Ինչ աճի մասին է խոսքը

Ինչ աճի մասին է խոսքը
Արդյո՞ք ֆինանսների երիտասարդ փոխնախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե՝ իր հորեղբոր տղայի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրել են 280 հազար, բավարար է, որ հավատանք, թե երկիրը «թույն» տնտեսական աճ է ապրել: Նաեւ աճել են բնակչության եկամուտները, բարելավվել է կյանքը: Երկրի տնտեսական վերելքի մասին ասուլիս տվող փոխնախարարը եւ նրան ասուլիսի ուղարկած շեֆերը հավանաբար մոռանում են, որ մենք էլ ենք ապրում այս երկրում, մենք էլ հորեղբոր տղաներ ունենք: Իսկ մեր հորեղբոր տղաների աշխատավարձը, պարոն Արամյան, ոչ միայն չի աճել, այլեւ ակնհայտորեն նվազել է:



Գուցե աշխատավարձերի բացարձակ չափը պահպանվել է, բայց երբ գների համատարած աճ կա, արդյունքում մեր բոլորիս եկամուտները նվազել են: Ես չգիտեմ, թե որտեղ է աշխատում պրն Արամյանի հորեղբոր տղան, բայց այն բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, որտեղ աշխատում ենք մենք ու մեր հորեղբոր տղաները, եկամուտների ոչ թե աճ չեն ունեցել, որ աշխատավարձեր բարձրացնեն, այլ շուկայի փոքրանալու, մարդկանց արտագաղթի, մենաշնորհների ծաղկման եւ բազում այլ պատճառներով կորցրել ենք մեր եկամուտների մի զգալի մասը: Դա՝ մասնավոր հատվածում: Ինչ վերաբերում է պետական հիմնարկներին, նպաստներին ու թոշակներին, ինչ-որ չեմ հիշում, որ դրանք վերջին շրջանում բարձրացված լինեն, կամ՝ ինդեքսավորված: Այնպես որ, ոնց նայում ենք՝ Վարդան Արամյանի հորեղբոր տղան եզակի բացառություն է, եւ մեզ մնում է կասկածել, որ այստեղ կամ կեղծիք կա, կամ կոռուպցիոն դրսեւորում: Այսպես ասած՝ փոխնախարարի մատն է խառը:



Վիճակագրական թվերի ու հաշվետվությունների հետ հմտորեն խաղացող կառավարությունը փորձում է ապացուցել անապացուցելին: Մինչդեռ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա է զգում այդ «տնտեսական աճ» կոչվածը: