Այդ բարձր տղան եւ հասարակությունը

Այդ բարձր տղան եւ հասարակությունը
Կարող եք չկասկածել՝ Ռուբեն Հայրապետյանը մանդատը հետ չի վերցնի: Չի վերցնի, որովհետեւ այստեղ փոշմանել-չփոշմանելու հարց չկա, այլ կա բոլորովին այլ հարթության խնդիր, որի համար նույնիսկ ամենալուրջ ու ամենախորամանկ քաղաքական գործիչը երկու լուծում գտնել չի կարող: Բայց նախ՝ մեր համոզման քաղաքական մոտիվացիայի մասին:



Ոմանք, հղում անելով փաստին, որ Ռուբեն Հայրապետյանը որոշել էր չառաջադրվել, բայց հետո փոշմանեց ու առաջադրվեց, փոշմանելը համարում են Հայրապետյանի բնավորության գիծ: Մենք մի քիչ համաձայն չենք այս կարծիքի հետ, թեեւ Սամվել Ալեքսանյանի հետ սարքած թատրոնին, թե վերջինիս խնդրանքով միայն Ռուբեն Հայրապետյանն առաջադրվեց, կնախանձեին շեքսպիրյան գործերի հանճարեղ բեմադրիչներն անգամ: Իրականում՝ խոսակցություններ կային, որ պատրաստվում է Ավանում առաջադրվել ՀԱԿ առաջին մեծության մի դեմք, ինչի հետեւանքով էլ ՀՀԿ-ն, հավանաբար, որոշեց ավելորդ ռիսկի չենթարկել իր որջը համարվող Ավանը եւ հարազատ վարչական տարածքը հեռու պահել անցանկալի ազդեցություններից: Նման մի որոշման արդյունքում էլ, չի բացառվում, «Սամվել Ալեքսանյանը Ռուբեն Հայրապետյանին ընկերաբար խնդրեց առաջադրվել»:



«Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքը, սակայն, խառնեց բոլոր հաշիվները: ՀՀԿ-ն չէր կարող կանխատեսել, որ նախագահական ընտրություններից առաջ Ավանում կարող է զրկվել այնպիսի հզոր լծակից, ինչպիսին Ռուբեն Հայրապետյանի ֆակտորն է: Այսօր այն ակնհայտորեն աշխատում է ՀՀԿ-ի դեմ, ինչը տակավին չեն կարողանում խոստովանել հանրապետականները, բայց շտապել են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականով գոնե հանդարտեցնել դեպքի շուրջ ծավալվող բողոքի շարժումները:



ՀՀԿ-ն այս փուլում մի կարեւոր խնդիր ունի՝ քաղաքական աշնան գալու հետ խտացնել իր իմիջի դրական էմոցիաներ առաջացնող գույները: Սովորաբար աշնանն ակտիվացող ընդդիմությանը հուզախառն քննադատության նյութ տալը, տրամաբանական է, նպատակահարմար չէ այսօր, եւ ՀՀԿ-ն, կարծում ենք, չի գնա մատը բզեզի բույնը տանելու անխոհեմության ու Ռուբեն Հայրապետյանի հերթական «փոշմանիմք»-ով իր դեմ նորանոր խմբերի չի լարի: Այն տեսակետը, թե ՀՀԿ-ն Ռուբեն Հայրապետյանի «մտքափոխվելը» բոլորովին կողմնակի մարդկանց, այսպես կոչված, խնդրագրերով գլուխ կբերի, նույնպես քննությանը չի դիմանում, որովհետեւ այսուայն ինստանցիաներին, ընդհուպ նախագահին, գրվող կոլեկտիվ դիմումները, քանիցս արդեն համոզվեցինք, անհրաժեշտ ընկալումը չեն ունենում հասարակության մեջ եւ դիտվում են որպես վերեւից կազմակերպված միջոցառումներ: Մտոք եւ ֆիզիկապես կիսատկլոր գիտնական-մտավորականների՝ Ռուբեն Հայրապետյանին հղված նամակը, թե դու իրավունք չունես քո ընտրողների ձայներից հրաժարվելու, դրա վառ ապացույցն է: Ավանում ապրող այդ «գիտնականներից» ոմանք, որ լրջության թույլ դոզա ունեն դեռ, հիմա կուզեկուզ են ման գալիս:



Ավանն իր վերահսկողության տակ պահելու գործիքներ ու լծակներ ՀՀԿ-ն, ինչ խոսք, շատ ունի: Չմոռանանք դրանցից ամենագլխավորին՝ «Տարոն ջան»-ին: Բայց որքանո՞վ է նպատակահարմար նրա անվան հետ եւս մի կեղծված ընտրություն կապելը նախագահական ընտրությունների նախօրյակին: Տարոն Մարգարյանի հարվածային ուժը ՀՀԿ-ին օդուջրի պես պետք է 2013-ի փետրվարին եւ ոչ թե 2012-ի աշնանը, երբ տեղի կունենա թիվ 1 ընտրատարածքից մեծամասնական պատգամավորի թափուր մնացած տեղի համար ընտրությունը: Բայց, կարծես, ընդդիմությունն էլ իր հերթին այնքան ոգեւորված չէ պատգամավորական տեղի ազատմամբ ու դժվար թե հանկարծակի լուրջ հավակնություններ ցուցաբերի Ռուբեն Հայրապետյանի կողմից վայր դրված մանդատին տիրանալու: Հավանաբար, «տղավարի» կմոտենան հարցին, իսկ ՀՀԿ-ն էլ, որ անչափ հուզվում է նման վերաբերմունքից, այստեղ կառաջադրի մի անկուսակցականի ու կպահպանի վայր դրված մանդատի վերահսկողությունը: Ահա ձեզ եւս մի փաստարկ, թե ինչու ՀՀԿ-ն այս անգամ մեկ այլ ընկերոջ շուրթերով Հայրապետյանին չի խնդրի «փոշմանել»:



Հետ չվերցնելով մանդատը՝ Ռուբեն Հայրապետյանն ու ՀՀԿ-ն կշահեն երկուստեք: ՀՀԿ-ն կխուսափի ավելորդ քննադատությունից, իսկ Հայրապետյանը կստանա նաեւ իր մարդկային կերպարի լուրջ ռեաբիլիտացիա, ինչը շատ կարեւոր է բազմաթիվ առումներով, այդ թվում նաեւ Վահե Ավետյանի ընտանիքի առջեւ իր մեղքը քավելու խոստման, որ նա տվել է դեպքին հաջորդած օրերին: Հենց այս կապակցությամբ էլ, մեր կարծիքով, Արտաշես Գեղամյանի շուրթերով հնչեցվեց ոչ միանշանակ գնահատականը. «Ռուբեն Հայրապետյանը բարձր տղա է»:  Այո, պատգամավոր Հայրապետյանը մի բան է, «բարձր տղա» Հայրապետյանը՝ մեկ այլ բան: Մենք երբեւէ լսած չկանք, որ «բարձր տղերքի» հետ հայաստանյան հասարակությունը երբեւէ խնդիրներ ունեցած լինի: Իր անսահման ներողամտությամբ մեր հասարակությունը հենց «բարձր ու լավ տղու» է ման գալիս, որ պաշտի: Եվ արժե՞, արդյոք, այդ պաշտամունքը զոհել հանուն անեծքի: Չենք կարծում, թե արժե, ինչքան էլ մտածես, որ հասարակություն ասվածը պարզապես ամբոխ է:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ