Գումարը կրկնապատկում ենք

Գումարը կրկնապատկում ենք
Օգոստոսի 15-ին մեր «Դարբինյանը չի սիրում վճարել» հոդվածում ներկայացրել էինք, թե ինչպես է ՀՀ նախկին վարչապետը «ջրել» իր տակի հարեւանի՝ Զորայր Սերոբյանի խանութը եւ այժմ հրաժարվում է փոխհատուցել մարդու կրած վնասները: Գրել էինք, որ նշված բնակարանը Դարբինյանի քրոջ անունով է, սակայն բոլորն էլ գիտեն, որ մեր պաշտոնյաներն իրենց ունեցվածքը, որպես կանոն, ձեւակերպում են մոր, հարազատների անուններով, եւ խանութի սեփականատերն էլ փորձել է իր վնասների փոխհատուցումը ստանալ Ա. Դարբինյանից: Երբ չի հաջողվել, դիմել է փորձագետի, որը վնասը գնահատել է մոտ 3 մլն դրամ, եւ դիմել է դատարան: Առաջին ատյանի դատարանը խանութի տիրոջ օգտին որոշում է կայացրել, սակայն վերաքննիչում վճիռը բեկանվել է: Սեփականատիրոջ կարծիքով՝ գործի է դրվել դատարանի վրա ճնշման լծակը: Եվ քանի որ մարդն այլեւս չի հավատում դատարանում հաջողության հասնելու հեռանկարին, դիմել է մամուլի օգնությանը: Այսպես ասած՝ գոնե բարոյական հաղթանակ տանելու նկատառումներից ելնելով: Եվ քանի որ մարդը ներկայացրել է բոլոր նյութերը, եւ զրուցել ենք նաեւ Դարբինյանների ներկայացուցչի հետ, նյութը պատրաստվելուն պես այն տպագրեցինք՝ ներկայացնելով երկու կողմերի կարծիքները: Պարզվում է՝ ՀՀ նախկին վարչապետը կարծում է, որ ինքն անձեռնմխելի է մամուլի համար, եւ այն լրատվամիջոցը, որը կհամարձակվի իր մասին գրել, միանգամից կհայտնվի  «դեղին» մամուլի շարքերում: Երեկ արդեն էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնվեցին «արհեստավարժ» վարչապետի մտքի գոհարները, որոնք մամուլը վերցրել էր նրա ֆեյսբուքյան էջից, եւ որոնք մոտ 90 «լայքերի»՝ հավանությունների էին արժանացել: Ինչ է գրել Ա. Դարբինյանը:



«Վաղուց է, ինչ դեղին մամուլը չէր անդրադարձել իմ անձին. արդեն սկսել էի անհանգստանալ: Փառք Տիրոջը, այսօր ինչ-որ ջրի պատմություն են հետս կապել: Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր ավելի վատն են: Լուծումը, կարծում եմ, հենց լրագրության պրոֆեսիոնալ ասպարեզում է. ոլորտի առաջատարները, իսկական լրագրողները չպետք է հանդուրժեն լրագրողական խոտանի առկայությունն իրենց կողքին: Արայիկ Մանուկյանն այս օրերին շատ դիպուկ ու անկեղծ անհանգստություն էր հայտնել այս կապակցությամբ: Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, մեր մնացած առաջատարները, կարծում եմ, անելիք ունեն այստեղ: Վստահ եմ նաեւ, որ որակյալ հասարակությունը նրանց սատար կկանգնի»,- եզրափակել է Արմեն Դարբինյանը:



Եթե նկատեցիք՝ մամուլի որակից դժգոհող ռեկտորը, պարզվում է՝ ոչ բոլոր լրատվամիջոցներից է դժգոհ: Իսկ ավելի կոնկրետ՝ դժգոհությունը հենց «Հրապարակից» է, որը, ի տարբերություն իր հավանած ԶԼՄ-ների, անդրադարձել է նրա եւ նրա ընտանիքի կենսագործունեությանը: Շատ օբյեկտիվ հիմնավորում՝ մամուլը «դեղին» անվանելու համար: Սակայն սա դեռ ի՜նչ, օրվա ընթացքում մեր լրագրողները փորձեցին որոշ մտքեր փոխանակել նախկին վարչապետի հետ՝ իր սիրելի ֆեյսբուքյան տարածքում, եւ ավելի ուշագրավ մտքերի առիթ տվեցինք: Ահա թե ինչ մտավարժանքներ է արել արհեստավարժ վարչապետը, որին մի ամբողջ երկրի տնտեսություն էին վստահել: Նա մի նամակ է հղել «Հրապարակի» լրագրողուհիներին, որը ներկայացնում ենք ձեզ՝ առանց խմբագրման:



«Սիրելի կանայք,



Անչափ սիրում եմ բոլորիդ! Անգամ չեք պատկերացնում՝ ինչքան!



Եվ միայն սիրելով է, որ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել ինձ վերաբերող այսօրվա Ձեր զազրախոսության կապակցությամբ.



1) Բնակարանը, որ դուք հիշատակել եք, իմը չէ, պատկանում է քրոջս: Քույրս էլ՝ ոչ հիմա, ոչ էլ 10 տարի առաջ դեռահաս չի՛ ու չի՛ եղել. երեք զավակների մայր է (այս ցուցանիշով, կարծում եմ, նա գերազանցել է Ձեր ամբողջ խմբագրակազմը՝ միասին վերցրած):



2) Կենցաղային նմանատիպ աղետներից որեւէ մեկը երաշխավորված չէ, ցավոք: Նշված դեպքում (իսկ բնակարանում տվյալ ժամանակահատվածում ոչ ոք չի բնակվում, նաեւ որեւէ շինարարական աշխատանք չի կատարվում) խողովակի պայթյունից տուժել է նաեւ քույրս՝ շատ ավելի մեծ չափով: Ներքեւի բիզնես-հարեւանը դատարան է դիմել՝ չիմանալով երեւի գրագետ բիզնեսի կանոնները. նման դեպքերի համար հենց գոյություն ունի ապահովագրական համակարգը: Իր գործն է՝ թող պայքարի:



3) Լավ է, որ պեղել եք Մոսկոֆյանին. այս ճարպիկը, ի հակառակ մերօրյա ձեւավորված լրագրային փորձի, սկզբից գործ էր «սարքում», հետո նոր՝ վճար մուրում. մի օր, ահա, եկավ ու ասաց, որ ալբոմ է նկարել՝ Լիբանան կատարած իմ այցի հետքերով: Ասի՝ լավ ես արել, Համո ջան, բա թե՝ 150 դոլար արժե, պատասխանեցի՝ չեմ ուզում, Համո ջան, տար: Եվ վե՛րջ: Ինչ Մոսկվայի բիզնեսմեն, ինչ բան??? Զառանցանք է…



4) Թեթեւամիտ կերպով հիշատակել եք իմ ենթադրյալ «ժլատությունը»: Որպեսզի դա էլ փարատեմ, Ձեր խմբագրակազմի կանանց համար հայտարարում եմ հատուկ ակցիա. Ձեզանից առաջինը, ով այս իմ նամակը ստանալու պահից ծնունդ կտա ՀՀ նոր քաղաքացու, կստանա ինձանից հարյուր հազար դրամ պարգեւավճար:



Գործով զբաղվեք, լավ մնացեք»:



Ուրեմն լսեք, արհեստավարժ նախկին կամ ներկա «ամենառեկտոր», ինչպես Ձեզ կոչում են Ձեր ուսանողուհիները Ձեր ֆեյսբուքյան պատին:



1. Բնակարանը Ձեր քրոջ անունով է, եւ դա մենք հիշատակել ենք հոդվածում: Սակայն, եթե հիշում եք, եկամուտների հայտարարագրման օրենքում անգամ նախատեսված է տվյալ պաշտոնյայի եւ նրա մերձավոր ազգականների գույքի եւ եկամուտների հայտարարագրումը: Այսինքն՝ օրենսդիրը կանխատեսել է, որ Դուք եւ Ձեր նմաններն իրենց «հալալ» քրտինքով աշխատած եկամուտները երբ վերածում են 250 քառակուսի մետրանոց բնակարանի, պարտավոր են այդ ամենը հրապարակել:



2. Կենցաղային աղետներից ոչ ոք երաշխավորված չէ, սակայն ջուրը հոսել է Ձեր բնակարանի Ձեր խողովակից, եւ այսպիսի հազարավոր դեպքերում վնասները փոխհատուցում է այն անձը, ում բնակարանում տեղի է ունեցել վթարը, եւ ում բնակարանից հոսել է ջուրը: «Բիզնես-հարեւանի» կողմից իր գույքն ապահովագրելը բացառապես իր իրավունքն է եւ գործը, եւ դա բոլորովին կապ չունի Ձեր պատճառած վնասի հետ:



3. Համո Մոսկոֆյանը պնդում է, որ Դուք եք իրեն կանչել, եւ ասում է, որ զառանցանքը Ձեր ասածն է:



4. Նման ակցիաներ հայտարարեք Ձեր տանը կամ համալսարանում: Հավանաբար Ձեր շրջապատում միայն այնպիսի կանայք են, որոնք փողի համար, այն էլ՝ 100 հազար դրամի, հղիանում են եւ երեխա ունենում: Մենք այդ գումարը կրկնապատկում ենք: Վստահ չենք, որ Ձեր գենի բազմացումից մեր ազգը կշահի, բայց պատրաստ ենք Ձեր հաջորդ զավակի առիթով 200 հազար դրամ նվիրաբերել: Այնպես որ, գործի անցեք:



«Հրապարակ»