Սյունիքի մարզպե՞տն է որոշում Կապանում ով անելիք ունի կամ չունի

Սյունիքի մարզպե՞տն է որոշում Կապանում ով անելիք ունի կամ չունի
Կապանում քաղաքապետի ընտրությանն ընդառաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը մարզկենտրոն Կապանում՝ մարզպետարանում ժողով են արել քիչ թե շատ ակտիվ անձանց ու գործարարների մասնակցությամբ եւ հայտարարել, որ ՀՀԿ-ն Կապանի քաղաքապետի ընտրությունում թեկնածու է առաջադրել («Հայփոստ» ՊՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն, 41-ամյա Աշոտ Հայրապետյան), եւ 2008-ից քաղաքապետ Արտուր Աթայանն այլեւս անելիք չունի: Մարդկանց, սակայն, ավելի շատ զայրացրել է ոչ թե պետական շենքը՝ մարզպետարանը, կուսակցական շահին ծառայեցնելու փաստը, այլ այն, որ գորիսեցին (մարզպետը) եւ քաջարանցին (գործարարը) նստել-որոշել են, թե Կապանում ով անելիք ունի կամ չունի եւ ով պիտի քաղաքը ղեկավարի: Նրանք հայտարարում են, որ Արտուր Աթայանը կապանցիների սրտով է, եւ միայն մարզպետագործարարական այս հարկադրանքը բավական է, որպեսզի քաղաքի բնակիչները ձայն տան հենց Արտուր Աթայանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու՝ Արտուր Աթայանը, Աշոտ Հայրապետյանը եւ Գագիկ Աթաջանյանը: