Ծանր բան է, չէ՞, երբ մարդասպանին ներում են շնորհում

Ծանր բան է, չէ՞, երբ մարդասպանին ներում են շնորհում
Էլի Հայաստանը մնաց միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության հույսին: Էլի մնացինք զոհի կարգավիճակում, շուտով կսկսվեն ցավակցություններն ու գնահատականները: Ստվերում մնաց հայ մարդասպանների կողմից սպանվածների ու խոշտանգվածների արդարացի դատը, ազգովի ընդվզում ենք: Նույնիսկ նախագահը եւ բարձրաստիճան պաշտոնյաները ժողովրդի հետ հավասար ընդվզում են: Դատապարտում Ադրբեջանին՝ մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու համար: Ծանր բան է, չէ՞, երբ մարդասպանին ներում են շնորհում. ես սա ՀՀ նախագահին եմ հարցնում: Ծանր բան է, չէ՞, երբ երկրի նախագահն աջակցում, հովանավորում ու իր թեւի տակ է առնում մարդասպանին: Երիցս նզովյալ Ալիեւ, երիցս նզովյալ մարդասպանին աջակցող մարդասպան: Սրանք ամենաթեթեւ բառերն են, որ այս օրերին հնչում են Ձեր ու Ձեր պաշտոնյաների շուրթերից: Պատկերացնո՞ւմ եք, հարգելի նախագահ, Դուք այդքան վրդովված ուզում եք արտահայտվել, բայց ոչ մի պետություն ձեզ չի ուզում լսել: Բոլորը գոցում են իրենց ականջները, սրտերը, փակում ոճրի հանդեպ աչքերը ու Ձեզ, Աստված չանի, դուրս հրավիրում:



Առաջին հերթին որպես քաղաքացի, ինքս կմեռնեի՝ եւ ամոթից, եւ արժանապատվության ոտնահարումից, եւ որպես ազգ նսեմացումից, եւ, անկեղծ ասած, խղճահարությունից: Հիմա, հարգելի նախագահ, քո ժողովուրդն այդ վիճակում է ապրում: Տարիներ շարունակ: Կասեք՝ պատեհ ժամանակ չէ նման հարց բարձրացնելու համար, բայց ես կհակադարձեմ. «Հիմա, երբ Ձեր հոգին վրդովված է հային դաժանորեն կացնահարողի ներումով, հիմա, երբ Դուք եւ ժողովուրդը նույնկերպ եք մտածում, ամենահարմար ժամանակն է, հարցնելու՝ ի՞նչ տարբերություն կա թուրք եւ հայ հանցագործների միջեւ: Երկուսն էլ սպա են սպանել, երկուսն էլ հայրենիքի համար արժանապատիվ քաղաքացի են դաժանորեն, անգթաբար մորթել… Ինչո՞ւ առաջին դեպքում Դուք նույնքան վճռականություն ու կամք չդրսեւորեցիք, չկանգնեցիք ժողովրդի կողքին: Այնպես, ինչպես Սաֆարովի լույս աշխարհում քայլելն է վրդովվեցնելու հային, նույնկերպ վրդովվեցնում է, երբ Դուք չեք պատժում իրական հանցագործներին:



Եվ մի բան էլ: Դուք եւ Ձեր բարձրաստիճան պաշտոնյաները առայսօր խաղաղ պայմաններում զոհվածների մայրերի ողբին՝ իրենց որդիների արյան համար, չեք արձագանքել: Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ գթասիրտ հոր, եղբոր նման չեք ընդունում նրանց ու ցավին կարեկից լինում: Որովհետե օլիգա՞րխ չեն… Հիմա ի՞նչ եք պահանջում միջազգային հանրությունից, պետություններից, դեսպաններից՝ որ կարեկի՞ց լինեն հայի ցավին, որ մարդասպանին պատժելու համար ձեզ օգնակա՞ն լինեն, օտարի՞ց եք գթություն սպասում… Իսկ եթե այդ օտարը վարվի այնպես, ինչպես Դուք եք վարվում սեփական ժողովրդի հետ, ու «գթություն» ցուցաբերի մարդասպանի հանդեպ, ի՞նչ եք անելու…»:



«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Սաֆարովի հայրը՝ Սահիբ Սաֆարովն ասել է. «Ես չէի ակնկալում, որ իմ որդուն Հունգարիայից Ադրբեջան ժամանելուն պես այդքան արագ ներում կշնորհեն»: Մենք էլ չէինք սպասում՝ կասի Նալբանդյանը: Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ աշխատում էր այս ուղղությամբ: «Այս ամենը հանկարծակի տեղի չի ունեցել»,- ասել է նա: «Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերադարձի խնդրում հունգարական կողմի հետ մեր ունեցած համագործակցությունը: Մենք որոշ ժամանակ աշխատում էինք այս ուղղությամբ»,- ասել է ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը:



Իշխող կուսակցության պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին էլ ասել է. «Այս քայլը նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Մեր երկրի ղեկավարը միշտ էլ իր ուշադրության կենտրոնում է պահել ազգային ոգով տոգորված հայրենասերներին»: Իսկ Սաֆարովն ասում է. «Ես պատրաստ եմ շարունակել իմ զինվորական ծառայությունը»:



Այս ամենը հանկարծակի տեղի չի ունեցել, պարոն նախագահ… Մի՞թե միայն արտաքին թշնամու դեմ պետք է նախագահն ու ժողովուրդը համակարծիք լինեն…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ