Հ1-ի մի շատ կարեւոր դիտարկման շուրջ

Հ1-ի մի շատ կարեւոր դիտարկման շուրջ
ՏԻՄ ընտրությունների առաջին ալիքը, ինչպես ասում են, անցավ: Սպասվում է երկրորդը, որը, սակայն, ոչ ներքին, ոչ էլ արտաքին որեւէ նշանով առաջինից տարբերվելու միտումներ ցույց չի տալիս: Եվ «Լրաբերի» «Տեսանկյուն» հավելվածի մեկնաբանը որոշել էր այս անգամ անդրադառնալ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող այս իրադարձությանը: Լսում-լսում եմ, ու, այ քեզ բան, նա սկսում է ընդդիմությանը քննադատել այն բանի համար, որ ՏԻՄ ընտրությունները մեզանում վերածվեցին ամեն ինչի ու չնմանվեցին ընտրության: Մի խոսքով՝ դարձան աննախադեպ: Յա՛ա՛ա՛…



Պարզվում է, որ ընտրությունները կարող են աննախադեպ լինել երկու պատճառով. մեկը, երբ իշխանությունն է այդպես կամենում, իսկ մյուսը, երբ ընդդիմությունն է նպաստում, որ դրանք լինեն աննախադեպ: Ահա այսպես:



Հիշում եմ՝ դեռ ողորմածիկ պապս էր Գալուստ Սահակյանին հորդորում՝ այ Գալուստ ջան, այդպես չի կարելի, գեղեցիկ չէ, երբ ամեն ընտրություններից առաջ հայտարարում եք, որ հաղթել եք, որ շատ ուժեղ եք, որ ձեր դեմ խաղ չկա եւ այլն: Սիրուն չի, ասում էր, պետական լծակների գործադրմամբ ժողովրդի իսկական ձայնը լռեցնելն ու կեղծ թվեր ապահովելը: Լսողն ո՞վ էր: Հատկապես Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն դրել ու մի հանգի հաղթում է բոլոր ընտրություններում՝ նախագահականից սկսած, Ազգային ժողովով ու ՏԻՄ ընտրություններով վերջացրած: Ո՞վ կարող է սրա դեմն առնել, երբ ՀՀ նախագահից սկսած՝ ԱԺ նախագահով ու մարզպետներով վերջացրած, ՀՀԿ շտաբի պետ են դառնում՝ բառիս իսկական ու փոխաբերական իմաստով:



Ոչ, ասում է «Տեսանկյան» մեկնաբանը, այս անգամ հենց ընդդիմությունն է մեղավոր, որ ՏԻՄ ընտրություններն այսքան աննախադեպ եղան: Երբ տեղը գալիս է գործ անելուն, իրենք չկան, ու խեղճ ՀՀԿ-ն միայնակ է տանում լուծը, ասում էր նա ու «ախ քաշում» այն անհարմար պատկերի համար, որ ստեղծվեց ՀՀԿ-ի հերթական հաղթահանդեսից հետո: Էլ սարուչոլ չի մնացել, որ ՀՀԿ-ական ղեկավար չունենա՝ ահա այսպես:



Սրա պատճառներն իհարկե շատ ավելի խորքային են, քան կարող է պատկերացնել Հ1-ի մեկնաբանը: Նա ավելի շատ հակված է չնկատելու դրանք եւ իր խոսքում հիշատակում է այն մակերեսային պատճառները, որոնք ավելի շատ ընդգծում են ընդդիմության թույլ կողմերը՝ մարդուժի պակաս, տեղական կառույցների բացակայություն կամ չկայացածություն, ֆինանսական միջոցների սղություն: Որոշ ընդդիմադիր ուժեր, այո, գուցեեւ նեղվում էին այդ ամենից, բայց չես կարող, օրինակ, ՀՅԴ-ին մեղադրել տեղերում մարդուժ, կառույց կամ գոնե ՏԻՄ ընտրության համար փող չունենալու մեջ:



Իր խոսքի մեջ հարգելի մեկնաբանը, ոչ ավել ոչ պակաս, մեկ էլ հիշում է Հրազդանի քաղաքապետի ընտրությունը՝ տեսա՞ք ինչ պայքար էր: Տեսանք, իհարկե, տեսանք, թե ինչպես էր միամիտ կինն ընտրատեղամասում բողոքում, որ հարեւանին փող են տվել, իսկ իրեն՝ ոչ: Այդ կինը եկել էր արդարություն պահանջելու: Այ, այդ փողն է, որ չունի կամ չի ցանկանում տալ ընդդիմությունը եւ ոչ թե փող չունի մի քանի բուկլետ տպելու համար: Սա է, որ չի հասկանում կամ փորձում է չհասկանալ Հ1-ի մեկնաբանը: Մի ուրիշ գյուղում, որտեղ ՀՀԿ-ական թեկնածուն է հաղթել, մարդիկ պահանջում են չեղյալ համարել ընտրությունը, որովհետեւ ընտրել են ոչ թե իրենք, այլ իրենց գյուղում գրանցված ախալքալաքցիները, ովքեր այդ գյուղում երեւում են միայն առիթից առիթ: Սրա՞ դեմ ինչ դեղամիջոց կառաջարկեք ընդդիմությանը, հարգելի մեկնաբան: Իսկ Կապա՞նը: Լա՞վն էր այդ ընտրությունը: Մարդիկ, փոխանակ մտածելու ընտրապայքարի մասին, Լիսկայի ահից իրենց շրջապատի մարդկանց առողջության մասին էին մտածում: Մի մարզպետ էլ Շիրակում դեսանտ իջեցված Գիզիրյանը չի՞: Մարդն իրեն համարում է այդ մարզում եւ Գյումրիում ՀՀԿ հաղթանակների երաշխավորը: Լսվա՞ծ բան է, հարգելի Հ1-ի մեկնաբան:



Ընդդիմության պարագայում, այո, ամենահեշտը մի հոնքը մեր մեկնաբանի հանգույն վերեւ քշտելն ու իշխանությանն այսպիսի կիլդիմ ստեղծելու մեջ մեղադրելը կլիներ: Բայց դարձյալ ընդդիմությունն է բարձրաձայնում ու խոսում այն մասին, որ իշխանությունը երկիրը վերածել է աննպատակ դեսուդեն գլորվող գնդակի, ու ժամանակն է դրա դեմն առնելու: Որ փոխանակ մասսայից ժողովուրդ ու հասարակություն կերտելու՝ ՀՀԿ-ն, իր մյուս թաշախուստների օգնությամբ, խալխ է կերտում՝ հաղթելով, հաղթելով ու հաղթելով:



Ես, օրինակ, ՏԻՄ ընտրությունների երկրորդ ալիքի կապակցությամբ, երբ դա էլ արդեն անցած կլինի, մի շատ գեղեցիկ թեմա կներկայացնեի «Տեսանկյան» մեջ: Այ, այսպիսի հարց կտայի իշխանություններին՝ կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է ժողովուրդը ձեզ այնքան սիրում, որ ընդդիմությունն ուղղակի խուսափում է ձեզ հետ պայքարից: Այ թե ասելիք կդառնար իմ  «Տեսանկյունը»:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ