Էս ի՜նչ խուլիգան բան է ասում վարչապետը

Էս ի՜նչ խուլիգան բան է ասում վարչապետը
Շոգ է, ահավոր շոգ Երեւանում: Գլխներումս մի խորանարդ սանտիմետր գազ չկա, ու մոտորը չի աշխատում: Վարորդները կասեին՝ «ատկազ է անում»: Լուրջ բաներ հիշելու համար արգելակման վիճակ է, ինքնապաշտպանական նպատակով մի անեկդոտ հիշեցի. «Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են. «Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում»: «Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթեւ սառոչկա են հագցրել»»: Ես էլ կավելացնեմ, որ այս եղանակին որեւէ քաղաքական գործիչ կամ բարձրաստիճան չինովնիկ հանկարծ չսխալվի ու ընկնի լրագրողների ձեռքը: Շորերը կհանեն ու Քիմ Քարդաշյան կդարձնեն: Կանխատեսելով, որ հայաստանցիներն այս շոգին տկլորացնելու ցավով են տառապում, Շպռօտն իրեն Հայաստան գցել է ուզում: Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախ, ոնց եմ ուզում հետ գալ իմ երկիր, որտեղ կապրեն քաղաքակիրթ մարդիկ: Կտիրի արդարության 20 տոկոս… որտեղ մարդկանց եւ կենդանիների շահերը կպաշտպանվեն գոնե 95 տոկոսով…»: Ապրես, Շպռօտ, կարող ես արդեն գալ. Հայաստանում կենդանիների իրավունքները հարյուր տոկոսով պաշտպանված են:



Օրինակ, հեզ էշը կամ եզն այստեղ ամենահարգի կենդանիներն են: Բա խոզը… ուտեմ նրա չալաղաջը… Շներն էլ ազատ բազմանում ու բնակչության թվից անցել են… Կատուների մասին խոսք չկա. ողջ օրը սիրատոչոր մլավում են ու սեքս-վիդեոներում նկարահանվում… Ձկների վիճակն է մի քիչ բարդ, բայց քո գալով՝ ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք էլ, «Ֆեյսբուքում» մեկն է գրում, ես չեմ՝ «Երեւի օրենք է, որ էշերս սրբությամբ  կատարում ենք. ձգտում ենք չսատկել մինչեւ գարուն…»:



Հենց էս շոգ օրին վարչապե՞տը պիտի ձեռքս ընկներ: Չի էլ ալարում՝ խոսում է. «Մենք առաջին անգամ ենք ՀՀ ներմուծելու սուպերէլիտային ցորենի սերմացու, մինչ այժմ ներկրել ենք միայն էլիտար սորտեր»: «Սուպերէլիտար աստղեր ու սուպերէլիտային ցորեն»: Կարո՞ղ է խոսքը շպրոտի ներմուծման մասին է. Հայաստանում «սուպերների» պահանջարկ կա: «Ինչքան սուպեր ձեւով չլդրանան, այնքան սուպեր կդառնան»: «Մենք ամբողջությամբ բավարարելու ենք գյուղացիների պահանջարկը,- էս ի՞նչ խուլիգան բան եք ասում, վարչապետ ջան,- հա՜, հասկացա, դիզվառելիքի պահանջարկը»:



Շպռօտ ջան, չգաս, այստեղ միայն դիզվառելիքի ողջ պահանջարկն են բավարարում… Վարչապետն այս շոգ օրին լցվել է էներգապայթուցիկ ցանկությամբ. «Կառավարությունը պայթուցիկ նյութեր կգնի՝ Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար»: «Ինչի՞ եք պայթեցնում ընդերքը, հենա իրան-իրան պայթում ա, էլի»: Ժողովուրդը տարակուսում է՝ ընդերքի վրա եղողներին է՞լ են պայթեցնելու… Չգաս, Շպռօտ ջան, կառավարությունը պայթեցում է անում…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ