Զգացողություններ լրագրության մասին

Զգացողություններ լրագրության մասին
«Դեռ փոքրուց ես գիտեի, որ թերթերը կարող են ստել, բայց միայն Իսպանիայում ականատես եղա, որ դրանք կարող են իսպառ խեղաթյուրել իրականությունը: Ես անձամբ մասնակցել եմ «մարտի», որի ընթացքում ոչ մի կրակոց չի արձակվել, բայց որի մասին գրել են որպես հերոսական, արյունահեղությամբ աչքի ընկած մի կռվի: Եվ ես եղել եմ իսկական կռիվներում, որոնց մասին մամուլը բացարձակ ոչ մի խոսք չի ասել` ասես նման բան տեղի չի ունեցել:



Ես տեսել եմ խիզախ զինվորներ, որոնք թերթերում ներկայացվել են որպես վախկոտներ եւ դավաճաններ: Եվ տեսել եմ վախկոտներ ու դավաճաններ, որոնց մասին հերոսական երգեր են երգվել: Ես տեսա, թե թերթերն ինչպես են այդ ստի վրա կառուցում աշխարհայացք ձեւավորող համակարգեր»: Սրանք իսպանական քաղաքացիական պատերազմին մասնակցած  Էրիկ Արթուր Բլերի տողերն են, բայց աշխարհը նրան ճանաչում է որպես Ջորջ Օրվել, 20-րդ դարի երկու ամենահայտի վեպերի՝ «Անասնաֆերմայի» եւ «1984»-ի հեղինակ: Մի քանի տարի, որպես բրիտանական ոստիկանության սպա, Օրվելը ծառայում է գաղութացված Բիրմայում:



Նրա «Փղի սպանությունը» ակնարկը պատմում է այդ տարիներին անցկացրած կյանքի մի դրվագ, որ գնալով բացահայտում է իմպերիալիզմի սարսափն ու հակազդեցությունը: «Արդեն այն ժամանակ ես եկել էի եզրակացության, որ իմպերիալիզմը չարիք է, եւ ինչքան շուտափույթ հրաժարվեմ իմ ծառայությունից ու հեռանամ` ճշմարտացի կլինեմ»: Ամեն քայլափոխի հանդիսանալով Մեծ Բրիտանիայի ոստիկան, իր նկատմամբ զգալով ատելություն ու զզվանք՝ Օրվելն ամբոխի ճնշմամբ ստիպված է լինում սպանել կատաղած փղին` լոկ բիրմացիների ծաղրին չարժանանալու համար: Վերադառնալով Լոնդոն, ապա մեկնելով Փարիզ, ուր ձգտում էին սկսնակ գրողներն ու նկարիչները, նա գրում է վեպեր եւ էսսեներ ու լրջորեն զբաղվում լրագրությամբ` ընդունելով առաջին հոնորարները:



Օրվելի քաղաքական հոդվածներն ու նոր լույս տեսած գրքերի գրախոսությունները կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում են ձեռք բերում: Նա առաջիններից էր, ով ողջունեց եւ բարձր գնահատեց ամերիկացի արձակագիր Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը» սկանդալային վեպը, որ շատերի կողմից քննադատվում էր իբրեւ բացահայտ պոռնոգրաֆիա: Բիրմայում եւ Իսպանիայում տեղի ունեցած իրադարձությունները պատմող նրա հռչակավոր էսսեները, ինչպես նաեւ «Անտիսեմիտիզմը Մեծ Բրիտանիայում» հայտի էսսեն, արձակագիր Վուդհաուզի պաշտպանությունը (նրան մեղադրում էին նացիստների հետ համագործակցելու մեջ) շրջանառում են Օրվելի անունը, վերածում թեժ քննարկումների:



«The Tribune» թերթում երկար տարիներ նա վարում էր «Խնդրեմ» անվանումով սյունակը, որ ժանրի եւ լեզվի իրացման պարագծում համարվում է մեծագույն ձեռքբերում: Կարճ տարածության մեջ նա անդրադառնում էր բոլոր այն թեմաներին, որոնք հետաքրքրություն էին առաջացնում` սոցիալ-քաղաքական հիմնահարցեր, գրականություն, բնաշխարհ, հիշողություններ, ինչպես նաեւ հանրամատչելի թեմաներ, օրինակ՝ նրա անհատական դիտարկումները թեյի ու ծխախոտի վերաբերյալ (Օրվելը թեյի եւ ծխախոտի հանդեպ պաշտամունք ուներ եւ տարիներ շարունակ փորձի եւ տեսության ունիկալ պաշար էր հավաքել, որոնց մասին կիսվում էր թերթի իր հայտնի սյունակում): «Լուսինը ջրի տակ» հոդվածում նա գրում է այն կատարյալ գարեջրատան մասին, որ ապագայում կուզենար տեսնել: Տոտալիտարիզմի դեմ պայքարը, խիստ քննադատությունը, գրականությանը վերաբերող մտահոգություններն ու մտքերը… բոլորը պարզվում էին լրագրության միջոցով: