Ո՞ր երկրի օրենքներով է հանցագործի աշխատավարձը կուտակվում

Ո՞ր երկրի օրենքներով է հանցագործի աշխատավարձը կուտակվում
Վերջին օրերին Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը դարձել է միջազգային մամուլում քննարկվող ամենասենսացիոն լուրը: Ամբողջ աշխարհը քննադատում է Հունգարիային եւ Ադրբեջանին՝ տարածաշրջանային անվտանգությունը վտանգելու համար, իսկ վերջիններս ինչ-որ միջազգային կոնվենցիաներ են մեջբերում` արդարացնելու այս խայտառակ առեւտուրը: Այնպիսի տպավորություն է, կարծես աշխարհն այդ կոնվենցիաներից եւ օրենքներից տեղյակ չէ, իսկ Հունգարիան եւ Ադրբեջանը մի նոր բացահայտում են անում, թե մեզ` հայերիս, թե ամբողջ միջազգային հանրության համար: Ինչեւէ, Սաֆարովի էքստրադիցիայի ճիշտ եւ սխալ լինելու մասին  խոսելն անգամ ավելորդ է, քանի որ աշխարհում գեթ մեկ թերթ անգամ չմնաց, որ «թուքումուր» չանի եւ մեր արեւելյան հարեւանին, եւ ԵՄ-ի արեւելյան անդամին: Իսկ Ադրբեջանը գնալով ավելի է խճճվում իր իսկ խառնած կծիկի մեջ:



Ծանոթանալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսքերովի պատասխանին ԱՄՆ Պետդեպի քննադատությանը` հանդիպում ես մի շատ ուշագրավ հատվածի: Նա ասում է, որ, ըստ ադրբեջանական օրենքների, ցմահ դատապարտված քաղաքացիների պատիժը կարող է փոխարինվել մինչեւ 25 տարի ազատազրկմամբ: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որը Ռամիլ Սաֆարովն արդեն իսկ 8.5 տարի անցկացրել է անազատության մեջ, Հունգարիայում, Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներման շնորհումը կարելի է դիտել որպես ազատազրկում այնքան ժամանակով, որքան որ Սաֆարովն անցկացրել է Հունգարիայում:



Սա տարրական ցինիզմի դրսեւորում է պաշտոնական մակարդակով, բայց այն, թե ինչ է հետեւում այս ամենից հետո, պատկերացրեք, հիմարություն կոչելն անգամ բավականին մեղմ է: Վերոնշյալ հայտարարությամբ Ադրբեջանը փաստացի Սաֆարովին ճանաչում է որպես հանցագործ եւ դատապարտում 8.5 տարվա ազատազրկման: Ճիշտ է, հետո ներում է շնորհում եւ ազատում Ֆուադ Ալեսքերովի «փայլուն իրավական փաստարկներով», բայց, այնուամենայնիվ, «մարդը» դատապարտվում է: Ասացեք խնդրեմ, այդ ո՞ր երկրի օրենքներով է, որ հանցագործի աշխատավարձը կուտակվում է եւ վերադարձվում պատիժը կրելուց հետո, այդ ո՞ր երկրի օրենքներով են հանցագործներին պատիժը կրելուց հետո զինվորական կոչումներ շնորհում, եւ այդ ո՞ր երկրում են հանցագործներին պատիժը կրելուց հետո ապահովում բնակարանով: Ադրբեջանի պես «մարդասեր», «ժողովրդավար», «քաղաքակիրթ» երկիր կա՞ այս մոլորակի վրա: Իսկ գուցե Սաֆարովը դատապարտյալ չէր, այլ պարզապես հրաման կատարող կարգապահ զինծառայո՞ղ… Մի բան հստակ է. Ադրբեջանը սա չի մարսելու, քանի որ առայսօր չգտնվեց գեթ մեկ երկիր, որ ողջուներ նման ցինիկ առեւտուրը, որ տեղի ունեցավ Իշխանական Ադրբեջանում եւ Եվրոպական, ԵՄ անդամ (բառի ուղղակի իմաստով) Հունգարիայի պես պետության միջեւ:



ՀԳ - Նույնիսկ Թուրքիան ձայն չի հանում այս պարագայում` հետեւելով մի պարզ ճշմարտության. «Խորտակվող նավից պետք է հեռու մնալ,  թե չէ քեզ էլ կխորտակի»:



Էրիկ ԵՐԻՑՅԱՆ