապարակում (սիրիահայ երեխաներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է նշանակում շարք կանգնել` Ս. Ս.):



ԴՈՒ ԵՐԵԽԱ ՈՒՆԵ՞Ս



Հարթակից հնչող ելույթները հետաքրքիր էին: «Հրանուշ Հրանտովնային ճամբարներում հանգստացող բոլոր երեխաները ճանաչում էին դեմքով, եւ երբ նա հայտնվում էր, 450 երեխա մեկի պես շարվում էին եւ գոռում՝ ուռա»,- ասաց ճամբարի տնօրենը: «Պարոն Մուրադյանն ուզեց ասել, որ ես էլ եմ փոքրիկ եղել»,- եզրակացրեց Հրանուշ Հակոբյանը, ապա հարցրեց երեխաներին, թե արդյոք նրանք սիրո՞ւմ են Հայաստանը: Ելույթի վերջում հիշեցրեց, որ երեխաներին «հանգստացնելու» ծրագիրը հովանավորել է նախագահ Սերժ Սարգսյանը, եւ որ նա կօգնի եւս 150 երեխա բերել՝ հանգստացնելու: Իսկ Հրայր Հովնանյանը երեխաներին փորձեց համոզել այլեւս Սիրիա չգնալ եւ մնալ Հայաստանում, քանի որ դա իրենց սերնդի վաղեմի երազանքն է եղել, իսկ Հրանուշ Հակոբյանին առաջարկեց համոզել երեխաների ծնողներին, որ նրանց թողնեն Հայաստանում՝ խոստանալով, որ իր վրա կվերցնի այս նախաձեռնության բոլոր ծախսերը:



Նրա կինը՝ նկարչուհի Աննա Հովնանյանն էլ ճառեր չէր լսում: Մի ծառի տակ նստած, թաց աչքերով նայում էր երեխաներին: Իմ հարցին, թե ինչու էլ չի նկարում, նա հարցով պատասխանեց. «Դու երեխա ունե՞ս»:



ՀԱԼԵՊՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԳԵՇ Է



«Մենք մեր նախագահին շատ կսիրենք, բայց իրենք իրենց մեջ հարցեր ունին, եւ այդ հարցերու համար հայերը զոհ կերթան: Քաղաքում էլեկտրականություն չկա, գազ չկա, երեկոյան 9-ից հետո տունեն չենք կրնար ելնել: Օդերեն էին կրակում, ժամը հինգից խանութները կգոցեն, ապահովություն չկա»,- պատմում էր 15 տարեկան Մերի Մուշեղյանը: Նա երկու օր է, ինչ Հայաստանում է: Պատմում է, որ թռիչքի օրը նորից ռմբակոծություն եղավ Հալեպում: «Մենք սուրիացի ենք, մեր հայրենիք հոս է, բայց մենք պետք է երթանք, տեսնենք Սուրիան: Այստեղ ապահովություն կա, բայց հետո մենք գնալ կուզենք»,- ասում է Մերիի ընկերուհին՝ Ռիտա Առաքելյանը:



Նորա Հեքմեջյանն էլ, որը եկել էր ճամբար դստերը տեսնելու, գանգատվում է, որ Սիրիայից եկող ինքնաթիռները քիչ են, իսկ «թիքեթները»՝  թանկ: Մեկ տոմսի համար ինքը վճարել է 700 դոլար: «Սա թանկ է, ժողովուրդը մեկ տարի ութ ամիս անգործ վիճակում է եղել, ամեն մարդ իր յուղով կտապակվեր, եւ մեզ համար սա շատ թանկ գին էր»: Օրվա վերջում Հրանուշ Հակոբյանն այցելեց Ծաղկաձորի սպորտբազա, որտեղ հանգստանում էր Հանրապետական երիտասարդության էլիտան՝ «բազեները»: Նրանց պայմաններն անհամեմատ ավելի լավն էին, քան սիրիահայ երեխաներինը:



Ամեն համարում զուգարան կար եւ ջուր, մինչդեռ «Հասմիկում» հարմարությունները միջանցքի վերջում էին, հնաոճ գեյզերի եւ ամեն հարկում մեկական զուգարանի տեսքով: «Բազեների» հրապարակն էլ նստարաններով էր, բեմը՝ լավ հնչյունային տեխնիկայով հագեցված: Այստեղ Հրանուշ Հակոբյանը խոսեց երկար ու հանգամանալից, հիշեցնելով նախագահի նախաձեռնություններն, եւ որ «սփյուռքի նախարարությունը սփյուռքի տունն է Հայաստանում»: Տղաներից մեկն էլ, որը եկել էր Ռուսաստանից, քթի տակ հարցրեց. «Հիմա որ գնամ-մտնեմ նախարարություն, ասեմ՝ ստեղ եմ քնելու, ինձ թողնելո՞ւ են»: