Անարժեհամակարգ երկիր

Անարժեհամակարգ երկիր
Ռուբեն Հայրապետյանը դուրս է գալիս դռնից, իսկ մենք նրան ներս ենք բերում պատուհանից: «Նուվել դևԱրմենի» հանդեսի երեւի դեռ ոչ մի հրապարակում այնպիսի բուռն քննարկում չի առաջացրել, ինչպիսին ունեցավ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը: Ինչո՞վ բացատրել սա: Երեւի նրան շատ սիրելուց է: Նա ամեն ջանք թափում է մեզնից հեռանալու համար, իսկ մենք, ահա, կառչել, չենք թողնում: Իսկ գուցե չե՞նք կարողանում ներել նրան: Շա՞տ ենք չարացած: Վույ մե՛ե՛, ինչպիսի չարացած ազգ:



Եկեք հանրաքվե անենք՝ «Արժանի՞ է, արդյոք, Ռուբեն Հայրապետյանը համաժողովրդական դատաստանի» հարցադրմամբ, «այո՞և, թե՞ «ոչ»: Վստահեցնում եմ՝ կունենանք մեր նախնական պատկերացումներին լրիվ հակառակ պատկեր, այնպիսի մի բան, որ արդեն տրադիցիոն ձեւով ունենում ենք ամեն ընտրությունից հետո:



Հայաստանում արժեհամակարգ չկա: Փուչ բառ է դա: Մեզ մոտ ամեն ինչ արվում է «ինչպես պատահի», «ով ինչպես ցանկանա», «ով որքան կարողանա», «ով ում ուզի» սկզբունքներով: Բուռնաշը հանկարծ հիշում է Վարդանիկի թերի կողմերը: Բա խնդալու չի՞: Մարզպետ մարդն իր եղբոր բերանով (փորձեք հասկանալ, թե այդ ինչ նոր կատեգորիա է՝ մարզպետի եղբայր) «չափարի տակի դդում» է անվանում ԱԺ պատգամավորին եւ մի բան էլ պարծենում, թե ինքն է նրան պատգամավոր դարձրել: Իսկ ի՞նչ արժեհամակարգ փնտրես Գալուստ Սահակյանի եւ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունների մեջ, երբ նրանք պարծենում են ՀՀԿ-ի մշտնջենական հաղթանակներով:



Քաղաքական գործիչ են, բայց ուրախանում են դրանից՝ չհասկանալով, որ իշխանության արձանագրած «պրավալների» պարագայում դա հասարակության դեգեներատության նշան է եւ ոչ թե իրենց սիրունության: Եթե այդքան մեծ է ցանկությունը, կարող եք արժեհամակարգ որոնել ԱԺ ՀՀԿ ֆրակցիայում: Փորձի համար: Դա նույնն է, թե մսի կտոր որոնես «անգրագետ» բորշչի մեջ: Նժդեհական են հռչակվել Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը (կներեք, աղջկերք ջան), թունդ պահպանողականներ են դարձել ՍԻՄուլյանտներն ու ազգաքրիստոնեական միաբանները, մեր վաղվա օրվա համար իրենց կոտորում են օլիգարխներն ու նրանց հավասարեցված երեւույթները… Դե, գեներալական շքերթի մասին էլ չենք խոսում: Ահա այսպիսի արժեհամակարգված բորշչ: Արտգործնախարար Նալբանդյանը կասեր՝ ոչ թե բորշչ, այլ՝ շոկ:



Իսկ պակա՞ս շոկ էր, որ աչքներիս առաջ երկու ուժ՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, լրիվ նոր արժեհամակարգ ձեւավորեցին՝ Սամվել Բալասանյանին խլխլելով դարձրին Գյումրիի քաղաքապետ՝ այդ մարդու մեջ ավազահատիկների վերածելով նրա քաղաքական արժեհամակարգի վերջին փշրանքները: Կապանում տեղի ունեցածն էլ, չէ՞, ոչ մի արժեհամակարգում չի տեղավորվում: Գործող քաղաքապետը հանում է թեկնածությունը, որպեսզի մարդիկ «չարժեհամակարգի» զոհ չդառնան: Էս ո՞ր դարում ենք դեռ մենք խարխափում:



Ինձ համար, կոնկրետ, Ռուբեն Հայրապետյանի՝ վերը հիշատակված հարցազրույցում ամենահետաքրքիրը «Նեմեց» մականունի ծագումը բացահայտելուն ուղղված հարցն է ու դրա պատասխանը: Մնացածը անհետաքրքիր է, տաղտուկ: Որեւէ արժեհամակարգ չունեցող «Նեմեցը» խոսում է չարժեհամակարգից, այսինքն՝ մեր մասին, այն մասին, թե ովքեր են իշխել մեզ վրա, ինչպես ենք մենք հեզաբար հանդուրժել այդ իշխանություններին, քծնել, երկրի եղածը մեր ձեռքով լցրել նրանց գրպանը: Որեւէ մեկի համար նորությո՞ւն է, օրինակ, որ եղել են, կան ու կլինեն փողով բան գրող լրագրողներ, նորությո՞ւն է, որ մեր երկրի ղեկավարներն իրար հետ շունուկատու են, իսկ գուցե անսպասելի՞ էր Հայրապետյանի այն «բացահայտումը», որ շուկայի նեղությունից օլիգարխներն են արդեն իրար կոկորդ կրծում: Անոտուգլուխ երկիր ենք՝ չգիտեի՞նք այս մասին:



Սաֆարովն ապրած կենա ինչ-որ տեղ: Նա իր սաֆարով հալով էլի արժեհամակարգ ունի՝ վախկոտի, ստահակի, լրբի ծնունդի, մարդասպանի արժեհամակարգ: Նալբանդյանն ասում է՝ շարունակենք բանակցել: Ո՞ւմ հետ բանակցես, այ անարժեհամակարգ անգործնախարար ջան: Դու սաֆարով-ալիեւյան արժեհամակարգին պիտի արժեհամակարգ հակադրես: Ունե՞ս: Պարզվում է՝ եղածը մսխել ենք, չունենք, նորը չենք ստացել ու մնացել ենք եվրոպական արժեհամակարգի հույսին:



Հայաստանում չկա որեւէ արժեհամակարգ: Կա միայն համատարած բլեֆ՝ երկրի, պետության, իշխանության, այլընտրանքի, ընդդիմության, քաղաքական գործչի, ինտելիգենտի, գրողի, լրագրողի իմիտացիա: Այս երկրում ամեն ինչ կեղծ է՝ ընտրությունների արդյունքներից սկսած, Ռուբեն Հայրապետյանին պատժելու բուռն ցանկությունով վերջացրած: Ու փրկությունն այս դեպքում իշխանաթափությունն է: Ինչ է դա՞: Գլխի չե՞ք ընկնում: Դա այն է, երբ իշխանությունների հետ հեռանում են բոլոր բլեֆչիները: Ընդ որում, կապ չունի՝ իրե՞նց կամքով, թե՞ ուրիշի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ