Գել զարկող շան գլուխը գելի փորն է

Գել զարկող շան գլուխը գելի փորն է
Հանրապետականը Գյումրիում վթարի ենթարկվեց դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից եւ մինչ օրս գտնվում է կոմայի մեջ. վիճակը գնահատվում է անկայուն ծանր:



Արմատական գաղափարակիրները շարքից հանվեցին` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան... Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան զույգը երբեւէ այդ գաղափարների կրողը չի եղել, նրանք լավագույնս օգտագործել են կուսակցության կաղապարը, եւ կուսակցությունը ոչ միայն օրգանական զարգացում չապրեց, այլեւ խորացրեց խզվածությունը ժողովրդի հետ:



Եթե մայրաքաղաքում որդեգրված է հանրահավաքային պայքարը, ապա Գյումրին իր խոսքը հստակ ասում է ընտրությունների ժամանակ.  Ռոբերտ Քոչարյանը  խայտառակ պարտություն կրեց Կարեն Դեմիրճյանից,  Սերժ Սարգսյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանից:  Հանրապետականի վերջին  կաթվածը գրանցվեց 2012 թվականի մայիսի 6-ին:



ՏԻՄ ընտրությունների պատրվակով Ս. Սարգսյանը  Հանրապետականին կցեց ԲՀԿ-ին, որի արդյունքում Գյումրիում ֆավորիտ հռչակվեց Սամվել Բալասանյանը, մարդ, ով, հաջողակ լինելով բիզնեսում, կուսակցությունների հարցում այնքան էլ բախտավոր չէ. «Օրինաց երկիրը» մինչ օրս Շիրակի մարզում սնվում է վերջինիս ներուժով: ԲՀԿ-ում կարճատեւ, բայց արդյունավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդեց կուսակցության դիրքերը Շիրակում: Սերժ Սարգսյանը, ով բոլորովին կորցրել է հենարանն այս տարածաշրջանում, հայտարարեց. «ԲՀԿ-ն մեզ ոչ թշնամի է, ոչ էլ հակառակորդ», եւ կուսակցության վերակենդանացման ծանր գործն աննկատ դրեց Սամվել Բալասանյանի ուսերին: Վերջինիս կողմից այդ առաջարկն ընդունելը անձնազոհության նման մի բան էր:  Իրականում շահեկան կլիներ վերջինիս համար լինել ոչ թե ՀՀԿ- ԲՀԿ միասնական թեկնածու, այլ հանդես գալ ԲՀԿ-ի էգիդայի տակ: Սամվել Բալասանյանի համար դժվար է լինելու աշխատել եռաթեւ «համակիրների» միջավայրում, ուր գործող քաղաքապետի գործոնը երրորդ պլան է մղվում:



Քաղաքապետի ընտրություններով պայմանավորված՝ գերագույն իշխանությունների կողմից գործի էր դրվել «թյուրքական դիվանագիտությունը», Գյումրիում հրահրվում էին բախումներ, որոնք իրականում չկային, Գյումրին վարկաբեկվում էր որպես կրիմինոգեն տարածք, որը սուտ է: Տաքարյուն եւ նվիրվելու սովոր մի քանի քաղաքաբնակներ, իսկ մնացածը` շրջակա գյուղերից վերաբնակվածներ, բաժանվեցին տարբեր բանակների. ընտրված էր քաղաքը վերջնականապես ջլատելու քաղաքականություն` որպես պատիժ հանրապետական դիրքորոշում չունենալու: Գործող քաղաքապետին վարկաբեկող անիվը պտտվում ու պտտվում էր, խմորումները հարազատների եւ բարեկամների միջեւ խորանում էին...



Գյումրին միստիկ քաղաք է, պարոնայք. ի ցավ մեզ եւ ի ուրախություն խառնակիչների՝ ուրացողների թվացյալ  բանակը շատանում էր, բայց դա՝ առերեւույթ: Հանրապետականը մեկ անգամ էլ ետցնցում ապրեց: Սեպտեմբերի 9-ի ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշն ամենից առաջ պայմանավորված էր ՀՀԿ առաջնորդի հանձնարարական հրամանով: Թվում է, թե Գյումրին հրահանգ  կատարող է, բայց՝ ոչ. Գյումրին չի սիրում պարտադրանք: Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան տանդեմն ավելի մերկացրեց այն ճշմարտությունը, ինչն ակնհայտ էր. Սերժ Սարգսյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը ֆիասկո ապրեցին:



Իմ քաղաքի ժողովուրդն այնքան խոհեմ է եւ այնքան իմաստուն, որ Երեւանի համար հակադրությունների թատերաբեմ չի դառնա: Համոզված եմ, որ թե գործող, թե ընտրված քաղաքապետերը ի հաշիվ ժողովրդի տուրք չեն տա քաղաքական-կուսակցական շահերին, որոնք իրենցը չեն:



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ



Գյումրի