Ռուբո, ջանս, մտքերդ սիրուն չեն

Ռուբո, ջանս, մտքերդ սիրուն չեն
Փոխանակ Նեմեց Ռուբոյին ասելու՝ Ռուբո, ջանս, մտքերդ սիրուն չեն, դրանով իսկ նմանակելով ՀՀ նախագահի հանրահայտ «Տարոն, սիրուն չի» թեւավոր խոսքին, Գալուստ Սահակյանը թեւավոր նոր խոսք է գտել: Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նուվելլ դ՛Արմենիի ամսագրին տված սկանդալային հարցազրույցին, ասում է. «Ռուբենի մտքերը տգեղ են ներկայացվել»: Հայաստանից Ֆրանսիա հեռահար գրաքննության հիմքը այն է, որ Գալուստ Սահակյանը ճանաչում է Ռուբեն Հայրապետյանին եւ հին մանկավարժական ջիղը հուշում է, որ նա չարություն կարող էր անել, բայց ոչ այդ շրջանակում: Այսինքն չարություն անելու, խիստ խոսքեր ասելու որոշակի շրջանակ կա:



 



Հարց է ծագում՝ ինչու՞ Հայաստանը ֆրանսիայից չի պահանջում այդ լրագրողի արտահանձումը, որպեսզի մտքերի բուծիկները քանդեն, ու տարածքը սիրունացնեն: Չէ՞ որ սիրունացնելու փորձն ունեն: Բոլորս լավ գիտենք Գալուստ Սահակյանի ելքից դուրս գալու մտավոր ունակությունը: Հիշու՞մ եք, երբ նստացույցի ժամանակ փակվել էին շրջակա օբյեկտները, որպեսզի ցուցարարները չկարողանային զուգարանից օգտվել, նա հանդես եկավ «Վրան ունեին, չէին կարողանու՞մ շարժական զուգարաններ տեղադրել» վերլուծական հանճարեղ փայլատակմամբ: Իսկ երբ  տեղեկացրին, որ փակել են հրապարակին հարող սրճարանների, ինչպես նաեւ հարակից վճարովի զուգարանները, իշխող կուսակցության երկրորդ դեմքը նոր վերլուծականով պոռթկաց. «Բա ի՞նչ անենք, մե՞նք գնանք շարժական զուգարաններ բերենք»:



Ֆրանսիացի անհնազանդ լրագրողը հավանաբար տեղյակ չէ, որ Հայաստանում որպես պատժամիջոց օգտագործվում է նաեւ զուգարանից օգտվելուց զրկելը… Եվ մյուս անգամ Հայաստան գալուց, անհրաժեշտ է լինելու, որպեսզի Ֆրանսիայից իր հետ շարժական զուգարան բերի, այլապես սիրուն բան չի ստացվի… Ինքը համարձակվել է Ռուբենի մտքերը տգեղ, օրիգինալ ձեւով ներկայացնել, առանց ֆոտոշոպ անելու…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ