Շառլ Ազնավուրը Թբիլիսիում (լուսանկարներ)

Շառլ Ազնավուրը Թբիլիսիում (լուսանկարներ)
Աշխարհահռչակ հայ երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը:



Նույն օրը ֆրանսահայ արվեստագետը Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում  Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:



Էջմիածնեցոց  Սուրբ Գեւորգ եկեղեցում բարիգալստյան արարողությունից եւ մոմավառությունից հետո աշխարհահռչակ երգիչը «Հայարտուն»  կրթամշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքային տարբեր կառույցների, մասնավորապես` հոգեւոր դասի, թեմի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանի հայ եկեղեցասեր երիտասարդաց միության, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանի հայ նկարիչների միության, Վրաստանի հայ երաժիշտների միության, Վրաստանի հայ մտավորականների միության եւ մի շարք այլ կազմակերպությունների ու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:



Ողջունելով մեծանուն երգչին եւ մեծ մարդասերին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն մեծ սերն ու հարգանքը, որ հայությունը տածում է տաղանդավոր իր զավակի նկատմամբ: Հանդիպման ավարտին մեծ հայրենակցին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, քանդակագործ Լեւոն Օսիպովը եւ երաժիշտ Լեւոն Շահբազյանը: