Թրաֆիկիրք

Թրաֆիկիրք
Վերջապե՜ս, վերջապես... այ մարդ, «վերջապես» ասեցի, հիշեցի էն հեռուստաէկրանի գովազդը` «Վերջապե՜ս, վերջապես Հայաստան է մտել «Տոյոտա» եսիմինչ մակնիշի ավտոմեքենա...»: Էշություն: Թե ո՞վ պիտի առնի: Ով էլ առնի` գովազդն ինչի՞ն ա: Էդ՝ իմիջիայլոց: Իմ «վերջապեսն» ուրիշ ա: Վերջապես, վերջապես Հայաստանից գնաց էս իմ կողքի հարեւան Լութոն: Ռադը քաշեց, թողեց-հեռացավ Եվրո թե հյուսիսաջհանդամները: Այ մարդ, հարցնում էիր` «Ո՞նց ես», ասում էր` «Ոչինչ, հարեւան ջան, լավ, փառք Աստծո...»: Դե գնա հասկացիր` խի՞, գցիր-բռնիր` ո՞նց: Այ ախպեր, որ մեզ նման դու էլ չես աշխատում, քեռի ու մորքուր չունես ամերիկաներում, ողջ կյանքդ էլ եղել ես ասֆալտին բոլ-բոլ շաղ տված ինժեներ, էդ ո՞նց եղավ «ոչինչ» կամ «լավ»: Տո էն մատղաշ երեխես էլ երկու անգամ դրանց տնից խորովածի հոտ ա առել: Հազիվ համոզեցինք, որ կեղծ ահազանգ ա: Ձեռի հետ մի քանի անգամ փող-մող էլ եմ ուզել: Բնական ա` պարտքով, բնական ա` հետո ո՞վ էր տալու որ: Ու, ապշել կարելի ա, տալիս էր, այ ախպեր ջան: Միայն էս վերջերս վերջապես կտրվեց: Ասեց. «Կներես, հարեւան, երեւի էլ չեմ կարող, իմ վիճակն էլ վիճակ չի»:



Այ, էդ արդեն հասկացանք, էդ արդեն մերն ա, հարազատ վիճակը` բոմժավարին: «Ոչինչ,- թփթփացրի ուսին,- ոչինչ, հարեւան ջան, պտի դիմանանք...,- ու մտքումս էլ,- բա, «կազյոլ», վերջապես եկա՞ր «հալի», ոնց որ կասեիր` փառք Աստծո...»:



Մի խոսքով` գնաց-փախավ: Նաեւ մեր շքամուտքի Վաղոն, երրորդ հարկի Գեւորգյանը, դիմացի շենքից` Կյաժ Ռուբոն, լրագրավաճառ Անոն... Հա, բայց վիճակներս էլի չի լավանում: Էս իմ բլոտի ընկեր Գուգոյի ասելով` պտի որ մանրից դառնայինք շատ գնահատված ու կարեւոր, մի տեսակ` թանկարժեք կապիտալ, բայց ո՞ւր ա` մոտեցող էլ չկա: Գուգոն էն օրն ասում էր.



- Մենք ենք սխալ, մենք մեր գովազդը չենք անում:



- Ո՞նց, Գուգո ջան,- ասում եմ,- ի՞նչ պտի անենք որ...



- Թեկուզ մեջքիդ ձեռքիդ հեռախոսի համարը գրես, հասցեդ, տակն էլ` հայտարարություն` «Վաճառվում եմ»:



- Ո՜... ո՞նց...,- թուքս կուլ եմ տալիս ես,- ո՞նց թե «Վաճառվում եմ», կարող ա՞ մի հատ էլ ավելացնեմ` «առանց միջնորդ, հայացքներս` արեւոտ, մշտապես նայում եմ Արարատի կողմը...»...



Բայց խելքիս նստում ա սրա ասածը: Իսկ ինչո՞ւ ոչ: Հաջորդ օրը էդպիսի մի ցուցանակ եմ սարքում, գցում վիզս ու սկսում ֆռֆռալ քաղաքում: Երկրորդ օրը մեկը զանգում ա:



- Ախպեր,- ասում ա,- իսկ չգիտե՞ս որտեղ են նվիրվում...



- Նվիրվո՞ւմ...,- մի քիչ շփոթվում եմ ես,- եսի՞մ, ես վաճառքի գծով եմ... Կարող ա եկեղեցի՞ն...



- Է...,- հոգոց ա քաշում սա,-... է... այ ախպեր, դրանք նվիրում չեն ուզում, դրանք մենակ նվերներ են ուզում...



Բայց, թո՛ւ-թո՛ւ, էս «գովազդս» ոնց որ կպնում ա: Մի երկու կազմակերպություն սկսում է զանգել ինձ, հետաքրքրվել իմ «վաճառքի» մեթոդով ու փորձով, հեռուստատեսությունից են գալիս-նկարում` որպես թրաֆիքինգի զոհ ու քաղբանտարկյալ, խղճի անխիղճ հալածյալ: Մի տարօրինակ կազմակերպություն էլ` «Սեռ առաջին հայացքից» անունով, ինձ նախագահ ա առաջարկում դառնալ: Իրենց մոտ իհարկե: Հա, ոչինչ, համաձայնում եմ: Ընտանիքիս բոլորին էլ տեղավորեմ էդտեղ, կնոջս` նախագահի խորհրդական, մեկ է, էնպես էլ գիշեր-ցերեկ գլխիս քարոզ է կարդում:



Մի խոսքով, կամաց-կամաց երկիր ենք ոնց որ վերադառնում, երկիրն էլ` մեզ: Մի քիչ էն բառերից եմ հուզվում-կարմրում, էն «պարոն նախագահ» դիմելաձեւից: Բայց ասում են` դա էլ է բնական, ժամանակի հետ կանցնի, հլա հակառակը` կարող ա դառնա անհրաժեշտ...



Հա, մեկ էլ Լութոյի մասին եմ մտածում, ավելի ճիշտ` իր էդ թողած բնակարանի: Ախր ինձ օֆիս է պետք, տարածք: Գործ ենք անում, չէ՞, էս երկրի համար: Ելան-գնացին տնաշենները, առանց մտածելու, որ էստեղ կյանքը պտի շարունակվի:



Էհ, ստիպված ենք մենք մտածել...



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ