Եվրախորհրդարանի բանաձեւն ապտակ էր մեզ համար

Եվրախորհրդարանի բանաձեւն ապտակ էր մեզ համար
Եվրախորհրդարանը երեկ 58 կողմ, 13 դեմ եւ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ադրբեջանի հարցով սպասված բանաձեւը, որն առնչվում է Ռամիլ Սաֆարովի կատարած հանցագործությանը եւ հենց այդպես էլ կոչվում է՝ «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սաֆարովի գործը»: Այս փաստաթուղթը կարելի է դատապարտող անվանել, որի թիրախում, սակայն, միայն մեկ երկիր է՝ Ադրբեջանը. «Եվրախորհրդարանը նշում է, որ այն դեպքում, երբ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի որոշումը հղում է անում «Դատապարտվածների արտահանձնման մասին կոնվենցիային», այն չի համապատասխանում այդ միջազգային համաձայնագրի ոգուն, որը մշակվել էր այն բանի համար, որպեսզի թույլ տա ուրիշ երկրում ազատազրկված դատապարտվածներին մնացած ժամկետն անցկացնել մեկ այլ պետության տարածքում։



Եվրախորհրդարանը Ադրբեջանի նախագահի՝ Սաֆարովին ներում շնորհելը գնահատում է որպես դիվանագիտական երաշխիքի խախտում, որն այս դեպքում տրվել էր Հունգարիայի իշխանություններին Ադրբեջանի կողմից՝ «Դատապարտվածների արտահանձնման մասին կոնվենցիային» հղումով։



Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումն ու նրա մայորի աստիճանի կոչումը բարձրացնելու, 8 տարվա աշխատավարձ վճարելու որոշումը եւ մտահոգված է այն օրինակով, որն ապագա սերունդներին է տրվում, եւ այն ճանաչմամբ, որին նա արժանացել է ադրբեջանական պետությունում»: Սակայն բանաձեւը ոչ թե պարտավորեցնող, այլ դեկլարատիվ բնույթ ունի, նույնիսկ՝ բարոյախրատական, եւ չի արտահայտում Հունգարիայի գործողությունների գնահատականը: Արձանագրված է նաեւ, որ Սաֆարովի արտահանձնումը նպաստել է տարածաշրջանում լարվածության սրմանը. «Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի նախագահի՝ ԵՄ անդամ երկրում պատիժը կրող դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու որոշումը, գնահատում է այն որպես ժեստ, որն ուղղված է էլ ավելի սրելու երկու երկրների միջեւ առկա լարվածության էսկալացիան եւ որն ավելի է սրում անարդարության զգացումը՝ այդպիսով ավելի մեծացնելով երկու երկրների միջեւ առկա անդունդը։ Եվրախորհրդարանը մտահոգված է այն փաստով, որ այդ գործողությունը վտանգում է հանրությունների հաշտեցման բոլոր գործընթացները եւ կարող է վնասել հնարավոր ապագայի խաղաղ հարաբերությունները տարածաշրջանի քաղաքացիների միջեւ»:



Առանձին, 6-րդ կետով, անդրադարձ է արվում Ղարաբաղի խնդրին. «Եվրախորհրդարանը կարծում է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տեղ գտած դժգոհությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում որեւէ նշանակալի առաջընթացի բացակայության հետ, չի արդարացնում ոչ վրեժխնդրության գործողությունները, ոչ անիմաստ սադրանքները, որոնք ավելորդ լարվածություն են մտցնում առանց այն էլ լարված եւ փխրուն իրադրությունում»։ Ինչպես եւ սպասվում էր, «բարի» եվրոպացիք կոչ են անում շարունակել կարգավորման գործընթացը, իսկ Ադրբեջանին հորդորում են բարեփոխել դատական համակարգը: Այս բանաձեւն իր տոնայնությամբ ու ոգով հիշեցնում է հայաստանյան ընտրությունները դիտարկող եվրոպական տարբեր կառույցների անկիրք գնահատականները, որոնք ավելի շատ լեգալիզացնում են ապօրինություններն ու կեղծիքը, քան օգնում դրանք վերացնել: Այս իմաստով Եվրախորհրդարանի ռեակցիան կանխատեսելի էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի համար: «Դժվար թե Ադրբեջանն այս հաշվարկը չաներ,- կարծում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:- Մանավանդ, եթե խոսքը գնում է Ալիեւի մասին, որը միջազգայնագետ է իր կրթությամբ:



Կարծես թե Ադրբեջանի նպատակը հենց դա էր՝ ցնցել բոլորին սեփական քայլերի լկտիությամբ եւ անսքող մարտահրավերով: Իհարկե, այս բանաձեւով նրանք որոշակի վատ վիճակի մեջ ընկան միջազգային արենայում, բայց նրանց համար դա երկրորդական է: Կարեւորն այն էր, որ նրանք ազդանշան տվեցին իսլամական աշխարհին, հասկացրին, որ հայի սպանելը հերոսություն է, եւ եթե մինչեւ Սաֆարովի արտահանձնումը, ասենք, Սիրիայում հայերին չէին սպանում, հիմա այնտեղ հայերին սպանում են»: Այնուամենայնիվ, Հմայակ Հովհաննիսյանը եւ երեկ փաստաթղթի կապակցությամբ արտահայտված մեր քաղաքագետների մի մասը կարծում են, որ այն ճիշտ օգտագործելու դեպքում կարող է օգտակար լինել Հայաստանի համար: «Օգտագործողից է կախված, եթե դա որոշակի քայլերի նախագծում տեղավորվի, հետեւողական ճանապարհով արվի, հնարավոր է օգուտ ստանալ»,- ասում է նա:



Քաղաքագետների մյուս մասն էլ գտնում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը ոչինչ չի տա Հայաստանին: «Շատ հետաքրքիր բանաձեւ է,- ասում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:- Փաստորեն, այն կոչված էր մի բանի համար՝ Հունգարիային մաքրել եւ ողջ թուքումուրը լցնել Ադրբեջանի վրա: Բացի այդ, այս փաստաթուղթը մեզ հավասարեցրեց Ադրբեջանին: Համարում եմ, որ այն ուղղակի ապտակ էր մեզ համար»: