Էվրիկա. Նարեկ Սարգսյանը լավ բան ասաց

Էվրիկա. Նարեկ Սարգսյանը լավ բան ասաց
Ո՞վ է ասում, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չի կարող լավ բան անել, որ ընդունակ է միայն վատն անելու, մայրաքաղաքի դեմքն աղճատելու, թամանյանական Երեւանից մեկ այլ բան ստանալու, աններդաշնակ ու անհամաչափ շենքեր կառուցելու եւ նման կարգի չար ու չկամ բաների: Իսկ երեկ, հանկարծ, լրագրողների ներկայությամբ, Նարեկ Սարգսյանը լավ բան ասաց. «Երեւանի կենտրոնում կան կիսակառույցներ կամ տարածքներ, որոնք չեն կառուցապատվում եւ այդ վիճակում մնացել են: Այդ տարածքները բոլորիդ համար տեսանելի են եւ բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար եւ մեզ համար»:



Այդ տարածքները, ըստ գլխավոր ճարտարապետի, քաղաքում շատ են, բայց դրանցից ամենացցունները, որոնց մասին անընդհատ խոսվում է, «Դվին», «Սեւան» հյուրանոցներն են, Աբովյան փողոցի վրա՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հատվածը, Երիտասարդական պալատը, Երկաթգծի կայարանի հրապարակը: Իսկ արդարադատության այրված շենքի տարածքում կառուցվելու են վարչական շենքեր:



Տարիներ շարունակ մեզ տհաճություն պատճառող եւ քաղաքին տեղ-տեղ ռմբակոծված տեսք հաղորդող այդ կիսակառույցների ու ավերակների ճակատագրի վերաբերյալ իշխանությունն իր դատավճիռն է կայացրել. «Կառուցապատողները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարան ներկայացնել իրենց շինարարական ներդրումային ծրագրերը եւ դրանց հիման վրա կնքել պայմանագրեր ժամկետների, օրացուցային գրաֆիկի եւ շինարարության ավարտի վերաբերյալ: Հակառակ դեպքում մենք իրավական դաշտում ունենք հնարավորություններ՝ դիմել կառավարություն եւ այդ տարածքները ճանաչել գերակա շահ»: Վաղուց ժամանակն էր:



Թերեւս անցյալում էլ են նման փորձեր եղել, բայց՝ անհաջող: Տեսնենք, թե ինչն է փոխվել: Հյուսիսային պողոտային էլ անդրադարձավ գլխավոր ճարտարապետը, որ առաջիկայում նախատեսվում է լայնամասշտաբ ծրագիր իրականացնել, սալահատակը փոխել, գեղարվեստական լուսավորություն քաշել, նոր նստարաններ տեղադրել եւ պողոտան վերջնական տեսքի բերել: Ուշադրություն դարձրեք՝ կանաչն ավելացնելու մասին ոչ մի խոսք: Իսկ Հյուսիսայինի անմարդաբնակ լինելու մասին ուղղակի ասաց. «Բնակիչներն այնտեղ կապրեն, թե չեն ապրի, դա չի խնդիրը քաղաքի»: Սա նույնն է, որ Սերժ Սարգսյանն ասի, թե ոչինչ, որ Հայաստանում հարաճուն արտագաղթ է, կարեւորը՝ երկիրը կա, եւ ես դրա նախագահն եմ:



 Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ