ՕԵԿ-ում քաստինգ, հետո նոր՝ կուստոմս

ՕԵԿ-ում քաստինգ, հետո նոր՝ կուստոմս
Հարցազրույց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ.



-Պարոն Մարգարյան, խորհրդարանական ընտրություններից հետո վերակազմավորման գործընթաց հայտարարեց ձեր կուսակցությունը, եւ հայտարարվեց, որ այն կավարտվի սեպտեմբերին, մինչդեռ ավարտվեց հուլիսին, ինչո՞ւ, եւ ի՞նչ տվեց դա ՕԵԿ-ին: Տիկին Բիշարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ պատեհապաշտներից ազատվելու գործընթաց էր սա ըստ էության:



- Իրականում մենք հիմնականում դժվարացրինք մուտքն ՕԵԿ, ըստ էության, սահմանեցինք փորձաշրջան, չնայած մի քիչ բարդ է, որովհետեւ չկա համապատասխան հնարավորություն, թե տվյալ քաղաքացին ինչու է փորձում անդամակցել կուսակցությանը՝ ծրագրերի, գաղափարների՞, թե՞ անձնական շահագրգռվածության համար:



- Ինչպե՞ս բարդացրիք մուտքը, քննություն, թեստե՞ր պետք է հանձնեն ՕԵԿ-ականները, թե՞ այլ հնարքներ եք գտել:



- Ոչ, պարզապես ՕԵԿ-ին անդամակցության համար պետք է. 1. առնվազն երկու մեր կուսակցական հստակ երաշխավորում, 2. տվյալ կուսակցականը տվյալ տարածաշրջանի խորհրդով պետք է մտնի կուսակցություն, եւ երրորդ՝ տվյալ կուսակցականը պետք է անցնի փորձաշրջան: Այսինքն՝ նա որպես համակիր մնում է դիմումը ներկայացնելուց հետո, հետո անցնում է որոշակի փորձաշրջան:



- Լավ, ի վերջո կասե՞ք՝ ի՞նչ ասել է փորձաշրջան, երդում է տալիս, քննություն….



- Դե գիտեք, սա ես միշտ օրինակով եմ այս հանգամանքի վերաբերյալ փորձում խոսել, ես եւ դուք եթե գնանք օդանավակայան, օդակայանում հատուկ սարքավորում կա, որ եթե մեր գրպանում կա չգիտեմ 30 գրամից ավելի մետաղ, ձայնային ազդանշան է տալիս, զգացվում է, որ իմ եւ ձեր մոտ մետաղ կա…



- Նման սա՞րք եք ձեռք բերել…



- …Այսինքն՝ մենք չունենք հիմա համապատասխան սարքավորում, որպեսզի որոշենք դրա նպատակը, այսինքն՝ նա գալիս է անձնական խնդիր լուծելո՞ւ եւ այլն, եւ այլն: Ինձ թվում է, որ փորձաշրջանը որոշակիորեն կնպաստի նաեւ որոշում կայացնելու հարցում, որոշակիորեն ես չեմ ասում:



- Տիկին Բիշարյանն ասել է, որ գործընթացը պատեհապաշտներից ազատվելու համար էր…



- Ոչ միայն… Գիտեք, ընտրությունից ընտրություն ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ բոլոր կուսակցությունները մաքրվում են պատեհապաշտներից: Գիտեք ինչ, մենք միշտ ունեցել ենք կուռ թիմ, եւ ես չէի ուզենա, որ ոչ միայն ՕԵԿ-ում, այլեւ հայրենի քաղաքական դաշտում այդ երեւույթը գնահատականի արժանանա, այսինքն, որ կան պատեհապաշտներ, մորթապաշտներ, աթոռապաշտներ: Չնայած ես միշտ ասել եմ եւ կասեմ, որ մենք պետք է փորձենք հասարակության մոտ կամ պետական մակարդակով ոչ թե խրախուսենք դա, այլ հակառակը՝   պարսավենք: Պետք է այնպես անենք, որ չկրկնվի:



- Չե՞ք կարծում, որ դա Արթուր Բաղդասարյանն է նաեւ խրախուսում: Այս ընթացքում ՕԵԿ շարքերը մտած, ապա կուսակցությունը լքած որոշ անձինք ասում էին, որ իրենք «քցվել» են, որ իրենց պաշտոններ են խոստացել իրենց ներդրումների դիմաց եւ այլն, եւ այլն…



- Նախ, Արթուր Բաղդասարյանի նման եզակի մարդ-առաջնորդ, որին նախանձում են բոլորը, ես չգիտեմ, էլի, ես հպարտ եմ, որ Արթուր Բաղդասարյանի պես կուսակցության ղեկավար ունեմ, ինձ համար իմ կուսակցությունը տուն է, օջախ է, ընտանիք է, եւ Արթուր Բաղդասարյանն իմ առաջնորդն է: Եվ այդպիսի պարկեշտ, շիտակ, գրագետ անձնավորություն… նա եզակի անձնավորություն է: Չգիտեմ, էլի… շատ չար լեզուներ կան, ինչ ասես՝ ասում են: Շատ հաճախ փորձում են կատարած սեփական մեղքը գցել ուրիշի վրա, սա ընդունված է հասարակության մեջ: Հիմա պատեհապաշտը պետք է մեղադրի ուրիշին. սա կյանքի օրենքն է: Մեր երկիրը փոքր է, եւ բոլորը բոլորին լավ ճանաչում են:



- Այնուամենայնիվ կասե՞ք, շա՞տ էին պատեհապաշտները, եւ հայտնի անուններ կայի՞ն:



- Ես չեմ ուզում անուններով անդրադառնալ, շատ ու քիչ, իհարկե, բոլոր տեղերում էլ կան, եղել են, եւ որեւէ քաղաքական ուժ երաշխավորված չէ:



- Լավ, իսկ ինչո՞ւ եք գաղտնի պահում՝ որքան մարդ է նոր կարգով անդամակցել ՕԵԿ-ին, ընտրությունները դաս եղա՞ն ձեզ:



- Չենք խուսափում, ուղղակի այդ պրոցեսն անընդհատ շարունակվում է, եւ ես չեմ ուզում թիվ հրապարակել:



- Ասում են՝ գործարար հատվածը չի պատրաստվում կրկին վերաանդամակցել, օրինակ, Մադաթյան Էդուարդը, Արայիկ Հայրապետյանը…



- Գիտեք ինչ, չեմ ուզում անուններով խոսել, գործընթացն ընթացքում է, եւ վերջնական պահով միայն անուններով կխոսենք: