Խռովելը քաղաքական կատեգորիա չէ

Խռովելը քաղաքական կատեգորիա չէ
Այսօր՝ 2012-ին, առավել անհասկանալի է թվում այն, ինչ կատարվեց 1998-ին, երբ գործող նախագահը կամովին հրաժարական տվեց: Չէ՞ որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջորդած նախագահներն ամեն ինչ անում են այդ աթոռը պահել-պահպանելու համար: Ամեն ինչի պատրաստ են, որ այն չկորցնեն: Ինչո՞վ էր, ի վերջո, տարբերվում Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից Տեր-Պետրոսյանը, որ այդպես հեշտուհանգիստ, առանց նկատելի ճնշումների (իսկ որ առանձնապես ճնշումներ չեն եղել, վկայում են այդ շրջանում բարձր պաշտոններ զբաղեցրած շատ մարդիկ) հրաժարվեց ոմանց համար այնքան երանելի նախագահի գահից, իսկ հիմա՝ շուրջ 5 տարի, ամեն ինչ անում է այն վերադարձնելու համար եւ չի հաջողում:



14 տարվա հեռվից կարելի է արդեն որոշ դիտարկումներ անել: Երիտասարդների այն խումբը, որ 1990-91-ին իշխանության եկավ, այդ դժվար ձեռք բերվող հաջողությանը հասավ անչափ հեշտ՝ առանց մեծ ջանքերի ու աշխատանքի: Միայն հեշտությամբ ձեռք բերված իշխանությունն են այդպես հեշտությամբ հանձնում: Հասարակական այն վերելքը, որ ապրում էր երկիրը, նրանց փոխարեն արեց ամեն ինչ եւ սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը:



Երիտասարդ, անփորձ տղաների այդ խումբը, որ, կարելի է ասել՝ պատմական իրադարձությունների բերումով էր հայտնվել այդ բարձր աթոռներին, սկսեց իր սխալների վրա սովորել եւ արդյունքում հիասթափեցրեց հասարակությանը: Իսկ երբ հասարակությունը սկսեց քննադատել նրանց ու մատնացույց անել վրիպումները, նրանք նեղացածի կեցվածք ընդունեցին եւ «ասացին»՝ այ, հիմա մենք ձեզ կլքենք ու կհեռանանք, եւ դուք կհայտնվեք այնպիսի վիճակում, որ ստիպված կլինեք մեզ խնդրել-աղաչել, որ վերադառնանք: 1998-ի հրաժարականների շղթան ժամանակավոր հեռացողների «պատիժն» էր՝ ուղղված իրենց նեղացրած հանրությանը: