Նավթ չունենք, բայց արժանապատվություն եւ համարձակություն պետք է ունենանք

Նավթ չունենք, բայց արժանապատվություն եւ համարձակություն պետք է ունենանք
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ



 



-Պարոն Սարգսյան, Հունգարիան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ նրան հերոսացրին, բնակարան նվիրեցին, կոչում բարձրացրին, համաձա՞յն եք, որ սա, մեծ հաշվով, հայկական դիվանագիտության պարտությունն էր:



- Անշուշտ, մեր դիվանագիտության, նախարարության մեղքը կա, ոչ մի կասկած, որ մեղք ունեն այս ամենի մեջ:



- Հայաստանն իր դիվանագիտական հարաբերությունները կասեցրեց Հունգարիայի հետ, ի՞նչ եք կարծում՝ դա ճի՞շտ քայլ էր:



- Այո, կասեցրել է հարաբերությունները եւ ճիշտ է արել:



- Այս օրերին բազմաթիվ ցույցեր եղան ԱԳՆ-ի եւ Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց, որտեղ, ի դեպ, ցույցի մասնակիցներն այրեցին Հունգարիայի դրոշը: Ինչքանո՞վ էր տեղին դրոշն այրելը:



- Հունգարական դրոշը չէր կարելի այրել, դրոշը հունգարացի ժողովրդին է ներկայացնում եւ ոչ թե կառավարությանը, դրոշն այրելը սխալ էր, պետք չէր դա անել:



- Այս օրերին շատերն են կարծիք հայտնում, որ Սաֆարովի հարցերը պետք է միայն վրեժով լուծել, եւ մեզ այսօր մի նոր Սողոմոն Թեհլերյան է պետք: Դուք կո՞ղմ եք խնդիրն այդ տարբերակով լուծելուն:



- Ոչ, դրանք մարդասպաններ են, եւ, իմ կարծիքով, Ադրբեջանը, Ալիեւը մեծ սխալ են արել, եւ եթե մենք չկարողանանք այս պահն օգտագործել, դա կնշանակի, որ մենք խելոք չենք, վախկոտ ենք, արժանապատվություն չունենք:



- Իսկ ի՞նչ քայլեր պետք է անել:



- Այն, ինչ պետք է արվի, անմիջապես պետք է ընդունել Ղարաբաղի անկախությունը, որ սկսվի նաեւ այդ գործընթացն աշխարհով մեկ, որովհետեւ պարզ էր, ու հիմա աշխարհին էլ պարզ դարձավ, որ հայերն Ադրբեջանի հետ մի պետության մեջ ապրել չեն կարող, այսինքն՝ պետք է սկսել այդ գործընթացը, սկզբում պետք է մեր կառավարությունն ընդունի Ղարաբաղի անկախությունը եւ հետո, եթե մեր արտաքին գործերի նախարարությունն ընդունակ է, ապա աշխարհով մեկ լրջորեն զբաղվի այդ խնդրով, դա էլ կլինի մեր հզոր հարվածը Ալիեւին:



- Հունգարիայի այս քայլն արդյո՞ք նշանակում էր, որ Հայաստանը միջազգային ասպարեզում չունի այն կշիռը, որի հետ հաշվի նստեն:



- Մենք փոքր պետություն ենք եւ կշիռ չունենք այն իմաստով, որ հարստություն էլ չունենք, նավթ չունենք, բայց արժանապատվություն եւ համարձակություն պետք է ունենանք: Մեր արժանապատվությունը մեզ ստիպում է դիմել այնպիսի քայլերի, ինչպիսին է Ղարաբաղի անկախության ճանաչումը, մեր արժանապատվությունը պահանջում է մեզանից, որ աշխարհի բոլոր պետություններն էլ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը:



- Այս օրերին շատ գրվեց, որ մեր իշխանությունները դեռ 20 օր առաջ են տեղյակ եղել Սաֆարովի արտահանձնման մասին, եթե 20 օր առաջ ինչ-որ քայլեր արվեին, հնարավոր կլինե՞ր կանխել այդ արտահանձնումը:



- Կարծում եմ՝ ոչ, հետո, անկեղծ ասած, ես չգիտեմ՝ դա ճի՞շտ է, որ տեղյակ են պահել, թե՞ ոչ, բայց ինչ էլ որ լիներ, դա պետք է անեին, որովհետեւ այսօր աշխարհում ուժը փողն է եւ անբարոյականությունը, փողը տալիս են, կաշառում են եւ անում են այն, ինչ ուզում են, ո՞ւմ չեն կաշառում այսօր:



- Ստացվում է, որ Հայաստանը նորից հայտնվեց գերտերությունների շահերի արանքում:



- Այո, միշտ էլ այդպես է եղել, ու հիմա նորից է հայտնվել, բայց սովորաբար մեզ պահել ենք ոչ համարձակ, ոչ արժանապատիվ, այսօր այն պահն է, երբ մեզ պետք է պահենք արժանապատիվ, համարձակ եւ անենք այն, ինչ ասացի: