Ավելի լավ է Մադոննայի պես բացել հետույքը, քան փակ հետույքախաղեր տալ

Ավելի լավ է Մադոննայի պես բացել հետույքը, քան փակ հետույքախաղեր տալ
Երգիչ-երգչուհիների մասին մամուլն անդրադառնում է շատ հաճախ ոչ թե կատարողական, այլ ամենաաննշան  առումներով: Ասենք՝ Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի մտահոգությունը՝ մեկ կիլոգրամ գիրացել է երգչուհին եւ ուզում է նիհարել: Ի՞նչ դիետա օգտագործել: Սա արդեն արվեստի բարձրագույն կետն է, որին կարող են անդրադառնալ համապատասխան մասնագետները: Ինձ բոլորովին այլ բան է հուզում:



Այսօրվա երգիչ-երգչուհիների քաղաքական անհամարձակ (մեղմ ասած) կեցվածքը: Խոսքս իշխանամետ երգիչ-երգչուհիների մասին է: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ կարծես նրանք հրաժարվում են իրենց տեսնել քաղաքականության մեջ, իրենցը երգն է, ու նրանք դա սիրով կատարում են: Նրանցից շատերը նույնիսկ դրա շուրջ արտահայտվում են. «Մենք երգիչ ենք, ու մեզ չի հետաքրքրում, թե նախընտրական շրջանում որ ուժի համար ենք երգում. ով մեզ վճարում է, այդ ուժի համար էլ երգում ենք»: Ասելը՝ ասում են, բայց ասածին հավատացող է պետք, մարդիկ թերահավատությամբ ժպտում են շատերին, որովհետեւ գիտեն, թե ով ով է: Ինձ մի բան է հուզում՝ ինչո՞ւ են երգիչները քողարկվում: Մի՞թե նրանք քաղաքական համարձակություն չունեն ասելու, որ սատարում են այսինչ ուժին: Մեր երգիչներից որեւէ մեկից չեմ լսել, որ ասի՝ սիրում եմ իմ երկիրը, իմ նախագահին, որովհետեւ… Արժանիքները նշելուց հետո կոչ անի՝ նրան ընտրեք:



Չեմ հասկանում՝ նախագա՞հն արժանի չի, թե՞ վախենում են հետագա իշխանափոխության ընթացքում քաղցած մնան… Մամուլում շրջանառվում է փոփ թագուհի Մադոննայի համարձակ քաղաքական կեցվածքը: Երգչուհին իր աջակցությունն է հայտնում նախագահ Բարաք Օբամային, ով առաջադրվում է նախագահական ընտրությունների երկրորդ ժամկետում: Երգչուհին այնպես է արտահայտվում, որ ոչ մի ամերիկացի չի մտածի, որ նա իր «փորի համար է» տառապում: AOL Music բլոգը հայտնում է, որ Նյու Յորքում կայացած համերգի ընդմիջումների ժամանակ Մադոննան 40 հազարանոց իր լսարանի առաջ անկեղծացել է՝ ասելով. «Ինքն արդեն չորս ամիս շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում եւ հասցրել է հրաշալի ու սարսափելի շատ բաներ տեսնել»:



Երգչուհին հաղորդել է, որ տեսածն իրեն ստիպել է գիտակցել, թե որքան երջանիկ է ինքը, որ ապրում է ԱՄՆ-ում, չնայած այդ երկիրն էլ կատարյալ չէ: Նա իր հիացմունքն է հայտնել նախագահի կնոջ` Միշել Օբամայի հանդեպ:



Մադոննան հայտարարել է. «Այսօր ես ցույց չեմ տալու իմ հետույքը, ցույց եմ տալու իմ զգացմունքները», եւ հանել է վերնաշապիկը: Երգչուհու մեջքին գրված է եղել` Օբամա: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել Մադոննայի քաղաքական հայտարարությունը: Իսկ մեր իշխանամետ երգիչներն ի՞նչ են ասում՝ մենք պարզապես երգում ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում: Մի՞թե երկիր սիրելը եւ այդ երկրի նախագահին սատարելը քաղաքականություն է… Կամ թող քաղաքականություն լինի: Ձվածեղի խաթեր թավայի պոչն են պաչում, ինչո՞ւ դա չեն անում: Ինչո՞ւ չեն խոստովանում, որ սատարում են նախագահին, ինչի՞ց են ամաչում…                                                                                                                                                   Եթե Մադոննան իմանա, հավանաբար կնեղանա, որ իրեն համեմատել եմ այսօրվա հայ աստղերի հետ, բայց ես ձայնային տվյալները չեմ համեմատում, այլ սովորական մարդու շիտակ կեցվածքը, անկեղծությունը: Ինչ էլ որ ասվի, միեւնույն է. ավելի լավ է Մադոննայի պես բացել հետույքը, քան փակ հետույքախաղեր տալ…



 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ