Պաշտոնանկություններ ՊՆ-ում

Պաշտոնանկություններ ՊՆ-ում
Դեռ նախօրեից պաշտպանության նախարարությունում լուրեր էին շրջանառվում, թե ոլորտում հաջորդ պաշտոնանկ արվողը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն է: Նշենք, որ վերջինս սպառազինության, գնումների, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն է: Նրա ձեռամբ են որոշվում նաեւ տենդերների հաղթողները, կարճ ասած՝ վարից վեր ֆինանսական հոսքեր ապահովողն է, դրանից բխող հետեւանքներով: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական առանցքային գործառույթներ իրականացնող այս պաշտոնյայի հեռացումն առաջին հայացքից անհավանական էր թվում, սակայն նախօրեին, օրվա վերջին ՀՀ նախագահի հրամանագիրը եղավ:  Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ աշխատանքից ազատվեցին  Յուրի Խաչատուրովի  տեղակալ Վալերի Նարիմանիչը եւ ՀՀ զինկոմ Սերգեյ Չալյանը, ինչը կապված էր զորակոչի ընթացքում կատարված բացահայտումների հետ:



Նշենք, որ ինչպես բացահայտվել էին առողջ զինվորներին ծառայությունից ազատելու, այնպես էլ առողջական խնդիրներ ունեցող զինվորներ զորակոչելու դեպքեր: Իսկ ՊՆ-ում պաշտոնական մակարդակով շարունակում են հայտարարել, թե պաշտոնանկություններն առաջիկայում էլ չեն բացառվում: Ի դեպ, դրանց որոշ մասն այդպես էլ չի հրապարակվում՝ «թշնամուն» չուրախացնելու մտայնությունից ելնելով: