Սեպտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանն ասելիք կունենա, բայց ոչ որոշում

Սեպտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանն ասելիք կունենա, բայց ոչ որոշում
Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ուշի ուշով սպասում են սեպտեմբերի 21-ին՝ ակնկալելով, որ հենց այդ օրը ՀԱԿ-ը ներքաղաքական կյանքում որոշակի հստակություն կմտցնի՝ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին  հստակ հայտարարություն անելով: Չէ՞ որ 2007-ի հենց այդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Տեր-Պետրոսյանն ազդարարեց իր վերադարձի մասին: Միայն թե այն ժամանակ քաղաքական իրավիճակն էր այլ, նրա կողքին էին բազմաթիվ մարդիկ, ովքեր այլեւս, հայտնի պատճառներով, ՀԱԿ-ում չեն: Հինգ տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, նույն խնդրի առաջ է կանգնած, եւ, ի տարբերություն հնգամյա վաղեմության, ասում են՝ այսօր դեռեւս որոշում չունի:



Որոշման բացակայության մասին է վկայում սեպտեմբերին նախատեսված հանրահավաքի ձգձգումը, ինչի մասին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է Կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ: Չկա որոշում, չկա ասելիք, հետեւաբար հանրահավաք անելու անհրաժեշտություն՝ եւս: Մանավանդ որ դեռ հունիսի հանրահավաքը, երբ արդեն հայտնի էր, որ ՀԱԿ-ը վերցնում է պատգամավորական մանդատները, աչքի ընկավ իր սակավամարդությամբ, իսկ այժմ առանց լուրջ ասելիքի հանրահավաք հրավիրելն ընդհանրապես չի հասկացվի:



Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ անորոշության մեջ է, սակայն ՀԱԿ-ին մոտ կանգնած շրջանակները ենթադրում են, որ ՀԱԿ առաջնորդը սեպտեմբերի 21-ին Հրազդանի կիրճում կամ գուցե այլ վայրում համախոհների հետ հաստատ կնշի Անկախության տոնը: Ասում են՝ այդ օրը Տեր-Պետրոսյանը չի հայտարարելու նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին, անշուշտ,քաղաքական անդրադարձ կանի եւ այդ համատեքստում որոշակի խոսք կասի իր համակիրներին: Բայց այդ հավաքն անհրաժեշտ է՝ նախեւառաջ ցույց տալու, որ Կոնգրեսի շարքերը կուռ են, դեռ պատրաստ «ավազակապետության բուրգը» քանդելու, ու որ հինգ տարի անց շատ բան չի փոխվել, ինչպես չարախոսներն են պնդում: Իրականում ՀԱԿ-ում դեռ շարունակվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին խնդրելու եւ հորդորելու գործընթացը:



Մենք դեռ մեկ ամիս առաջ ենք անդրադարձել դրան՝ գրելով, որ ՀԱԿ վերնախավի՝ իրականությունը ռեալ գնահատող ներկայացուցիչները, համոզված լինելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում ՀԱԿ-ը կփլուզվի, նրան խնդրում-հորդորում են, անկախ ամեն ինչից, առաջադրել իր թեկնածությունը: Քանի որ ՀԱԿ-ի շուրջ համախմբվածության գլխավոր գործոնը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի անձն է, հավատը նրա անսխալականության ու հաղթողականության նկատմամբ: Ինքը՝ Տեր-Պետրոսյանն էլ է գիտակցում, թե ինչ է կատարվում Կոնգրեսում: Սակայն վստահաբար զգում է, որ այս պայմաններում մեծ է առաջադրվելու եւ ձախողվելու հավանականությունը: Իսկ այլ հավակնորդի էլ թիմը չի ընդունում: Որոշ ՀԱԿ-ականներ պնդում են, որ այդտեղ մեղքի իր բաժինն ունի նաեւ առաջին նախագահը, որն այդպես էլ  թույլ չտվեց, որպեսզի կառույցում ձեւավորվի այնպիսի մթնոլորտ, որտեղ կհասունանար ինքնաբավ քաղաքական գործիչների նոր շերտ, եւ նոր անձինք կժառանգեին գահը:



Մյուս կողմից՝ շրջապատն էլ առանձնապես չէր ընդդիմանում այդ մթնոլորտին, թեեւ ընդդիմացողներին էլ Տեր-Պետրոսյանը խառնակիչներ էր որակում: Հետեւաբար, այս մթնոլորտում նախագահական ամբիցիաներ դրսեւորած այլ ՀԱԿ-ականների՝ Հրանտ Բագրատյանի, Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունները միանշանակ չեն ընդունում այստեղ: ՀԱԿ շրջանակներից հայտնեցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենք հազար ու մի սցենար են ներկայացրել ՀԱԿ առաջնորդին, որոնց միջոցով կարելի կլինի կրկին որոշ չափով վերականգնել հանրության վստահությունը: Սակայն Տեր-Պետրոսյանը, ասում են, դեռ չի շտապում բացել խաղաքարտերը: Թիմակիցներն էլ պնդում են, որ, բացի նրանից, իրենք այլ թեկնածուի չեն պաշտպանելու: Տեր-Պետրոսյանը թերեւս կառաջադրվի այն պարագայում, երբ համոզված լինի, որ հակառակ դեպքում դա իսկապես կհանգեցնի ՀԱԿ վերջնական փլուզմանը, ինչը նրա համար ցանկալի չէ:



ՀԳ - Երեկ փորձեցինք պարզել՝ ե՞րբ է նախատեսվում սեպտեմբերին հայտարարված հանրահավաքը, սակայն լրագրողների դեմ մշտապես մարտնչող ՀԱԿ համակարգողն անդրդվելի մնաց եւ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ տեղյակ չէ: Պատգամավորը, սակայն, իր կարծիքն ասաց, որ դեռ նպատակահարմար չէ սեպտեմբերին հանրահավաք կազմակերպելը: Երբ քաղաքական գործընթացների որոշակի հստակեցում կլինի, այդ թվում Վրաստանի ընտրությունները կավարտվեն, ՀԱԿ-ն էլ ասելիք կունենա: Պատգամավորուհու խոսքով, հանրահավաք անցկացնելու ամենահարմար ժամկետը հոկտեմբերի 10-ից հետո կլինի: