«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբ. Ամիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը

«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբ. Ամիջապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը
«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը քննարկումների եւ բաց քվեարկության արդյունքում 88.6% կողմ ձայնով ընդունել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի շուրջ զարգացումներին վերաբերող հայտարարություն: Հայտարարությունում ասվում է.



 



«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը խստորեն դատապարտում է Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ գործարքի արդյունքում օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու եւ նրան անմիջապես ազատ արձակելու փաստը: Հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարության կողմից հետեւողականորեն տարածվող եւ հասարակության մեջ արմատացած հայատյացության պետական քաղաքականությունը, եւ մարդասպանին արդեն իսկ հերոսի կոչման արժանացնելու հանգամանքը՝ Սաֆարովի վերադարձի դեպքում նրա ազատության մեջ հայտնվելու ելքը միանգամայն կանխատեսելի էր: Հետեւաբար Հունգարիայի ղեկավարության՝ դատապարտված մարդասպանին արտահանձնելու քայլը եղել է կանխամտածված, հանցավոր համագործակցություն հայատյաց Ադրբեջանի հետ:

Իրադարձությունների այսպիս զարգացումը կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը եւ պետական քաղաքականությունը տրամաբանորեն հակասում են Ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգային գործընթացին: Ավելին, Ադրբեջանի ռազմատենչ, հակահայ-քսենոֆոբիկ քաղաքականությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային ամենահիմնարար սկզբունքներին: Միեւնույն ժամանակ Եվրոպական Միության անդամ Հունգարիայի հանցավոր համագործակցությունը Ադրբեջանի հետ կասկածի տակ է դնում թե ԵԱՀԽ անկողմնակալությունը Ղարաբաղյան գործընթացում, եւ թե բանակցային գործընթացի արդյունավետությունը:



Արտահանձնմանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում միջազգային համայնքի արձագանքը Արբեջանի քայլերը դատապարտելուց այն կողմ չի անցել: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ձեւավորված նույնիսկ այսպիսի խիստ վտանգավոր հանգամանքներում միջազգային համայնքը պատրաստ չէ հստակ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել: Այսպիսի պայմաններում ԵԱՀԽ Մինսկի խմբի Ղարաբաղյան հակամարտության լուծման ջանքերը դատապարտված են, եւ սաֆարովյան իրադարձություններն այդ ձախողված գործընթացը բերել են իր տրամաբանական ավարտին:



Հաշվի առնելով ձեւավորված նոր, հայ ազգի եւ հայկական պետականության համար անբարենպաստ հանգամանքները՝ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝



1. Ամիջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ կասեցնել ԵԱՀԽ Մինսկի խմբի գործընթացին ՀՀ մասնակցությունը:



2. Ղարաբաղյան հակամարտության խնդիրը համարել լուծված եւ ծավալել ԼՂՀ անկախությունը միջազգային հանրության կողմից ճանաչելուն ուղղված քաղաքականություն:



3. ԼՂՀ անկախությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու գործընթացին ներգրավել սփյուռքահայ համայնքներին եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններին:



4. Միջազգային դիվանագիտական ասպարեզում նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկել ԼՂՀ-ի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ կայացնելու նպատակով, որպես նրա ամբողջական եւ անբաժանելի մաս, եւ որպես ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման միակ վերջնական տարբերակ:



«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբ