Ծառուկյանի փեսան ՀՀԿ-ական մարզպետին գոհացնում է

Ծառուկյանի փեսան ՀՀԿ-ական մարզպետին գոհացնում է
Սեպտեմբերի 23-ին Կոտայքի մարզի բազմաթիվ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները, ենթադրվում է, չեն կարող միապաղաղ եւ հանդարտ ընթացք ունենալ: Գաղտնիք չէ, որ Կոտայքն արդեն վաղուցվանից համարվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի «զոնան», որտեղ, սակայն, փաստացի ղեկավար է նշանակված ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանը: Եվ չի բացառվում, որ ԲՀԿ-ն փորձի մարզն ամբողջությամբ իրենով անել՝ բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրելով: Կլինի՞ ՀՀԿ-ԲՀԿ առճակատում, թե՞ այստեղ էլ ամեն ինչ կանցնի փոխպայմանավորվածությունների մակարդակով, ինչպես Գյումրիում եւ Սիսիանում, որտեղ իշխանության թեկնածուներն են ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Զրուցեցինք Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ:



- Պարոն Շահգալդյան, Ձեր ղեկավարած մարզում է՞լ եք պատրաստվում որոշ մեծ համայնքներ թողնել ԲՀԿ-ին, ի՞նչ մարտավարություն է ՀՀԿ-ն որդեգրել Ձեր մարզում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:



- Մեր մոտ նման բաներ չկա, որ սա սրան տանք, նա նրա քաղաքն է, առաջադրումները ամսի 19-ին են սկսվել, կավարտվեն 24-ին, այդ ժամանակ կզանգեք եւ կիմանաք, թե ովքեր են առաջադրվել:



- Այսինքն՝ քննարկում չի՞ եղել այս կամ այն համայնքում պարտադիր թեկնածու առաջադրելու եւ այլ հարցերի վերաբերյալ, թե՞ պատահական առաջադրումներ են լինելու: Մտավախություն չկա՞, որ ԲՀԿ-ն բոլոր տեղերում թեկնածուներ կունենա:



- Մենք մարդկանց սահմանադրական իրավունքը պահում ենք, ամեն մեկը, ով որտեղ կուզի՝ կառաջադրվի. սա է ՀՀԿ-ի դիրքորոշումը, եւ որեւէ մտահոգություն չկա:



- Պարոն Շահգալդյան, չե՞ք կարծում, որ, օրինակ, Աբովյանում թեկնածու ունենալը նաեւ հեղինակության հարց է, ստացվում է, որ կամ հարմար թեկնածու չունեք, կամ էլ դեմ դուրս չեք գալիս ԲՀԿ ղեկավարի փեսային:



- Իսկ ո՞վ ասաց, որ Աբովյանում մենք թեկնածու չունենք: Ես չեմ ուզում խաղաքարտեր բացեմ, բայց մարզի 7 քաղաքներից 3-ում են ընտրություններ լինելու, եւ սպասեք՝ կտեսնեք: Ասեմ Ձեզ, որ մեր համայնքների մեծ մասի ղեկավարները ՀՀԿ-ականներ են, որոնք, ամենայն հավանականությամբ, նորից կառաջադրվեն:



- Ի դեպ, վերջերս մամուլում գրվեց, որ Աբովյանի քաղաքապետը, որ Ծառուկյանի փեսան է, լավ չի աշխատում, աբովյանցիների դժգոհությունը մեծ է, Դուք, որպես  մարզպետ, ի՞նչ գնահատական կտաք նրա աշխատանքին:



- Սիրելիս, համայնքի ղեկավարի գնահատականը ընտրությունների ժամանակ տալիս է համայնքի բնակչությունը:



- Դուք ի վերջո ինչ-որ առումով նրա վերադասն եք, Ձեր ղեկավարած մարզի քաղաքի մասին է խոսքը, խուսափո՞ւմ եք գնահատական հնչեցնելուց:



- Հենց այստեղ Դուք սխալվեցիք, մարզպետը չի համարվում համայնքի ղեկավարի վերադասը, դրա համար ես Ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ ՏԻՄ օրենքը, որտեղ շատ հստակ գրված է, թե մարզպետն ինչ փոխհարաբերությունների մեջ է համայնքի ղեկավարի հետ:



- Լավ, վերջին հաշվով, մարզպետ եք, Դուք անտեղյա՞կ եք համայնքապետերի գործունեությունից:



- Բայց ինչի՞ տեղյակ չեմ, շատ լավ էլ տեղյակ եմ ու 100 տոկոսով էլ տիրապետում եմ, ուղղակի Ձեր սխալն եմ ուղղում, որ մարզպետը չի համարվում համայնքի ղեկավարի վերադասը:



- Ձեր ղեկավարած մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի գործունեությունը բավարարո՞ւմ է Ձեզ:



- Լրիվ բավարարում է, լիարժեքորեն: Հիմա, սեպտեմբերին ընտրություն կլինի, այնտեղ երկու թեկնածու կա, մեկը մերն է, որի մասին 24-ից հետո կասեմ, կտեսնեք, թե բնակչությունն ում իր ձայնը կտա: Չեմ բացառում նաեւ, որ այլ թեկնածուներ էլ կլինեն:



- Մինչ Դուք դրական եք գնահատում ԲՀԿ-ականի աշխատանքը, Մասիսում ՀՀԿ-ԲՀԿ պատերազմ է այս ֆոնին ընթանում, կրակում են միմյանց վրա: Կարելի՞ է ասել, որ Կոտայքում նման առճակատում չի լինի:



- Եթե նկատել եք՝ ընտրությունները Կոտայքում միշտ էլ անցել են բարեկիրթ, նորմալ մթնոլորտում, ոչ մի անգամ արտառոց դեպք տեղի չի ունեցել, կարծում եմ՝ այս անգամ եւս բացառություն չի կարող լինել: Նորմալ փոխհարաբերություններ են մեզ մոտ, մենք պայմաններ ենք ստեղծել, որպեսզի ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում՝ առանց թշնամական դրսեւորումների: