Ոստիկանն ու գյուղացին փոխադարձ ապտակներ են հասցրել իրար

Ոստիկանն ու գյուղացին փոխադարձ ապտակներ են հասցրել իրար
Երեկ մենք տեղեկացանք, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի մի խումբ բնակիչներ նախօրեին երեք ժամ շարունակ փակել են կենտրոնական մայրուղու գյուղի հատվածը: Պատճառն այն է եղել, որ ոստիկանության Արարատի բաժնից նախապես հայտնել են, որ ստորագրությամբ ազատ կարձակվի օգոստոսի 4-ից կալանավորված Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանը, սակայն դրժել են խոստումը:



Գյուղապետի կողմնակիցներն էլ փորձել են վրեժխնդիր լինել եւ փակել ճանապարհը: Ժամեր անց սուրենավանցիների հերոսության մասին իմացել է մարզային ոստիկանությունը եւ մի քանի օպերների՝ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչի գլխավորությամբ, գյուղ ճամփել: Սակայն, երբ տաքացած ու վրդովված գյուղացիներն անդրդվելի են մնացել եւ անտեսել են ոստիկանության աշխատակիցների հորդորներն ու շարունակել փակ պահել ճանապարհը, իրավապահները դիմել են հայտնի մեթոդին: Առաջինը բարձրաստիճան ոստիկանն է գրպանից հանել հեռախոսը եւ սկսել նկարահանել ամբոխին, որպեսզի հետո հեշտ հաշվեհարդար տեսնի ակտիվ մասնակիցների եւ նախաձեռողների հետ:



Սակայն գյուղացիներից մեկը, որը, ըստ տեղացիների, թեթեւակի մտավոր թերություններ ունի, «ամենադուխովն» է գտնվել: Անմիջապես հարձակվել եւ գետնովն է տվել նկարահանող հեռախոսը: Անակնկալի եկած ոստիկանը զարմանքով հարցրել է՝ գիտե՞ս ես ով եմ, ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ եմ, օրենք ես խախտում: Մեր Արմենը ոչ տարել, ոչ բերել՝ ասել է. «Հա, ի՞նչ անեմ, ես էլ Արմենն եմ»: Ոստիկանը, չտիրապետելով իրեն, ապտակել է բնակչին, որն այս հարցում էլ տակ չի մնացել ու մի լավ ապտակ էլ ինքն է հասցրել: Միջադեպից հետո բարձրաստիճանն օպերներին «իշմար» է տվել «կանդալել» անհնազանդ սուրենավանցուն, բայց գյուղացիների միջամտությամբ նա ազատ է արձակվել: Ինչեւէ, իրավապահներն ի վերջո կարողացել են համոզել սուրենավանցիներին դադարեցնել բողոքի ակցիան` խոստանալով առաջիկա օրերին իսկապես ազատ արձակել նախկին գյուղապետին:



Գյուղապետի նկատմամբ առաջին քրեական գործը` Հայաստանի քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի` «Պաշտոնական անփութություն» հատկանիշներով,  հարուցվել էր դեռեւս 2011-ի դեկտեմբերի 28-ին:



Այժմ նրա նկատմամբ ավելացել է եւս մեկ մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով` «Առանձնապես խոշոր չափերի յուրացումը կամ վատնելը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով»:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ