ԲՀԿ-ՀՀԿ բարեկամությունը վերածնունդ է ապրում

ԲՀԿ-ՀՀԿ բարեկամությունը վերածնունդ է ապրում
Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Սերժ  Սարգսյանը երեկ մեկնեց Գյումրի` բժշկական կենտրոնի բացմանը: Սակայն իրականում այցն ուղղված էր իրենց թեկնածուին քաջալերելուն: Այնպիսի տպավորություն է, որ Բալասանյանը ԲՀԿ-ի հետ անգամ ձեւական կապ չունի ու ամբողջությամբ Սերժ Սարգսյանի հետ է: Բնականաբար, հետագայում Գյումրիի քաղաքապետը ՀՀԿ առաջնորդին երախտահատույց կլինի նախագահական ընտրություններում ցուցաբերված պատշաճ «պադդերժկայով»: Այնպես որ, վերջինիս երեկվա այցը չի կարելի դիտարկել միայն Գյումրվա ընտրությունների համատեքստում, կարելի է ասել՝ այսպիսով մեկնարկեց նաեւ նախագահական նախընտրական շոուն: Վերջին օրերին հեռուստաեթերից հնչած սպառնալիքների ու «կոշտ» ելույթների տրամաբանական շարունակությունն էր Գյումրվա այցը:



Ու որպեսզի այցը չմթագնվի տարբեր անցանկալի լուսաբանումներով, կազմակերպիչները երեկ թույլ չեն տվել, որ Գյումրիի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, «www. asparez. am» կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» եւ ԳԱԼԱ ՀԸ լրագրողները, «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցները ներկա գտնվեն ՀՀ նախագահի բրիֆինգին, ինչի կապակցությամբ  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելով տեղացի լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը:



«…«Ասպարեզ» ակումբն այն գնահատում է որպես խոսքի ազատության սահմանափակման խայտառակ դեպք եւ խտրականություն նույն մասնագիտության ներկայացուցիչների տարբեր խմբերի նկատմամբ: Դժվարանում ենք կռահել այս վերաբերմունքի իսկական դրդապատճառները, գուցե աշխատակազմը մտահոգ է եղել, որ տեղացի լրագրողները չպլանավորած ու արտասցենարային հարցեր էին հղելու Սերժ Սարգսյանին: Իսկ ներսում տեղ չլինելու մասին պատճառաբանություններն ուղղակի ծիծաղելի են. հիվանդանոցը բազմաթիվ սպասասրահներ ու դահլիճներ ունի»,- նշված է հայտարարության մեջ:



Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ասելիքին, ապա այն նվիրված է եղել ՀՀԿ-ԲՀԿ բարեկամությանը, ավելին՝ նա ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրենց «թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդ»: Հարցին, թե ինչու է Գյումրիի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը սատարում Սամվել Բալասանյանին եւ չի մասնակցում   սեփական թեկնածուով, Սարգսյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանն օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝  հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին.... Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք եւս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի»:



Ապա հայտարարել է, որ Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել. «Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ եւ եթե որեւէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթեւ ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները եւ հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, եւ կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել»:



Սերժ Սարգսյանը, զգացմունքային այս բացատրությունները տալով,  թերեւս մոռացել է, որ արատավոր մթնոլորտը ձեւավորել էր դարձյալ իրենց հովանավորյալը՝ Վարդան Ղուկասյանը, ով երեկ ուղեկցում էր նախագահին: Եվ մինչ այն պահը, երբ Գյումրիում ՀՀԿ-ն, ըստ էության, պարտություն կրեց, վայելում էր իշխանության հովանավորությունը: ԲՀԿ-ի հանդեպ Սերժ Սարգսյանի վեհանձն պահվածքը վկայում է նաեւ օրերս նախագահականում  Ծառուկյանի հետ ունեցած զրույցի արդյունքների մասին: Հավանաբար, կողմերին հաջողվել է նախագահական ընտրությունների գործարքը փոխշահավետ կոմպրոմիսով ուրվագծել: Ինչ վերաբերում է Գյումրիի նախընտրական մթնոլորտին, ինչպես գյումրեցիները գնահատեցին, «մեռած վիճակ է», հայտնի է «ընտրվողը», ակտիվ են միայն ավագանու որոշ թեկնածուներ՝  ի դեմս «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ նրա համախոհների: