Լեռնապատը, «Քարաբերդ» ՍՊԸ-ն եւ ՏԻՄ ընտրությունները

Լեռնապատը, «Քարաբերդ» ՍՊԸ-ն եւ ՏԻՄ ընտրությունները
Լոռու մարզի Լեռնապատ գյուղն ունի շուրջ 3 հազար բնակիչ, 650-ից ավելի տնտեսություն, մեկ դպրոց՝  300 աշակերտով, մեկ մանկապարտեզ, ամբուլատորիա եւ մի լքված բազիլիկ եկեղեցի: Գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունը եւ մեղվաբուծությունն են, տնամերձ հողամասերում ցանում են լոբի, կարտոֆիլ, կաղամբ՝ այն էլ միայն սեփական սպառման համար: Իսկ արտագաղթի հետեւանքով Մոսկվայում եւ Կուրսկում լեռնապատցիների համայնքներ են ձեւավորվել, որտեղից էլ պարբերաբար դրամական օգնություն են ուղարկում գյուղում մնացած իրենց հարազատներին, ինչի շնորհիվ էլ շատ ընտանիքներ կարողանում են ապրել:



 



Գյուղամիջում կանգնած երիտասարդները՝ դպրոցը նոր ավարտած կամ արդեն բանակից վերադարձած, շրջակա սարերին են նայում: «Ո՞նց եք»,- հարցնում եմ: «Ըսենց, ոնց տենում ես, պարապություն»: Ոչ աշխատատեղ կա, ոչ էլ անելիք, գնալու տեղ էլ չունեն, իսկապես լեռներով պատված գյուղ, մի տեսակ աշխարհից ու քաղաքակրթությունից դուրս մնացած՝ իր ավանդական նիստուկացով, մաքուր եզերքով: «Լեռնապատում նույն խնդիրն է, ինչ ամբողջ Հայաստանում, աշխատատեղ չկա, արտագնա աշխատանքի հոսքը մեծ է: Հացահատիկ չի լինում, հողերը սնանկացել են, պարարտանյութ չեն տալիս, եղածն էլ թանկ է: Եթե սովխոզի ժամանակ հեկտարից մինչեւ 55-60 ցենտներ հացահատիկ էինք ստանում, այս տարի հազիվ ցանած սերմն ենք ստացել: Չեն ցանում, վարելահողերը խոտհարք են դարձրել: Խոտը հնձող էլ չկա, աշխատող ուժ չկա, գնացել են դուրս՝ աշխատելու: 100-150 մետր փողոցով գնում ես, տները կան, բայց մարդիկ գնացել են»,- ասում է Լեռնապատի բնակիչ, նախկին կոլտնտեսության վերջին նախագահ Սուրջենց Զարգարյանը:



Երիտասարդները ոչ միայն դպրոցն են ավարտում, այլեւ տարբեր բուհեր, վերադառնում են գյուղ՝ որպես անելիք չունեցող դիպլոմավորներ եւ կամ պետք է խոտ հնձեն, անասուն արածեցնեն, կամ էլ իրենց ապագան դրսի աշխարհներում փնտրեն: «Իսկ Լեռնապատը ժամանակին իր պտղաբուծությամբ ու անասնապահությամբ հանրապետությունում հռչակված սովխոզ է եղել: Նախ բերք չի լինում, քանի որ ոչ միայն հողն է անհրաժեշտ պարարտացնել, այլեւ պայքարել վնասատուների, հիվանդությունների դեմ: Իսկ եթե լինում էլ է, բերքը չի իրացվում. ինչպես Արարատյան դաշտում էր դեղձը մնացել, այնպես էլ մեր բերքն է մնում: Վերավաճառողն ավելի շատ է օգտվում, քան բերք աճեցնողը: Մարդը երկու տարի անասուն է պահում, մորթում է, տալիս վերավաճառողին, որն էլ ավելի շահույթ է ստանում մեկ օրում: Գյուղացին այնքան է ցանում, որքան իր կարիքների համար է անհրաժեշտ, ավելին նախ չի իրացվում, իրացվելու դեպքում էլ ծախսը չի հանում: Գյուղի մի մասն ապրում է անասնապահությամբ, իսկ հիմնական մասը՝ դրսից եկող օգնությամբ»,- շարունակում է խորհրդային Լեռնապատի վերջին նախագահը:



Զարգարյանն ապրում է որդու՝ Արտակի հետ, որն արդեն մեկ տարի գործազուրկ է, իսկ մինչ այդ աշխատում էր գյուղապետարանում, նրա եղբայրները նույնպես դրսում են եւ պարբերաբար դրամական օգնություն են ուղարկում, որի շնորհիվ էլ հայր ու որդի կարողանում են գոյատեւել: Այդ ամենով հանդերձ, Լեռնապատը նաեւ աղետի գոտի է համարվում, երկրաշարժից Լոռու մարզի ամենից շատ տուժած համայնքներից է: Զարգարյանները նույնպես երկրաշարժի հետեւանքով տունը կորցրած ընտանիքներից են եւ բնակվում են ժամանակավոր կացարանում: «25 տարի է՝ մեր ձեռքով կառուցված ինքնաշեն փայտե այս տան մեջ ենք ապրում, էլ դրա ժամանակավորը ո՞րն է, արդեն քառորդ դար է անցել»,- ասում է Արտակը:



Լեռնապատի արդեն նախկին գյուղապետ (սեպտեմբերի 9-ի ընտրություններում նա պարտություն կրեց) Վանո Եղիազարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է 90 բնակարան կառուցել երկրաշարժից տուժած ընտանիքների համար, որ 20 բնակարան արդեն կառուցվում է, 25 բնակարան էլ շուտով կսկսեն կառուցել, իսկ մյուս 45-ը կսկսեն մինչեւ տարեվերջ: Համայնքն աղքատ չէ, սական հարուստ էլ չէ, ապրում են՝ իրենց սննդի հիմնական մասը սեփական ձեռքերով ստեղծելով, իսկ տարվա վեց ամիսն այստեղ ձմեռ է լինում: Թեպետ նոր դպրոցի եւ նոր գյուղապետարանի շենքեր են կառուցվել, սակայն մանկապարտեզը գործում է տնակային պայմաններում: Գյուղը բարեկարգ չէ, ոչ միայն փայտե ժամանակավոր կացարաններ են, այլեւ ճանապարհներն են վատ վիճակում: Տաքսու վարորդը գյուղ մտնելիս նույնպես դժգոհեց՝ ասելով, թե Վանաձորում այսպիսի մի 3-4 գյուղ կա, որտեղ կենտրոնական ճանապարհն ասֆալտապատ չէ, դրանցից մեկը Լեռնապատն է:



Իսկ սեպտեմբերի 9-ին Լեռնապատ համայնքում կայացան հերթական ՏԻՄ ընտրությունները. գործող գյուղապետ, բանասիրական գիտությունների դոկտոր (ի դեպ, գյուղապետերի մեջ միակ դոկտորը), 41-ամյա Վանո Եղիազարյանը, որի մասին Լեռնապատի ընդդիմությունն ասում էր՝ գյուղացիներին դատի տվող գյուղապետ, 10 ձայնի տարբերությամբ զիջեց 55-ամյա Սարիբեկ Աբազյանին, որը գյուղի ընդդիմության ներկայացուցիչն էր: Իսկ Լեռնապատում կա ձեւավորված ընդդիմություն, որը փոփոխություն էր ուզում գյուղում. հոգնել էին արդեն 12 տարի նույն մարդուն գյուղապետի պաշտոնում տեսնելուց:



Լեռնապատը նաեւ հայտնի է իր քարհանքով՝ «Քարաբերդ» ՍՊԸ, որտեղ բազալտից խիճ են ստանում եւ քարեր կտրում: Քարհանքը, ինչպես նախկին գյուղապետն էր տեղեկացնում, գտնվում է բնակավայրից ընդամենը 70 մետր հեռավորության վրա, եւ լեռնապատցիները ստիպված են շնչել բազալտի փոշին, որ հանքից բարձրանում ու նստում է գյուղի վրա: Քարհանքի տարածքում էկոլոգիական անվտանգության որեւէ միջոց չկա,- պատմում է նախկին գյուղապետը, ով իր պարտությունն էլ կապում է այս խնդրի հետ: «Քարհանքի սեփականատերն Արտաշես Թումանյանն է, իսկ դրա կողքի արոտը, որ ուզում են քարհանքի վերածել, որին ես դեմ եմ, դա էլ վարձակալել է նրա նախկին գործընկեր Սամվել Հարությունյանը: Երկու տարի է՝ կռիվ է գնում, մարդկանց բիզնես-շահերը բախվել են համայնքի շահերին»: «Հիմա երկուսն էլ իմ դեմ են, որովհետեւ երկուսի շահն էլ համայնքի շահի դեմ է: Լեռնապատի առեղծվածն այդ երկու բիզնեսմենների կռվի մեջ է, ես խանգարում եմ նրանց, եւ ուզում են ինձանից ազատվել»,- սեպտեմբերի 9-ի ընտրություններից մի երկու օր առաջ ասում էր Վանո Եղիազարյանը:



Իսկ Սարիբեկ Աբազյանն այլ կարծիքի է. «Ես չէի ասի, որ քարհանքը մեր գյուղին վնաս է, ընդհակառակը՝  օգտակար է, գոնե 20-30 հոգի աշխատում է: Իսկ եթե նպատակ ենք դրել գրունտային հարթ ճանապարհներ սարքենք գյուղում, իհարկե, հանքն էլ իր մասնաբաժինը պետք է ունենա»: Բացի այդ, ասում են, որ նախկին գյուղապետը քարհանքում իր փայաբաժինն է ցանկացել ունենալ՝  չի հաջողվել, ու դարձել է հանքի երդվյալ թշնամին:



 Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ