Ալիեւի գործն արդար է, Ալլահը նրան օգնական

Ալիեւի գործն արդար է, Ալլահը նրան օգնական
Ոչխարին ազգի հերոսը դարձնելով՝ Ալիեւը դե ֆակտո ճանաչեց Արցախի անկախությունը: Եվ Ալիեւը վերջին շնչավորներից մեկն էր Ադրբեջանում, որ արեց դա: Սա մերկապարանոց հայտարարություն չէ:



Ով դրսերում շփվել է ադրբեջանցի արտագաղթածների հետ, կհաստատի, որ նրանք ոչ միայն «Ղարաբաղ» բառն այլեւս լսել չեն ցանկանում, այլեւ յոթհարկանի հայհոյանքներով են հիշում իրենց առաջնորդներին (քաղաքական եւ հոգեւոր), երբ խոսք է բացվում հայ-ադրբեջանական պատերազմի, քսան տարուց ավելի ձգվող հակամարտության ու այդ ամենի հետեւանքների մասին: Նույնը, վստահաբար կարող ենք ասել, Ադրբեջանում է կատարվում, միայն թե ոչ այն ազատությամբ, որ անում են Մոսկվայում ապրող ու աշխատող մեր ճանաչած հարյուրավոր ադրբեջանցիները: Ալիեւն այս քայլով, փաստորեն, փորձել է առկա մթնոլորտը մի փոքր փոխել, հայրենասիրություն առաջ բերող իմպուլսներ փոխանցել իր հպատակներին: Բայց սա արդեն վերջին փրփուրն էր, որից կախվեց Ալիեւը:



Եթե մենք Ադրբեջանը դիտարկենք որպես բազմաշերտ հասարակություն, իսկ դա հավանաբար այդպես է, անզեն աչքով էլ կարող ենք տեսնել այն հակասությունները, որոնք արդեն կան ու շարունակում են խորանալ Սաֆարովի պատմության հետ կապված: Նախ՝ պետք է առանձնացնել Ալիեւի այս տվայտանքներին բոլորովին անտեղյակ խավը: Պայմանականորեն դա անվանենք խաշնարած-բանջարագործների խավ, որ անհաղորդ է քաղաքական ու պետական կյանքին: Մենք էլ ունենք դրանից: Ադրբեջանի պարագայում դա մի հսկայական մարդազանգված է, որ ապրում է Բաքվից հեռու, բանուկ ճանապարհներից դուրս, սկսած այն կետից, որտեղ վերջանում է ասֆալտը: Այդ խավի գերակշիռ մասն այսօր տեղյակ էլ չէ, թե ինչ է արել իր երկրի ղեկավարը: Հաջորդ խավը, որի համար Ալիեւի գործողություններն ընկալվում են որպես ձայն բարբառո հանապատի, դա արտագաղթածներն ու նրանց ընտանիքներն են, ովքեր, ինչպես արդեն ասացինք, «Ալիեւ», «պատերազմ», «Սաֆարով» ու այս կարգի բառերը առանց ճոխ հայհոյանքի համադրության չեն կարողանում արտաբերել: Մանավանդ այսօր, երբ նրանք դրսում ամեն քայլափոխի լսում են հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը դատապարտող հայտարարություններ, ամոթահար են լինում ոչ միայն իրենց հայ գործընկերների, այլեւ հյուրընկալ երկրի մարդկանց առաջ, որ իրենց ընդունել ու աշխատանք են տվել եւ երբեք չեն հայտարարել, որ ադրբեջանցի սպանելը հերոսություն է:



21-րդ դարում, սա ասում ենք վստահ, այլեւս չկա մի երկիր, մի հասարակություն, որ չունենա մտավորականություն, համաշխարհային գործընթացներին սեփական աչքերով հետեւող մարդկանց խումբ, արվեստի, գրականության գործիչներ եւ այլն: Ադրբեջանը եւս պիտի որ բացառություն չկազմի: Որքան էլ թույլ լինի այդ խավը, միեւնույն է, այն որոշակի ազդեցություն ունի շատ ավելի լայն շրջանակների վրա, քան ինքն է իր ծավալով զբաղեցնում հասարակության մեջ: Սրան ավելացնելով նաեւ ընդդիմությանն ու իշխանությունների քաղաքական հակառակորդներին, մենք կարող ենք ադրբեջանական հասարակության մեջ առանձնացնել եւս մի շերտ, որ, մեղմ ասած, առանձնապես ոգեւորված չէ Ալիեւի քայլերով ու հատկապես այս վերջին արկածախնդրությամբ:



Եվ, վերջապես. Ադրբեջանում, բացի ադրբեջանցիներից, ապրում են բազմաթիվ այլազգիներ՝ լեզգիներ, ռուսներ, հայեր (չնայած հակամարտությանը), թալիշներ, ավարներ, ուկրաինացիներ, վրացիներ, հրեաներ, չտարորոշված թաթեր, թյուրքեր, թաթարներ եւ այլն: Արդյոք անխտիր բոլոր թվարկվածների ու չթվարկվածների համար Սաֆարովը հերո՞ս է, ինչպես կարծում է Ալիեւը:



Ադրբեջանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում՝ ցույց տալու համար, որ Սաֆարովի վերադարձն ու հերոսացումը համազգային տոնախմբություն է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ՝ հանդիպումներ, ծաղիկներ, ելույթներ, ուսադիրներ եւ այլն: Սա պարզապես ինքնախաբկանք է, որ միտված է առաջին հերթին Ալիեւների միֆը, նրանց ընկած հեղինակությունը վերաթարմացնելուն: Իլհամ Ալիեւն ինքը քաջ գիտակցում է այդ ամենը, նա մեզնից ավելի լավ է հասկանում, որ այդ քայլով չի կարող վերադարձնել աստիճանաբար իրենից հեռացող հասարակությանը, ավելին՝ որ չի կարող խուսափել միջազգային ճնշումներից: Բայց նա այլ ելք չուներ այդ հասարակության գոնե մոլեռանդ եւ ռեւանշիզմով տառապող հատվածն իր շուրջ պահելու համար: Այսօր հասարակության հենց այդ հատվածի շնորհիվ է նա տեսնում ու պատկերացնում իշխանության գլուխ մնալու իր հետագա հնարավորությունները: Ավաղ:



Ժամանակները փոխվել են: Ի՞նչ կարող ես անել՝ իմաստուն հայր Ալիեւի որդին էլ կարող է սխալ հաշվարկներ անել: Ադրբեջանը, Իլհամ Ալիեւն էլ հետը, չեն հասկանում, որ իրենց սարքած այդ տոնախմբությամբ, կեղծ ուրախության այդ բացականչություններով ընդամենը նշանավորում են Արցախի վերջնական ազատագրումն իրենց լծից ու տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության դե յուրե ճանաչման մեկնարկը:



Այսքանից հետո մնում է նրանց ջերմորեն մաղթել՝ հաջողություն ձեր աշխատանքներին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ