Վարդան Օսկանյան. Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական եւ իրավական առումներով նողկալի է

Վարդան Օսկանյան. Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական եւ իրավական առումներով նողկալի է
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ելույթը Ազգային ժողովի արտահերթ նիստին. 5-ը սեպտեմբերի, 2012 թվական

Հարգարժան խորհրդարան,



Նախ ուզում եմ գլուխ խոնարհել Գուրգեն Մարգարյանի հիշատակի առջեւ եւ հարգանքի տուրք մատուցել նրա հարազատներին: Մենք ազգովի ցնցվեցինք ու զայրացանք, երբ տեղի ունեցավ մարդասպանի արտահանձնումը Ադրբեջանին: Պատկերացրե՛ք Մարգարյանի հարազատների վիշտն ու ցավը, հիասթափությունն ու զայրույթը, երբ իրենց զավակին կացնահարած ոճրագործը հայտնվում է ազատության մեջ իր իսկ հայրենիքում:



Նախ եկե՛ք համարձակություն ունենանք ընդունելու եւ արձանագրելու, որ մեր բոլորի զայրույթի եւ հիասթափության պատճառներից մեկը նաեւ մեր կառավարության անգործությունն ու թերացումն է այս հարցում: Անընդունելի եւ անհասկանալի է, որ մեր ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանը՝ Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան գերատեսչություններով, այս ամենի մասին իմանում է ոճրագործի՝ Բաքու ժամանելուց հետո: Պարզապես անբացատրելի է, որ շաբաթներ առաջ հունգարահայ համայնքի, հայկական կազմակերպությունների ահազանգերից հետո ոչինչ չի արվել մեր գերատեսչությունների կողմից: Անբացատրելի եւ անընդունելի է, որ մեր գերատեսչությունները հետեւողական չեն եղել այս հարցում եւ հենց առաջինը չեն իմացել, որ Հունգարիան Ադրբեջանի հետ նման գործարքի է գնում: Ես կարծում եմ, որ այս խորհրդարանը բացատրություն պետք է պահանջի կառավարությունից:



Ես պարզապես կասկած չունեմ, որ այն ամենը, ինչ առ այսօր որպես արձագանք մենք արել ենք, որպես սպառնալիք անեինք երկու շաբաթ առաջ, Սաֆարովն այսօր կլիներ իր խուցում:



Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական եւ իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաեւ Հունգարիայի պատմության եւ ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:



Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:



Արդբեջանի մասին նույնիսկ չեմ ուզում խոսել: Նրանք պարզապես աշխարհին ցույց տվեցին իրենց իսկական դեմքը, այն, ինչ հայերս վաղուց գիտեինք ու բարձրաձայում էինք:



Այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրանից պետք է դասեր քաղել ու շարժվել առաջ: Ամենամեծ դասը մեզ համարայն է, որ նման անակնկալներ նորից կարող են լինել: Դրանք կարող են շատ ավելի ճակատագրական լինել մեր պետության ու ժողովրդի համար, ուստի հենց այս պահից ամեն ինչ պետք է անել բացառելու նման անակնկալները:



Մենք պետք է կարողանանք այսօր ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականը տալ: Ես կարծում եմ, որ ճիշտ քայլեր անելու դեպքում Արցախի հարցում մենք կարող ենք դիվանագիտական հաջողություններ արձանագրել:Արդեն ճիշտ պահն է, որ օգտագործելով այս առիթը՝ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքի ամրագրումից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգայնորեն ամրագրմանը:



Բնականաբար այս ընդհանուր ձեւակերպումը ենթադրում է մանրամասն ծրագրավորում, գաղափարական հենք, դիվանագիտական միտք, բազմակողմանի գործունեություն՝ Հայաստանի գործադիր, օրենսդիր մարմինների եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների ակտիվ եւ ներդաշնակ քայլերի համադրմամբ: Այս բոլորի արդյունավետության համար մեզ անհրաժեշտ է նաեւ ներքին համերաշխություն, քաղաքական առողջ մթնոլորտ եւ ժողովրդավարական արժեքների գերակայություն:



Ժամանակն է միասնական եւ համարձակ քայլերի: