Աշտարակում ոչ վարչական ռեսուրսն է գործի դրվել երբեւէ, ոչ էլ ընտրակաշառքը

Աշտարակում ոչ վարչական ռեսուրսն է գործի դրվել երբեւէ, ոչ էլ ընտրակաշառքը
Աշտարակում, ինչպես հայտնի է, 10-15 թեկնածուներ էին հավակնում քաղաքապետի պաշտոնին, շահագրգիռ էին թե մարզպետը, թե Աղվան Հովսեփյանը, թե ԲՀԿ-ն, սակայն փաստացի 5 թեկնածու առաջադրվեց: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է անկուսակցական Արմեն Անտոնյանը, ինքնառաջադրվել են քաղաքապետի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Հակոբյանը, ՀՀԿ անդամներ Ռուշան Մկրտչյանն ու Գագիկ Շահազիզյանը, անկուսակցական տնտեսագետ Ռազմիկ Տերտերյանը: Մեր զրույցը Ռազմիկ Տերտերյանի հետ:



- Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Աշտարակում թեկնածուները եռակի քչացան: Սկզբում 15 թեկնածուի մասին էին խոսում, բայց հինգն առաջադրվեցին: Ինչո՞ւ՝ ճնշումնե՞ր եղան: Մթնոլորտն ինչպիսի՞ն է այժմ Աշտարակում:



- Նախ ասեմ, որ շատ լավ, խաղաղ մթնոլորտ է: Մարդիկ պարզապես շփվեցին ժողովրդի հետ եւ հասկացան, որ իրենց հասարակական աջակցությունը շատ ցածր է, որոշներն էլ, որոնց կարելի է ավելի իշխանամետ համարել, տեսան, որ իշխանությունն աջակցում է այլ թեկնածուի, ինքնակամ հրաժարվեցին պայքարից: Թեպետ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն այստեղ դաշտն ավելի շատ ազատ է թողել, որովհետեւ ՀՀԿ-ի հովանավորյալ անկուսակցական թեկնածուից բացի առաջադրված են երկու ՀՀԿ-ականներ: Ես, սակայն, վստահեցնում եմ, որ ոչ մի պարագայում չեմ հրաժարվի պայքարից եւ չեմ հանի թեկնածությունս:



- Իսկ ինչի՞ շնորհիվ Անտոնյանն արժանացավ ՀՀԿ-ի հովանավորությանը: Վարկածներ կան, որ շնորհիվ իր բարեկամական-խնամիական կապերի: Ասում են նաեւ, թե ՀՀԿ թեկնածուն այնքան էլ հանրային աջակցություն չունի, իր մասնակցությամբ վերջին ընտրություններում ընդամենը մի քանի հարյուր ձայն է հավաքել:



- Ես չգիտեմ, թե նա ում բարեկամն է: Արմենն աշտարակցի է, եւ ինձ թվում է՝ իր բարեկամները պետք է լինեն աշտարակցիները, մնացածին ես տեղյակ չեմ: 99-ին, այո, ինքն առաջադրվել է եւ 4 թեկնածուների մեջ գրավել վերջին տեղը, իսկ աջակցության մասին աշտարակցիներն իրենց քվեով ցույց կտան:



- Բավականին ազդեցիկ մարդիկ էին շահագրգիռ իրենց թեկնածուներին անցկացնել, բայց չեղավ, մի քիչ կասկածելի է, որ հիմա այդ մարդիկ, այդ թվում, օրինակ, մարզպետը, գլխավոր դատախազը, չեն ցանկանա մուռ հանել եւ սատարել այլ թեկնածուի:



- Ես նման բան չեմ կարող ասել: Բայց մարզպետի մասին կարող եմ ասել, որ նա ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է եւ շահագրգիռ է, որ ՀՀԿ-ի թեկնածուն անցնի, նա պարտավոր է կատարել ՀՀԿ-ի որոշումները: Իսկ ես լավ հարաբերություններ ունեմ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հիմա ակտիվ բանակցություններ ենք վարում, որ սատարեն ինձ (ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն»): Ընդհանրապես Աշտարակում միշտ էլ արժանավոր թեկնածուն է հաղթել, դա է վկայում փաստը, որ քաղաքապետերը շուտ-շուտ փոխվել են: Ավելին՝ ես կարող եմ վստահեցնել, որ Աշտարակում, հատկապես ՏԻՄ ընտրություններում, ոչ վարչական ռեսուրսն է գործի դրվել երբեւէ եւ ոչ էլ առավել եւս ընտրակաշառքի մեխանիզմը: Մեզ մոտ կրիմինալ որեւէ բան լինել այս անգամ էլ չի կարող, որովհետեւ մենք բոլոր հինգ թեկնածուներով շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Տարբեր առիթներով հաճախ ենք մի սեղանի շուրջ նստում: Բոլոր ժամանակներում մենք ակտիվ դերակատարում ենք ունեցել Աշտարակի սոցիալ-տնտեսական կյանքում:



- Պարոն Տերտերյան, ներկայումս միտում կա, որ հայ գործարարների մի մասը բիզնեսը հանում է Հայաստանից, Դուք նման ցանկություն չունե՞ք, դեռ  ուզում եք մտնել քաղաքականություն, ինչո՞ւ:



- Նախ ասեմ, որ շատ եմ սիրում իմ հայրենիքը եւ դա զգացի, երբ 98-ին մեկ տարի աշխատեցի Քուվեյթում: Ինչպես գիտեք, Քուվեյթն աշխարհի հարուստ պետություններից է, եւ այնտեղ բոլոր հարցերը եւ հարաբերությունները կարգավորվում են ամերիկյան եւ անգլիական ստանդարտներով: Բայց մեկ տարի աշխատելով այնտեղ՝ զգացի, որ սերը հանդեպ իմ հայրենիքի, իմ Աշտարակի շատ մեծ է, եւ այդ պատճառով հրաժարվեցի նոր պայմանագիր կնքելու առաջարկից ու վերադարձա Հայաստան: Ես երդվել եմ, որ Հայաստանից մեկ ամսից ավելի չեմ բացակայելու: Մի կարեւոր պահ էլ կա Աշտարակից չբացակայելու համար՝ իմ նախնիները, ծնողները թաղված են Աշտարակում, նրանց գերեզմաններն այնտեղ են, եւ ես ինձ չեմ ների, եթե որեւէ պահ իմ մեջ ցանկություն առաջանա այցելել իմ նախնիների գերեզմանին, բայց զրկված լինեմ այդ հնարավորությունից:



Շիրիմներն ինձ շատ թանկ են, քանի որ ես կորցրել եմ ծնողներիս երիտասարդ տարիքում. 18-ում՝ մայրիկիս, իսկ 33-ում՝ հայրիկիս: Եղբայրս էլ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի, երկքաղաքացի է, ավարտել է Չիկագոյի համալսարանը, բայց ներկայումս ընտանիքով ապրում է Աշտարակում: Ես շրջագայել եմ աշխարհի շատ երկրներում՝ Եվրոպա, Միջին Արեւելք, Չինաստան եւ այլուր, բայց պետք է ասեմ, որ Աշտարակն իմ համար աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է՝ շնորհիվ բնության եւ աշխարհագրական  դիրքի:



- Երեւի իշխանությունները Ձեզ սիրում են, այլապես կճնշեին, եւ Դուք կլքեիք երկիրը՝ ինչպես շատերն են անում:



- Կարող ա սիրում են, որովհետեւ ես վատ տղա չեմ: Եվ չկարծեք, թե իմ բիզնեսի համար քաղաքական տանիքի ակնկալիքով եմ մտել պայքարի մեջ: Ինձ համար շատ հեշտ է գործարարություն ծավալել, որովհետեւ ես տնտեսական գիտությունների թեկնածու եմ եւ բոլոր օրենքները հասկանում եմ այնպես, ինչպես գրված են: Ավելին, 2007-2008 թթ. աշխատելով ԱԺ-ում որպես տնտեսական հարցերով փորձագետ, մասնակցել եմ օրենքների մշակմանը: Նաեւ աշխատել եմ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական, ասել է թե՝ մասնակից եմ եղել պետական կառավարման գործընթացներին, ղեկավարել եմ աշխատանքային խմբեր, որոնք մշակել են ծրագրեր, դրանց մեծ մասը կիրառվել են եւ տվել իրենց արդյունքը: Դուք տեսնում եք, թե ինչ թափով է զարգանում ԱԻՆ-ը՝ ի դեմս նախարարներ Մհեր Շահգելդյանի եւ Արմեն Երիցյանի: Հետեւաբար գտնում եմ, որ ես պետականամետ եմ եւ ոչ թե իշխանամետ, եւ այսօր մեր երկրում դժվար չէ ծավալել տնտեսական գործունեություն…



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ