Մտածեցին՝ Սերյոգի ջուրը քար գցեն

Մտածեցին՝ Սերյոգի ջուրը քար գցեն
Չնայած ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն որոշ քաղաքներում արդեն թեժ պայքար է սկսվել, իսկ առանցքում, ինչպես նախորդ՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն է: Այդ հակամարտությունն արդեն իր դրսեւորումն ստացել է Ստեփանավանում, որտեղ առաջադրված են գործող քաղաքապետի՝ Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրը՝ Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմեր Վարդան Գրիգորյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ-ական, «Արգոս» ԲԲԸ տնօրեն Սերգեյ Մարգարյանը: Հիմնական պայքարն ընթանալու է քաղաքապետի եղբոր եւ ԲՀԿ ներկայացուցչի միջեւ: Վերջինս արդեն հասցրել է զգալ այդ պայքարի հետեւանքները: Նրան, իր գովազդային բաներները տեղադրելու համար, տարածքներ չեն տրամադրում, միջոցառում անցկացնելու համար էլ «հատուկ փաստաթղթեր են պահանջում»: Օրերս ԲՀԿ-ի «Բումբումիկ» մանկական  ծրագիրն այցելել է Ստեփանավան, սակայն քաղաքապետը թույլ չի տվել, որ շոուն տեղի ունենա՝ համարելով, որ դա Սերգեյ Մարգարյանի կողմից իրականացվող քաղաքական գովազդ է: Մենք զրուցեցինք ԲՀԿ թեկնածուի հետ:



- Պարոն Մարգարյան, ի՞նչ մթնոլորտ է Ստեփանավանում:



- Մթնոլորտը շատ թունդ ա, ողորմելի վիճակ ա մեր Ստեփանավանում: Ես, լինելով Ստեփանավանի թեկնածու, առաջին հերթին մտածել եմ իմ ստեփանավանցիների մասին, իմ երեխաների մասին: …Երեւանից ինչ-որ «Բումբումիկ» ծրագիր է գալիս, մարդիկ գալիս-հասնում են այստեղ, Ստեփանավանի կենտրոնական հրապարակում հավաքվում են 2-5 տարեկան երեխաներ՝ իրենց ծնողներով, որ պիտի ուրախանան, սակայն այդ ամենը քաղաքականացվում է եւ տեղի չի ունենում: Ինչո՞ւ պիտի այդպես լինի… ես ինքս ավագանու անդամ եմ, բայց այսօր հասկացա, որ այդ ամենն իզուր է:



- Ո՞ւմ կողմից է քաղաքականացվում, Հանրապետականի՞:



- Չէ, չէ, Հանրապետականն այստեղ կապ չունի, Հանրապետականի հետ կապված ոչ մի խնդիր չկա, ստեղ կուսակցական թեմա չկա, ստեղ հարցն էն ա, որ ես զանգում եմ, ասում եմ՝ պարոն քաղաքապետ, նման թեմա կա, խնդրում եմ թույլ տվեք, որ քաղաքի կենտրոնական հրապարակում մարդիկ հավաքվեն, ուրախանան, իսկ նա ասում ա՝ փաստաթուղթ բեր, որ ես թույլ տամ: Ասում ա՝ քո արածը քաղաքական գովազդ ա: Բայց ես քաղաքապետին հիշեցնում եմ, որ քարոզարշավն ամսի 22-ից ա սկսվում, ինչի՞ մասին ա խոսքը: Ասում ա՝ թուղթը կբերեք՝ կանեք միջոցառումը, վերջ: Բայց ես ինչի՞ պիտի ինչ-որ փաստաթուղթ ներկայացնեմ:



- Այսինքն՝ Դուք քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:



- Քաղաքական ենթատեքստը ես կարող եմ այսպես մեկնաբանել. եթե ես թեկնածու չլինեի, այլ ընդամենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային խորհրդի ղեկավար, երեւակայի՝ դա տենց լուրջ թեմա չէր դառնա: Բայց քանի որ ես թեկնածու եմ, իրա հարազատն էլ ա թեկնածու, դրա համար էլ երեւի մտածեցին՝ Սերյոգի ջուրը քար գցեն, բայց չհասկացան, որ դրանով իմ ռեյտինգը բարձրացավ, իսկ իրանցն ընկավ:



- Բայց Ձեր կազմակերպած միջոցառումը լիովին կարող էր ընկալվել որպես քարոզարշավ:



- Ոչ, ես քարոզարշավ չեմ անում, ես դրա իրավունքը դեռ չունեմ: Դա ընդամենը մեր կուսակցության առաջնորդի բարեգործական հիմնադրամից եկած ժողովուրդն է, ովքեր տարբեր մարզերով շրջում են: Որ մարզը գնացել են՝ խնդիր չի եղել, այսօր էլ Վանաձոր են գալու: Ու շատ ցավալի է, որ բոլոր տեղերում էրեխեքը էդ շոուն տենալու են, պարելու են, ուրախանալու են, իսկ մեր երեխեքը չտեսան: Նույնը կատարվում ա բաներների դեպքում:



- Թույլ չե՞ն տալիս բաներներ տեղադրեք: 



- Ինչի՞ մասին ա խոսքը: Ստեփանավան քաղաքում կան բաներներ, որոնց մի մասը քաղաքապետարանի ենթակայության տակ ա, մի մասն էլ մասնավոր ա: Զանգահարում եմ, տեղեկացնում եմ, որ ես ուզում եմ բաներ տեղադրել, հարցնում եմ, թե ինչքան պետք է վճարեմ, ասում են՝ ավելի ուշ զանգեք: Ավելի ուշ եմ զանգում, ասում են՝ ձեր գործով զբաղվեք:



- Այսինքն՝ ուզում եք ասել, որ քաղաքապետի կողմից հրահա՞նգ կա, որ Ձեզ բաների տեղ չտրամադրեն:



- Ես սենց ասեմ. էսօր եթե Ստեփանավանում մի քառակուսի մետր կա, որը որ պիտի օգտագործվի նախընտրական թեմաների համար, չեմ կարծում, որ իրա համար ինչ-որ պրոբլեմ ա: Ես պատրաստ եմ վճարելու այդ բաներների համար, բայց իրանք պրոբլեմ են սարքում ամեն ինչը:



- Իսկ մինչ այս ինչպե՞ս էին Ձեր հարաբերությունները քաղաքապետի հետ:



- Մինչեւ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները իմ հարաբերությունները քաղաքապետի հետ եղել ա շատ նորմալ, շատ լավ: Բայց մայիսի 6-ից հետո մենք իրար հետ չունենք, չգիտեմ ինչի:



- Փաստորեն, ձեր հարաբերություններն ընտրություններից հետո են փչացել:



- Հա, բայց չգիտեմ ինչի: Երեւի պատճառն էն ա, որ ինքն այլ կուսակցության անդամ ա, ես՝ այլ, ինքն իրա ղեկավարն ունի, ես՝ իմը: Բայց ինքը մոռանում ա, որ իմ երկրի նախագահն իրա նախագահն ա: Եթե էդքանը հասկանա, երեւի իրան ճիշտ կպահի:



- Իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները՝ Ձեր կարծիքով: Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում:



- Եթե սենց սկսվել ա, հեշտ չի լինելու: Ուղղակի ամբողջ հարցն էն ա, որ սաղ լծակներն իրանց ձեռն ա: Մենք ընդամենը փորձելու ենք ժողովրդին համոզենք, իսկ իրանք վախացնելու են ժողովրդին: