Ինչո՞ւ եկար Ամերիկա

Ինչո՞ւ եկար Ամերիկա
Վարդգես Դավթյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի շարք ուշագրավ հատվածներ է տեղադրել իր հեղինակած գրքերից:



Օրինակ, «Վիշապին հաղթողը» գրքից «Հոգեբանական հոգնա» վերնագրված հատվածը. «Տատս, ում ես համարում եմ հոգեբուժության իմ առաջին ուսուցիչը, ահա թե ինչ խորհուրդ էր տալիս: (1) Ժամանակ առ ժամանակ (ասենք թե երկու շաբաթը մեկ) դուրս եկեք բնության մեջ, ընտրեք հեռու, մեկուսի վայր (ինքն ասում էր - օ`րանա (ամայի) տեղ) եւ ամբողջ ուժով գոռացեք, աղաղակեք, հայհոյեք, անիծեք, ողբացեք, ոռնացեք ..., ինչքան որ ձեր ձայնը եւ ֆանտազիան թույլ կտան: Ձեր միջից դուրս բերեք շաբաթվա ընթացքում կուտակված մաղձը, չարությունը, վիրավորանքը: Հետո, երեսներդ ցողեք սառը ջրով (ինքն ասում էր - աղբյուրի ջրով) ու վերադարձեք տուն: (2) Առիթներ գտեք մասնակցելու որեւէ հանգուցյալի (ծանոթ թե անծանոթ - նշանակություն չունի) տեսակցությանը, ապա տուն գալուց հետո փորձեք որեւէ ծիծաղաշարժ կամ զավեշտալի դրվագ կամ դեպք հիշել այդ տեսակցությունից: Օրինակ, ներկաների ողբալու ձեւը, մեռելատերերի հագուկապը, պահվածքը. գտեք այդ ամենի մեջ կոմիկական ինչ-որ բան եւ ծիծաղեք: Ծիծաղեք լիաթոք, անհոգ ու անկեղծ հոգով: Մի որոշ ժամանակ անց դուք այլեւս չեք վախենա ոչ մահից, ոչ էլ դեպրեսիայից: Իմ տատը մի ուրիշ երեւույթ էր…»:



Մի հատված էլ «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը» գրքից. «Ինչո՞ւ եկար Ամերիկա... Այս հարցով հաճախ են այստեղ իրար դիմում . դիմում են ավելի շուտ ոչ թե դիմացինի, այլ սեփական «ինչու»-ի պատասխանն իմանալու: «Բարեկեցիկ կյանք», «մարդու իրավունքներ», «սոցիալական արդարություն», «զավակների ապագա»... սրանք սկսնակ նորագաղթների շրջանում տարածված փաստարկներն են, ինքնարդարացման բանաձեւերը: Սակայն, արդեն ամերիկաբնակ դառնալուց հետո, տարիներ անց միայն նոր ես հասկանում, որ պատճառը բոլորովին այլ է, իր որոշյալ-անորոշությամբ ավելի խորը, անըմբռնելի... Բանական արարածն ընդմիշտ հեռանում է իր ծննդավայրից կամ հայրենիքից միայն այն դեպքում, երբ նրա կյանքի հեքիաթն անվերադարձ ավերված է լինում: Մարդուց խլիր ամեն ինչ - կդիմանա, խլիր նրա հեքիաթը - կխելագարվի»: